«Ես հարցերի չեմ պատասխանում, նույնիսկ մեկ հարցի». Շավարշ Քոչարյան

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ, այն էլ՝ նման իրավիճակում, առաջին անգամ է, երբ երկիրը տևական ժամանակ չունի արտգործնախարար, տեղակալներ։ Թեև իշխանության տարբեր ներկայացուցիչներ տարբեր առիթներով հայտարարում են, որ եթե արտգործնախարար չկա, ապա դա չի նշանակում, որ կառույցը փակվել է, այն աշխատում է, սակայն հասարակությունը հակառակն է տեսնում, որ արտգործնախարարությունն առհասարակ չի աշխատում։

Ասվածի վառ ապացույցն այն է, որ հուլիսի 9-ին Ադրբեջանում հավատարմագրված որոշ երկրների դեսպաններ, միջազգային մի քանի կառույցների ղեկավարներ երկօրյա այցով եղել էին Արցախում՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, նաև Շուշիում, սակայն Հայաստանի արտգործնախարարության մակարդակով դատապարտող որևէ հայտարարություն չեղավ։ Մինչդեռ, մինչև 44-օրյա պատերազմը, երբ Հայաստանում գործող որևէ միջազգային կառույցի ղեկավար կամ ներկայացուցիչ այցելում էր Արցախ, Ադրբեջանն անմիջապես նրան ներառում էր իր «սև ցուցակում» և սկսում աղմուկ բարձրացնել ու բողոքել։

Հիշեցնենք, որ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել մայիսին, որից հետո հրաժարական տվեցին նաև նրա տեղակալները, և մայիսից առ այսօր Հայաստանը չունի արտգործնախարար ու նախարարի տեղակալներ։

Ի դեպ, Արա Այվազյանը ԱԳՆ-ում հրաժեշտ տալուց առաջ ասել էր, որ շատ դժվարությամբ է նման որոշում կայացրել։

«Բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»,- ասել էր Արա Այվազյանը։

Նշենք նաև, որ ԱԱԾ տնօրենի տեղկակալն անդրադառնալով Արա Այվազյանի այս հայտարարությանը՝ նշել էր, որ պետք չէ մտահոգվել, քանի որ նրա հայտարարության մեջ որևէ մտահոգիչ բան չկա։

168.am-ն այսօր կապ հաստատեց ՀՀ նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ՝ հետաքրքրվելու, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ անկախ Հայաստանի Հանրաապետությունն արդեն երկու ամիս չունի արտգործնախարար և տեղակալներ։

«Նախապես ասեմ՝ որևէ հարցի չեմ պատասխանելու, եկեք ժամանակ չկորցնենք, ես արդեն ասացի։ Ես հարցերի չեմ պատասխանում, նույնիսկ մեկ հարցի»,- կարճ պատասխանեց Շավարշ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Շավարշ Քոչարյանը հրաժարականի դիմում ներկայացրել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին, սակայն ԱԳՆ-ից օրեր շարունակ հավաստիացնում էին, որ վերջինս շարունակում է պաշտոնավարել մինչև այն պահը, երբ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 17-ին որոշում ստորագրեց Շավարշ Քոչարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։

Իսկ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել 2020 թվականի նոյեմբերի 16-ին՝ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց հետո։

Տեսանյութեր

Լրահոս