«Այն ուժերը, որոնք դավաճան վարչապետի հեռացման դեմ ակցիաներ են անում՝ մենք այդտեղ կանք. ՀՅԴ-ից անպայման ներկա կլինեն հավաքին». Իշխան Սաղաթելյան
Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստում անդրադարձավ այն փաստաթղթին, որի մասին երեկ երեկոյան տեղեկացրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ նշելով, որ այն հակահայ փաստաթուղթ է։
«Համացանցում հրապարակվում է թուղթ, որի 90 տոկոսը ծածկված է, սևով փակած է: Եվ դա ներկայացվում է՝ որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ: Բա եթե այդպես է, դրա տողերը ոչ թե պետք է թաքցվեն, այլ դրա տողերը բացվեն, ներկայացվեն հանրությանը: Ինչո՞ւ եք թաքցնում:
Այս գործողություններն այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական գործակալական ցանցի գործունեություն, ես չեմ կարող որակել: Ես չգիտեմ՝ դե յուրե ինչ ձևակերպում ունի, բայց իմ քաղաքական գնահատականը դա է: Ընդ որում, պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային փաստաթղթերը նրանք որտեղից են ստանում: Ես ինչքան վերլուծում եմ, միակ աղբյուրը, որ կարող են ստանալ, Ադրբեջանն է: Որովհետև եռակողմ խոսակցություն է գնում՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջան: Ինչքան վերլուծում եմ, այդ փաստաթղթերը ստանում են Ադրբեջանից:
Այն լուծումները, որոնք, մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: Եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն օգտագործի, և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ապա այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,- իր խոսքում նշել էր Նիկոլ Փաշինյանը։
Նրա այս հայտարարությունից հետո, ՀՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցության կազմած «Պատիվ ունեմ» դաշինքը քաղաքական բոլոր ուժերին ու քաղաքացիներին կոչ արեց ժամը 19։00-ին հավաքվել Կառավարության շենքի դիմաց։
168.am–ը ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեց՝ մասնակցելո՞ւ են «Պատիվ ունեմ» դաշինքի հավաքին։
«Ես այս պահին Երևանում չեմ, չգիտեմ՝ կհասցնե՞մ, թե՞ ոչ, բայց մեր ընկերները մասնակցելու են։ Բոլոր այն ուժերը, որոնք այս չարիքի կառավարության, այդ դավաճան վարչապետի հեռացման դեմ ակցիաներ են անում՝ մենք այդտեղ կանք։ Մեր կողմից ներկայություն լինելու է անպայման։ Դաշնակցության անդամներից, ղեկավարներից անպայման ներկա կլինեն հավաքին»,- եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։