«Ալիևը պահանջում է փաստաթուղթ ստորագրել. կա՛մ կստանա, կա՛մ կդիմի ռազմական գործողությունների, և Պետդեպի զգուշացումը նաև սրա մասին է». Խոսրով Հարությունյան
ԱՄՆ Պետդեպարտամենտը մայիսի 19-ին հայտարարություն էր տարածել՝ իր քաղաքացիներին խորհուրդ չէր տալիս գալ Հայաստան: Հայտարարությամբ՝ նախազգուշացումը բարձրացվել է ամենաբարձր՝ 4-րդ (կարմիր) մակարդակի, և որպես պատճառ՝ նշվում է կորոնավիրուսը, բայց զգուշացման մեջ նշված է նաև սահմանային լարվածությունը։ Միացյալ Նահանգները նմանատիպ նախազգուշացում տարածել էր անցյալ տարի հուլիսին հայ-ադրբեջանական ասհմանին մարտական գործողություններից առաջ, ինչպես նաև 44-օրյա արցախյան պատերազմից 2 օր առաջ:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը ԱՄՆ Պետդեպի հայտարարությունը համարեց ուղիղ ահազանգ, որ Հայաստանն այլևս անվտագ չէ, ի դեպ, Հայաստանը վտանգավոր երկիր է համարել նաև Լեհաստանը։
«Սա ահազանգ է այն մասին, որ Հայաստանը հայտնվել է ուղղակի ռազմական գործողությունների թատերաբեմ դառնալու շեմին։ Մենք, իհարկե, անհամեմատ ավելի պակաս տեղեկացված ենք, քան ԱՄՆ-ը, հետևաբար, պետք է ընդունել, որ նրանք հենց այնպես հայտարարություն չեն անի, և նման հայտարարությունն անհիմն չէ։ Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների թատերաբեմ դառնալու հավանականությանը, ապա Սյունիքի սահմաններին կատարվող զարգացումները գալիս են փաստելու, որ, այո՛, այդ վիճակում ենք, իսկ այս վիճակը նախապատրաստված է եղել հենց Հայաստանի իշխանությունների կողմից, որովհետև, երբ այս իշխանությունը ստորագրեց նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարությունը ու դրանից հետո բանավոր ընկալումներով զիջեց հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Կուբաթլուի և Զանգելանի տարածքները, այդպես ոչ թե կանխեց, այլ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու համար հիմնական ռազմավարական դիրքերը հանձնեց Ադրբեջանին։ Հենց այդ զիջումով Հայաստանը հայտնվեց ռազմական սպառնալիքի տակ։ Այս իշխանության կողմից ուղղակի գիտակցված քաղաքականություն է վարվել՝ Ադրբեջանին հրահրելով որակապես նոր ռազմական սպառնալիքներ ստեղծել Հայաստանի համար։ Այսօր Սյունիքը հայտնվել է լուրջ ռազմական ծավալուն գործողությունների սպառնալիքի տակ, իսկ Հայաստանի իշխանությունն իր անգործությամբ բերել է այս իրավիճակը»,- ասաց Խոսրով Հարությունյանը՝ նշելով, որ որպես անգործությունից ելք՝ իշխանությունը հիմա կարողացել է դիմել ՀԱՊԿ-ին և հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանը, սակայն այստեղ էլ կան որոշակի ընթացակարգեր, որոնք նախ պետք է անցնել՝ օգնություն ստանալուց առաջ։
