«Պատերազմ չենք ուզում, բայց ի՞նչ անենք, թողնենք թշնամին գա՝ մտնի մեր տո՞ւն, մեր երեխեքին էլ վերցնի՞». Ալվինա Աղաբաբյան
ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանի կարծիքով՝ Ադրբեջանը շարունակելու է Հայաստանի համար խնդիրներ ստեղծել, որովհետև ի դեմս ՀՀ իշխանությունների՝ իր դիմաց հակադարձող ուժ չի տեսնում:
«Այս պահին, երբ հավանականությունը շատ մեծ է, որ Նիկոլ Փաշինյանը չի վերընտրվելու և Հայաստանում չի վերարտադրվելու իրենց թուրքահպատակ իշխանությունը, թշնամին փորձելու է հնարավորինս կորզել, պոկել ՀՀ-ից: Այն փաստաթուղթը, որ մեզ այս պահին պարտադրվում է, և ՀՀ օկուպացիոն իշխանություններն էլ բավականին ինքնավստահ, լկտի ձևով ասում են, որ իրենք ստորագրելու են, և դա 100 տոկոսով բխում է Հայաստանի շահերից, փաստացի ստորագրելու են 2 կապիտուլյացիոն համաձայնագիրը թշնամու հետ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ 2 շատ մեծ վտանգ է տեսնում:
«Նախ՝ Ադրբեջանը մեզ պարտադրում է սահմանել իր սահմանները: Ալիևը այս օրերին մեկ անգամ չէ, որ ասել է՝ եթե ազատ առևտուր եք ուզում, ճանապարհների ապաշրջափակում և այլն, խնդիր չկա, բայց նախ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները՝ ներառյալ Արցախը՝ Ադրբեջանի կազմում: Եթե մենք այդ փաստաթուղթը ստորագրում ենք՝ Արցախից ամբողջովին հրաժարվում ենք, Արցախը տալիս ենք թշնամուն: Էլ որևէ կարգավիճակի, որևէ բանակցությունների մասին խոսելը դառնում է անիմաստ: Բացի այն, որ այդ փաստաթղթով մենք հրաժարվում ենք Արցախից, մենք նաև Ադրբեջանին ենք նվիրում, հանձնում ՀՀ որոշ տարածքներ. Խոսքը Տավուշի մարզում և Արարատի մարզում խորհրդային տարիներին Խորհրդային Ադրբեջանի անկլավների մասին է»,- ընդգծեց նա:
Ալվինա Աղաբաբյանի խոսքով՝ Փաշինյանի նշած 100 տոկոսով հայանպաստ փաստաթուղթը ենթադրում է, որ սահմանազատում պետք է իրականացվի 3 սկզբունքով՝ առաջին՝ ԽՍՀՄ ԳՇ քարտեզների համաձայն, երկրորդ՝ աշխարհագրական նպատակահարմարությամբ, և երրորդ՝ գետնի վրա առկա իրավիճակով. «Ադրբեջանը՝ իրեն չճանաչելով Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, որևէ կապ չունի Խորհրդային Ադրբեջանի տարածքների հետ, ավելին՝ 1918-20թթ., էլ ճանաչված սահմաններ չուներ, ասել է թե՝ ԽՍՀՄ քարտեզները կիրառել այս դեպքում՝ ոչ տրամաբանական է, ոչ էլ իրավական հիմք ունի: Բացի այդ, եթե Ադրբեջանը մեզ դեմ է տալիս 70-ականների քարտեզներ, այդ դեպքում մենք էլ նույն տրամաբանությամբ կարող ենք 1920-25 թթ. քարտեզներն օգտագործել, որտեղ Արծվաշենը անկլավ չէր, որտեղ Տավուշի և Արարատի մարզի անկլավները չկային, դրանք Խորհրդային Հայաստանի տարածք էինք: Ինչո՞ւ ենք մենք ընտրողաբար օգտագործում ԳՇ մեկ շրջանի քարտեզ և անտեսում ենք մյուսը:
Երկրորդ սկզբունքը՝ աշխարհագրական նպատակահարմարությունը. այս պարագայում Ադրբեջանը մեզանից ցանկացած տարածք կարող է պահանջել՝ դա հիմնավորելով աշխարհագրական նպատակահարմարությամբ: Այսինքն՝ եթե ես անկլավներ եմ տալիս Ադրբեջանին, Ադրբեջանն ասում է՝ ես դեպի իմ անկլավներ ցամաքային կապ չունեմ և պահանջում եմ ցամաքային կապ՝ ելնելով աշխարհագրական նպատակահարմարությունից: Եվ այստեղ այն իշխանությունը, որը հեշտությամբ հանձնում է երկրի տարբեր հատվածներ, հեշտությամբ համաձայնելու է դրան, չի պայքարելու, հեշտությամբ կտա այս կամ այն բարձունքը:
