«Այս իշխանությանը պետք է քշել, եթե իրենք պատրաստ չեն ինքնակամ հեռանալ». Ռոբերտ Քոչարյան

«Վերջին անգամ հանրահավաքի հարթակում եմ եղել 2003թ., Մատենադարանի դիմաց, նախագահական ընտրություններից մեկ օր առաջ: Հետ եմ վարժվել  հանրահավաքներում խոսելուց: Իշխանը Սաղաթելյան 6 ամիս է՝ «տրենիրովկայի» մեջ է, չեմ կարող այդպես խոսել, բայց կփորձեմ անդրադարձ անել 3 կարևոր, բովանդակային հարցերի»,- Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Մինչ բովանդակային այդ հարցերին անդրադառնալը՝ Երկրորդ նախագահն ընդգծեց՝ մտքով անգամ չէր անցնում, որ կարող է վերադառնալ, հայտ ներկայացնել իշխանության համար. «Ես կարծում էի, թե պետական պաշտոնյա լինելը իմ համար ավարտված է, որ կատարել եմ պարտքս հայրենիքի առջև և կարող եմ ազատ և հանգիստ ապրել իմ անձնական կյանքով, բայց այն, ինչ եղավ, այն վտանգները, որոնք այսօր կան մեր երկրի առջև, ստիպում են հետ գալ և պայքարել: Հակառակը կլինի դասալքություն»:

Անդրադառնալով բովանդակային 3 խնդիրներին, նա հետևյալն ասաց. «Առաջին՝ այսօր Հայաստանի Հանրապետությունը անվտանգ չէ, այսօր Սյունիքի սահմանները անվտանգ չեն…»:

Նախագահի ելույթն ընդհատվեց հավաքի մասնակիցներից մեկի ինքնազգացողության վատացմամբ: «Կներեք, մարդ է վատացել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը, ինչին հավաքվածները բուռն արձագանքեցին:

Շարունակելով ելույթը՝ նախագահն ընդգծեց. «Մենք այսօր մի երկիր ենք, որը սեփական ուժերով չի կարող պաշտպանել սահմանները, չի կարողանում պաշտպանել երկրի բնակչության անվտանգությունը: Այսօր ունենք իշխանություն, որը հետևողականորեն քայքայել է բանակը և այսօր չի անում ոչինչ՝ այն վերականգնելու համար: Մեր նպատակն է՝ հաստատել արժանապատիվ խաղաղություն, դա չի կարող անել մի իշխանություն, որը մարմնավորում է պարտություն, խայտառակություն, նվաստացում, մահեր, զոհեր: Մենք կարող ենք դա անել, մենք պատրաստ ենք դա անել: Երկրորդ հարցը՝ Ղարաբաղի ապագան, անկեղծ պետք է ասեմ՝ բավական մշուշոտ է: Ստորագրված պայմանագրով 4.5 տարի անց Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից: Հիմա որևէ մեկը ձեզանից լսե՞լ է այս իշխանավորներից, թե ինչ են անում իրենք այդ ուղղությամբ, արդյո՞ք պատրաստ են իրենք այսպիսի սցենարի, թե՞ ոչ: Պարտության դեմք հանդիսացող իշխանությունը չի կարող արդյունավետ բանակցող լինել, հնարավոր չէ բանակցել թշնամու հետ, եթե դու չորեքթաթ ես շարժվում, եթե ծնկներիդ վրա ես կանգնած: Հետևաբար, պետք է գա մի իշխանություն, որը ի վիճակի է արհեստավարժ ձևով, հպարտ բանակցել և հասնել Ղարաբաղի համար բարենպաստ լուծումների: Մենք կարող ենք դա անել»:

Երրորդ խնդիրը, ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ այն է, որ երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է. «Անցած տարի տնտեսությունը 7.5 տոկոսանոց անկում է ապրել, սղաճը ուտում է ձեր՝ առանց այն էլ ցածր եկամուտները, երկիրը խրվել է արտաքին պարտքերի մեջ, չի կատարվել ոչ մի խոստում, թռիչքաձև աճը փոխարինվեց թռիչքաձև անկումով: Սա է այս իշխանության 3 տարվա աշխատանքի արդյունքը: Հետևաբար, սրանք չեն կարող շարունակել: Պարտվելը միայն պարտություն չէ պատերազմում, ձախողվելը տնտեսական ոլորտում ևս պարտություն է, և պարտությունը իշխանության համար պետք է առնվազն իշխանությունը կորցնելու գինը ունենա: Չի կարող պարտությունը լինել անհետևանք, հակառակ դեպքում մենք ունենալու ենք մշտապես պարտվող ազգ, այսպես կոչված՝ loser-ների ազգ ենք դառնալու, եթե պարտությունը իշխանության համար հետևանքներ չունենա: Այս իշխանությանը պետք է քշել, եթե իրենք պատրաստ չեն ինքնակամ հեռանալ: 2018թ. ապրիլին մեր ժողովուրդը իշխանության ղեկին է նստեցրել մի մարդու, որը չգիտի, թե ինչ է պետականություն, որը չգիտի, թե այդ պետական մեքենան ոնց է աշխատում և ոնց է կառավարվում:

Փորձեմ ավելի պատկերավոր օրինակ բերել, երևակայենք, որ մենք բոլորս մի մեքենայի մեջ ենք, և ղեկը մի մարդու ձեռքին է, որը նույնիսկ չգիտի, թե այդ մեքենայի շարժիչը որտեղ է գտնվում: Հետո պարզվում է, որ այդ մարդը մեքենա քշել էլ չգիտի: Հիմա քիչ է այդքանը, պարզվում է, որ այդ մարդը նաև երթևեկության կանոնները չգիտի: Այդքանն էլ քիչ եղավ՝ պարզվեց, որ այդ մարդը նաև ճանապարհը չի ճանաչում՝ չգիտի՝ գնա հյուսիս, հարավ, արևմուտք, արևելք: Մենք բոլորս այդ մեքենայի մեջ ենք, և այդ մեքենան արդեն 3 անգամ վթարի է ենթարկվել՝ տալով 5 հազար զոհ, 11 հազար վիրավոր և 35 հազար անօթևան ընտանիքներ: Հիմա ի՞նչ ենք ուզում մենք՝ մենք պատրա՞ստ ենք լքել այդ մեքենան, թե՞ պետք է վռնդենք մեքենայի ղեկին նստած անձնավորությանը»:

Տեսանյութեր

Լրահոս