«Մենք, ինչ որ մեզանից կախված էր, չենք արել, բայց հիմա ստեղծում ենք տպավորություն, որ մենք պարապ նստել ենք, ու ՀԱՊԿ-ից եկե՛ք, մեզ պաշտպանե՛ք, իսկ նման վարքագիծը որևէ մեկի համար ընդունելի չէ։ ՀԱՊԿ-ի հետ կապված պետք է հիշել, որ այդ կառույցի կանոնադրության մեջ կա մի կետ, ըստ որի, ՀԱՊԿ նախագահների խորհուրդը կարող է գործել կրճատված կազմով, այսինքն՝ կարող են որոշում կայացնել Ռուսատանը և Հայաստանը՝ իհարկե, նախապես ունենալով անդամ մյուս պետությունների համաձայնությունը, սակայն այս ամենին կարելի է հասնել կոնսուլտացիաներով, ուստի պատահական չէ, որ ՀՀ իշխանությունը դիմել է հենց կոնսուլտացիաներ ստանալու համար։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությանը, ապա Ռուսաստանը, այո՛, ստանձնել է ՀՀ անվտանգության երաշխավորի պարտավորությունը, սակայն կա փոխադարձության հարց, որին հղում անելով՝ ՌԴ մեր գործընկերները կարող են Հայաստանին հարց տալ՝ իսկ դուք ի՞նչ եք անում ձեր անվտանգությունը պաշտպանելու համար, որ ձեր ուժերը չեն բավարարում, ու մենք պետք է գանք օգնենք։ Իհարկե, հրապարակավ նման հարց չեն բարձրացնի, սակայն կուլիսներում կհնչեցնեն անպայման»,- ասաց նախկին վարչապետը՝ անդրադարձ կատարելով ՀՀ Պաշտպանության նախարարության ձեռնարկած ուշացած քայլերին, միևնույն ժամանակ տարօրինակ համարելով մեր կողմից իրականացվող գործողությունների տեմպը։
Ըստ Հարությունյանի՝ ՊՆ-ն հայտարարել է, որ ԶՈՒ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում՝ իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից։
«Ինչո՞ւ եք այսքան ուշ գործողություն իրականացրել, կամ՝ ի՞նչ է նշանակում՝ զրկել ադրբեջանցիներին տեսականորեն, իսկ գործնականորեն զրկե՞լ եք։ Գործնականում դա բացառվա՞ծ է։ Այս ձևակերպումը ինձ հիշեցնում է հուլիսյան դեպքերից հետո Սարդարապատում Փաշինյանի այն հայտարարությունը, թե մենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ունենք, հետագա զարգացումներն այլ բան ցույց տվեցին՝ ոչ թե բանակի, այլ իշխանության վերաբերյալ։ Միգուցե ՊՆ-ի հայտարարության մեջ «տեսականորեն զրկել ենք» ձևակերպումը ցանկալին իրականության տեղ ներկայացնելու միտո՞ւմ ունի, ի՞նչ է նշանակում՝ հայտարարություններ անել, դեռևս ոչինչ չարած, եթե անող լինեին, կանեին, առանց հայտարարության, բայց եթե հակառակն են անում, դա ինձ հուշում է, որ կրակի վրա յուղ են լցնում ընդամենը»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ մինչ մեր Պաշտպանության նախարարությունը ադրբեջանցիներին տեսականորեն է գործողություններից զրկում, Ալիևն անում է բոլորովին այլ բան։
«Արդեն մի քանի օր է՝ բանակցություններ են գնում, իսկ որևէ մեկը հարց տվե՞լ է, թե այդ ինչի՞ շուրջ են բանակցում։ Ես կարծում եմ, որ Ալիևը պահանջում է փոխվարչապետների ձևավորված փաստաթուղթն արագ ստորագրել. սա է Ալիևի պահանջը, մի վայրկյան չեմ կասկածում։ Այս հարցը հիմա Ալիևի մոտ բարձրացավ, որովհետև Ալիևների համար էլ էր անսպասելի Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հանրահավաքը, իսկ քանի որ Ալիևը օրգանապես վախենում է Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից, այդ հանրահավաքից հետո սկսել է մտածել, որ մինչև ամսի 20-ը ժամանակ ունի. կամ մինչև ամսի 20-ն իր պլանավորածը կստանա, կամ կդիմի ռազմական գործողությունների, և ահա թե ինչո՞ւ է այսօր ԱՄՆ Պետդեպը հայտարարություն տարածել»,- ասաց Խոսրով Հարությունյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում