«Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, որ ես պետք է մեկնաբանեմ մի ոչնչության ասածները, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան». Ժաննա Գալստյան

Արցախի հերոս, Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ ժողովրդական արտիստ Ժաննա Գալստյանի համար վիրավորական է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարարություն։

Նրա խոսքով, իր համար վիրավորական է մեկնաբանել մի մարդու հայտարարություն, որը պարզապես մսխել է իրենց հաղթանակն ու պատմությունը։

«Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, որ ես պետք է մեկնաբանեմ մի ոչնչության ասածները, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան։ Այդ ի՞նչ հարցում է նա խելքին մոտիկ բան ասել, որ բանակի մասին ասածն էլ խելքին մոտիկ լինի։ Բանակի մասին նրա ասածներն անհեթեթություն, չտեսություն, հիմարություն, դիլետանտություն են։ Երբ ինձանից հարցնում եք, թե ինչ կարծիքի եմ Նիկոլ Փաշինյանի ասածների մասին, դա նույնն է, որ հարցնեք, թե ինչ կարծիքի ենք Իլհամ Ալիևի կամ Էրդողանի ասածների մասին, կարճ ու կոնկրետ սա է։ Նույնիսկ ես վիրավորվում եմ, որ դուք կարծում եք՝ ես այդ հիմարի ասածները պետք է մեկնաբանեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ժաննա Գալստյանը։

Նշենք, որ Ժաննա Գալստյանին խնդրել էինք կարծիք հայտնել Նիկոլ Փաշինյանի՝ բանակի վերաբերյալ արած այն հայտարարության մասին, թե գաղափար կա կրճատելու ժամկետային զինծառայության ժամկետները՝ 5 տարին մեկ 3-ամսյա հավաք անելով։

Նրա խոսքով՝ որպես պատերազմն անցած մարդ, որպես բանակի սպա, զարմանում է, որ ցանկացած հրամանատար խայտառակ պարտությունից հետո իր մեջ ուժ չի գտնում գոնե իրեն գնդակահարելու համար։

«Ինձ համար ամենաթանկը «պատիվ ունեմ» խոսքերն են, անպատիվ մարդկանց մասին ես ի՞նչ ասեմ, պատիվ չունեն»,- հավելեց նա։

Ըստ նրա, մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը, երկակի զգացողություններ է ունեցել։

«Նախ, ես ու իմ մարտական, քաղաքական ընկերները մեկուսացվել էինք այդ պարտվողական պատերազմից։ Մեր ցավն ազգի արժանապատվությունը կորցնելու ցավն է, անձնապես մեզ նույնիսկ պարտվելու հնարավորություն չեն տվել, մենք ինչպես եղել ենք հաղթող, Շուշին ազատագրող, թուրքի խեղճությունը տեսնող՝ այդպես էլ մնացել ենք։ Մենք այդ պարտությունը չենք ընդունել, չենք ընդունելու, և մեր հաղթանակը մեր մեջ կա, մնալու է ու անպայման առարկայանալու է։ Եկեք չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետությունն ընդամենը երկու տարի է գոյություն ունեցել։ Արժանապատիվ հայերը կարողացել են գրեթե 70 տարի պահել այդ պետությունը՝ իր զինանշանով, դրոշով, ու մենք նորից ունեցել ենք անկախ Հայաստան։ Ի՞նչ է եղել, կարո՞ղ է պատահել՝ 7 ամսվա մեջ մենք մեր 30 տարվա հաղթանակը մսխենք»,- շեշտեց Ժաննա Գալստյանը։

Նա ընդգծեց, որ մայիսի 9-ին ամաչել է գնալ հաղթանակը կերտած իր եղբայրների գերեզմանի մոտ։

«Ինձ համար ամոթ էր գնալ մեր մարտական ընկերների շիրիմներին, ես չգիտեի՝ ի՞նչ ասեի նրանց։ Հաղթանակը մեր մեջ է, մենք գիտենք՝ ինչ պետք է անենք ու ինչ պետք է լինի։ Մենք մեղքի զգացում ունենք, որ չգիտեմ՝ ինչ-ինչ պատճառներով թույլ տվեցինք, որ մեզ այդ ամենից հեռացնեն։ Ես ում ճանաչում եմ՝ պատվախնդրությունն ունեն, սակայն միշտ խնդիր է եղել, որ նրանք ազգի մեջ քիչ են եղել, հարցն այն է, թե որքան շատ մարդկանց այդ պատվախնդիրները կկարողանան վարակել պատվախնդրությամբ»,- եզրափակեց Ժաննա Գալստյանը։

Տեսանյութեր

Լրահոս