Վստահեցնում եմ՝ Ադրբեջանը, թեկուզ ամենաաբսուրդ հիմնավորումներով կապացուցի, թե ինչ աշխարհագրական նպատակահարմարություններից ելնելով, ենթադրենք, Ոսկեպարը պետք է տրվի իրենց, Տավուշի ներքևի հատվածի գյուղերը տրվեն իրեն, Տիգրանաշենի հարավի բարձունքները տրվեն իրեն»:
Անդրադառնալով երրորդ սկզբունքին, ըստ որի՝ սահմանազատումը պետք է իրականացվի գետնի վրա առկա իրավիճակով, Ալվինա Աղաբաբյանը նշեց, որ դրան հղում անելով՝ Ադրբեջանը երբեք հետ չի քաշվելու Սև լճից, Գեղարքունիքից և բոլոր այն տարածքներից, որոնք մինչև այս իշխանությունների հեռացումը նրանք դեռ կվերցնեն. «Մեր իշխանությունները փոխանակ կանգնեցնեն թշնամուն, թույլ չտան, որ առաջ գա, թողնում են, թշնամին գալիս է մեր տարածք, և անունը դնում են՝ բանակցում ենք թշնամու հետ, որ հետ գնա: Թշնամին իր ցանկությամբ մեր տարածքից դուրս չի գալու, որովհետև դա համարում է իր տարածքը:
Հիմա, մենք մեզ խաբում ենք, ասում ենք՝ բանակցություններ են, ինչ-որ հարց կլուծվի, բայց դա ընդամենը ինքնախաբեություն է: Այդ ընթացքում թշնամին ամրաշինական աշխատանքներ է կատարում այդ հատվածներում, օր օրի ավելացնում է իր զինվորների քանակը: Ստացվում է, որ բոլոր այս երեք սկզբունքները կիրառելով, որոնք ամրագրված են այդ համաձայնագրում, և մեր իշխանություններն էլ պատրաստվում են ստորագրել, Ադրբեջանը կարող է անընդհատ մեզանից պոկել-տանել մեր հայրենիքի ևս մեկ կտոր, ևս մեկ գյուղ, ևս մեկ վանք ու եկեղեցի, և դա կանխելու համար մեր ներկայիս օկուպացիոն, թուրքահպատակ իշխանությունները որևէ քայլ չեն անում»:
Դիտարկմանը՝ իշխանություններն ասում են՝ պատերա՞զմ եք ուզում, նա այսպես հակադարձեց. «Դե, հիմա այդպես ասելով՝ թշնամուն թողնենք գա մինչև Երևա՞ն: Չէ, մենք պատերազմ չենք ուզում, բայց ուզում ենք պահել մեր երկիրը, իսկ եթե դրա համար անհրաժեշտ պետք է լինի պատերազմել թշնամու հետ, ուրեմն՝ պետք է պատերազմենք: Բա ի՞նչ անենք, թողնենք թշնամին գա՝ մտնի մեր տո՞ւն, մեր երեխեքին էլ վերցնի, ու դա արդարացնենք, որ՝ պատերա՞զմ ես ուզում: Համարենք, որ այդ հայրենիքը մեր զավակն է՝ այսօր մի մատը կտրեցինք՝ տվեցինք թշնամուն, վաղը ձեռքն ենք տալու, հետո ոտքն ենք տալու, ու դա արդարացնենք նրանով, որ՝ վայ, պատերազմ կսկսվի՞: Հետաքրքիրն այն է, որ Նիկոլի իշխանության ներկայացուցիչները խոսում են նույն բառապաշարով, ինչով խոսում է թշնամին, նույն քարոզչական թեզերով, ինչ իր մոտ տարածում է թշնամին: Ասում են՝ դրանք հայկական տարածքներ չեն, ադրբեջանական են, նույն բանն ասում է թշնամին, նույն բանն ասում է մեր իշխանությունը: Մեր իշխանությունը կարծես արդարացնում է թշնամու ագրեսիան մեր նկատմամբ, ասում է՝ դե, իրենք եկել են իրենց հողի հետևից, դե, իրենք կանգնած են, չեն կրակում»:
Հաղորդման երկրորդ հատվածում Ալվինա Աղաբաբյանը քարտեզի վրա մանրամասն ներկայացրեց, թե նոր համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանի իշխանությունները ի՞նչ տարածքներ են զիջելու թշնամուն:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում