«Չի կարող քննչական մարմինը և դատախազությունը գնահատման արժանացնել՝ տարածքը հայկակա՞ն է, թե՞ ադրբեջանական». փաստաբան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, այսօր կայացավ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան համայնքների բնակիչների տներն ադրբեջանցիների կողմից խլելու, նրանց նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու փաստերի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու դեմ փաստաբան Արամ Օրբելյանի ներկայացրած բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո, ինչպես նաև «GPS»-ով ադրբեջանական կողմի իրականացրած սահմանազատման հետևանքով Շուռնուխ և Որոտան համայնքների որոշ տներ, Գորիս-Կապան ավտոճանապարհի մի մասն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ են:
Արամ Օրբելյանը՝ որպես ֆիզիկական անձ, դեռ 2020թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել Շուռնուխ-Որոտան բնակավայրերի տների նկատմամբ զինված անհայտ անձանց, ըստ էության, հակառակորդի կողմից իրականացվող ավազակային հարձակման, ոտնձգությունների փաստի առթիվ։ Ներկայացված հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչություն, որտեղ որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Արամ Օրբելյանի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ դրանից հետո բողոք էր ներկայացրել դատախազություն՝ վիճարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, ինչը ևս մերժվել է։ Դատախազը բողոքը մերժել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդվածով, որը նախատեսում է տարածքային ընդդատության հարցը։
Դատախազը՝ քրեական գործի հարուցումը մերժելու որոշմամբ, ըստ փաստաբանի, ոչ ուղիղ կերպով նշել է, որ այդ տների տարածքները չեն գտնվում ՀՀ սահմանում։ Փաստաբանը դատական կարգով բողոքարկել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը՝ պահանջելով քրեական գործ հարուցել:
Դատարանում բողոքաբեր կողմը հայտնեց, թե իրենց ներկայացրած հիմքերը և առիթները բավարար էին քրեական գործի հարուցման համար, մինչդեռ իր որոշման մեջ վարույթն իրականացնող մարմինը չի պատճառաբանել որոշումը: Առիթները, ինչպես դատարանում նշեց Հովհաննես Խուդոյանը, երկու ամսի կարելի է բաժանել՝ Արամ Օրբելյանի հաղորդումը և նրանում ներառված ԶԼՄ նյութերը, որոնցից վերցվել է այդ տեղեկությունը:
Ինչ վերաբերում է հիմքերին՝ փաստաբանի խոսքով, դրանց մի մասը ներկայացված է եղել հենց հաղորդման մեջ, մյուս հիմքերի հայտնաբերման և գնահատման համար էլ ողջամիտ գործողություններ պետք է վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկեր՝ նյութերի նախապատրաստման ընթացքում:
«Չի կարող քննչական մարմինը և դատախազությունը գնահատման արժանացնել՝ տարածքը հայկակա՞ն է, թե՞ ադրբեջանական: Դա իրենց լիազորությունների մեջ չի մտնում: Քանի դեռ վերջնականապես չի իրականացվել սահմանազատում՝ միջազգային իրավունքի մակարդակում, քանի դեռ սահմանները հստակեցված չեն, չի կարող վարույթն իրականացնող մարմինը ելնել կանխավարկածից, որ դրանք հայկական չեն… Սա ճիշտ ուղղություն չի և վնասում է ՀՀ շահերը…
Ի վերջո, ինչքան էլ օտար պետության ագրեսիան լինի կամ ավազակային խմբավորման ագրեսիան լինի, ՀՀ-ն պարտավոր է իր քաղաքացիների անվտանգությունը և սեփականությունը պաշտպանել: Եվ եթե այդ պաշտպանության առումով թերացում ունեն, այդ անձինք պետք է ակնկալեն պետության հոգածությունը՝ բարոյական, նյութական, հոգեբանական առումներով…
Ե՛վ քրեական օրենսդրության, և՛ Քրեական դատավարության սկզբունքներին նաև այստեղ ավելանում է ՀՀ պետական շահը միջազգային իրավունքի սկզբունքների համատեքստում, որովհետև եթե առանձին քրեական գործի նպատակը կարող է լինել անձին պատասխանատվության ենթարկելը, այս դեպքում նաև ՀՀ շահն է, նաև պատերազմական իրավիճակում կամ պատերազմական հանցագործությունների միջազգային իրավական գնահատականին հասնելը: Ճիշտ հասկանանք, եթե վաղը-մյուս օրը մենք այս հարցը փորձենք բարձրացնել միջազգային ատյաններում, կարող են արձագանքել, որ «նույնիսկ Ձեր իրավապահ մարմինները այստեղ հանցագործության հատկանիշներ չեն տեսել, ինչի՞ մասին եք խոսում»»,- դատարանում ասաց Հովհաննես Խուդոյանը:
Դատախազը, անդրադառնալով բողոքաբեր կողմի նշած հանգամանքին, թե վարույթ իրականացնող մարմինը չպետք է որոշի՝ այդ տարածքը հայկակա՞ն է, թե՞ ոչ, ասաց, թե իրենց եզրահանգումը բխել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, թե Սյունիքի մարզից որևէ տարածք չի զիջվել, չի տրվել Ադրբեջանին:
Քննիչն էլ նշեց, թե առիթները բավարար չեն քրեական գործ հարուցելու համար, ու հաղորդման մեջ ներկայացված առիթների հետ մեկտեղ՝ անհրաժեշտ են հիմքեր, ասաց, թե հանցագործության հաղորդման մեջ նշված չէ այն անձանց շրջանակը, որոնք տուժել են ենթադրյալ հանցագործությունից:
Հովհաննես Խուդոյանն էլ նշեց, որ «ՀՀ վարչապետն իրավունքի աղբյուր չի, և նրա հայտարարությունները երբեք չեն կարող գնահատվել ՀՀ պետական սահմանը որոշելու համատեքստում, հիշեցրեց, որ այդ տարածքի բնակիչներն ունեցել են կադաստրային փաստաթղթեր:
Դատարանը, կողմերին լսելուց հետո, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: