Բաժիններ՝

Սևանա լճում պետք է ունենանք ձկան պաշար. պատերազմ, շրջափակում է լինում, և սա կարող է լինել մեր փրկությունը՝ սննդի առումով. Բարդուխ Գաբրիելյան

«Մենք մինչ օրս հստակ տեսլական չունենք, թե ի՞նչ ենք ուզում Սևանից: Ի՞նչ որակի ջուր ենք ակնկալում ստանալ և, համապատասխանաբար, ի՞նչ ջրամբար ենք ուզում ունենալ: Եթե Սևանը դիտում ենք՝ որպես խմելու ջրի ապաստարան, ապա դրա համար ուրիշ պահանջներ պետք է լինեն, իսկ եթե ուզում ենք ձկնաբանական, ոռոգման ջրի ջրամբար ունենալ, դա այլ խնդիր է, և համապատասխան գործողություններ պետք է իրականացվեն: Մեր կառավարությունը պետք է հստակ տեսլական ունենա, թե ի՞նչ ջուր պետք է լինի Սևանա լճում»,- ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

Ինչ վերաբերում է ձկնային պաշարներին, ապա Բարդուխ Գաբրիելյանի խոսքով, այն չպետք է դիտենք՝ միայն որպես սնունդ մեր բնակչության համար:

«Մեր ձկնային պաշարներն ամենակարևորը պետք է դիտենք երկու տեսանկյունից. առաջին՝ պետք է դիտենք սննդային շղթայի վերին օղակ, որը կարելի է օգտագործել՝ որպես հնարավորություն, Սևանա լճից օրգանական նյութի արտահանում: Եվ երկրորդ՝ Սևանա լճում պետք է ունենանք ձկան պաշար՝ ռազմավարական առումով: Այս գեոքաղաքական վիճակում զուրկ չենք այն պահերից, որ պատերազմ, շրջափակում է լինում, և սա կարող է լինել մեր փրկությունը՝ սննդի առումով, ինչպես նաև անհրաժեշտ է զորքի համար: Որսը կառավարելի չէ, մինչդեռ կառավարությունը պետք է որոշի, որ այսքան պաշար մշտապես պետք է լինի Սևանա լճում՝ ձկան ձևով»,- նշեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը:

Ինչ բերաբերում է Սևանի ծաղկմանը՝ Բարդուխ Գաբրիելյանն ասաց, որ մասսայական ծաղկում չկա, ինչպես եղել է նախորդ տարի, սակայն նման պրոցես կլինի:

Ջրի մաքրման կայանների հիմնադիր Մանվել Գաբրիելյանն էլ, շարունակելով գործընկերոջ խոսքը՝ հայտնեց, որ Եվրամիությունը 5.7 մլն եվրո է հատկացրել Սևանի համար:

«Վերջերս եղավ մրցույթ, մի քանի կազմակերպություն էր մասնակցում: Մի քանի տարբերակ կա, օրինակ՝ առաջարկում են կեղտաջրերի մաքրման տեխնոլոգիա, որն իրենից ներկայացնում է դաշտ, որտեղ բաց են թողնում կեղտաջրերը, այդտեղ եղեգ է աճում, ու այդ ճանապարհով իբր թե ինքնամաքրվում է: Բայց դրա համար Սևանում բավականին բարդ պայմաններ են: Մինչև մինուս 30 աստիճան ցուրտ է լինում, սառեցման շերտը մինչև 1.5 մետր կարող է հասնել, դա արդեն խնդիր կարող է առաջացնել, և երկրորդ՝ դա մասսայական տարածում չունի աշխարհում, մի քանի փորձ է արվել, իսկ Սևանն էքսպերիմենտի տեղ չէ: Այս ճանապարհը երևի թե էժան կարժենա, սակայն շատ խնդիրներ կարող են առաջանալ, և պետք է խորը ուսումնասիրել»,- մանրամասնեց Մանվել Գաբրիելյանը:

Անդրադառնալով իրենց առաջարկներին՝ Ջրի մաքրման կայանների հիմնադիրը տեղեկացրեց, որ երկու առաջարկ են արել՝ Հայաստանում կառուցել կլասիկ մաքրման կայան, որն ավելի էժան կլինի:

«Եվ մյուս լուծումը սա է: Գեղամասարում ունենք բիոգազի սարքավորման կայան՝ նպատակով, որ գյուղացիները գոմաղբը կբերեին, կհանձնեին, այնտեղ բիոգազ ստանային, ջերմատներին գազ մատակարարեին, ցանցին հոսանք տար, սակայն գյուղացիները գոմաղբը չտվեցին: Մեր հայ քիմիկոսներից Սերգեյ Հայրապետյանը ստեղծել է ֆլոկուլիանտ, որի նստեցման արագությունը շատ բարձր է. 1 վայրկյանում 1 սմ կեղտաջուր է նստում, և այս դեպքում մեծ ավազաններ պետք չեն: Լաբորատոր պայմաններում մենք նստեցրել ենք ջուրը, վերևի ջրի անալիզ ենք արել, պարզվել է, որ թույլատրելի նորմայի մեջ է, որպեսզի կարողանանք Սևան բաց թողնել: Տակը մնում է 15 տոկոսի չափ կեղտաջուր, մեկ անգամ ևս ջրազրկում ենք, թողնում ենք մոտ 70 տոկոս խոնավությամբ կիսապինդ վիճակ, տեղափոխում ենք բիոգազի սարքավորման մեջ, ստանում ենք բիոգազ: Սա գեղեցիկ, ընտիր լուծում է, որը, ընդ որում, եկամուտ է բերում»,- ընդգծեց Մանվել Գաբրիելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս