Բաժիններ՝

Ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին

Վերջին շրջանում իշխանությունների կողմից անընդհատ թմբկահարվում է ուսուցիչներին 30-50% հավելավճար տալու նորությունը։ Իհարկե, շատ լավ է, որ ուսուցիչներին հավելավճար ստանալու հնարավորություն է ընձեռվում։ Բայց այս ամենը գին ունի։ Որպեսզի ուսուցիչը 50% հավելավճար ստանա, պետք է ընտրի կամավոր ատեստավորման համակարգը և ստանա 90%-ից բարձր արդյունք, իսկ 30%-ի համար՝ 80-89%։ Իհարկե, կարելի էր 85-89%-ի համար սահմանել 40% հավելավճար։ Այնքան էլ արդար չի լինի, եթե 88-89% ստացող ուսուցչի և 90% ստացողի միջև 20%-ի տարբերություն դնեն։

Նոբելյան մրցանակակիր Դանիել Կահնեմանը նշում է, որ մարդկանց ավելի շատ մտահոգում է այն, թե ինչ են կորցնում, քան այն, ինչ են ձեռք բերում։ Մասնակցելով այս ատեստավորմանը, ուսուցիչը կարող է շուրջ 30-50 հազար դրամով ավելացնել իր աշխատավարձը (եթե, իհարկե, լրիվ դրույքով է դասավանդում), բայց 0-59% ստանալու դեպքում հաջորդ տարի ուսուցիչը պետք է վերաատեստավորվի։ Ուսուցչի համար այնքան էլ պատվաբեր չէ այս կատեգորիայում հայտնվելը։ Եվ հենց այդ կորուստն աչքի առաջ ունենալով՝ ուսուցիչների զգալի մասը չի ցանկանա մասնակցել այս ատեստավորմանը։

Ընդհանրապես, հավելավճարներ ստանալու հնարավորությունն ուսուցիչների համար այնքան էլ գրավիչ չէ։ Օրինակ՝ մինչև այժմ ուսուցիչները հնարավորություն ունեին տարակարգեր ստանալ։ Բայց, ըստ նախարարության տվյալների, շուրջ 37 հազար ուսուցիչներից միայն 2226-ն ունեն առաջին աստիճանի տարակարգ, 122-ը՝ երկրորդ աստիճանի տարակարգ, 1-ը՝ երրորդ աստիճանի տարակարգ։ Այսպիսով՝ դասավանդողների ընդամենը 6.2%-ն ունի տարակարգ։ Կարելի է կանխատեսել, որ կամավոր ատեստավորման այս համակարգից նույնպես քչերն են օգտվելու։ Ինչո՞ւ։

Հայաստանում ձևավորվել է ուսուցիչների մի քանի խումբ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր շարժառիթները։ Ուսուցիչների փոքր մի խումբ կա (շուրջ 3-4 հազար մարդ), որոնք շատ ակտիվ են, սիրում են իրենց աշխատանքը, ցանկանում են նոր բաներ սովորել, տարբեր ծրագրերի մասնակցել։ Հենց այս խումբն էլ օգտվելու է հավելավճարների համակարգից։

Երկրորդ խումբն այն ուսուցիչներն են, որոնք դասավանդումից դուրս այլ աշխատանքով են զբաղվում։ Հիմնականում դասապատրաստում, գյուղատնտեսություն, ծառայություններ։ Տարիներ առաջ ես հանդիպել եմ անգամ «խոպան» գնացող ուսուցչի, որը ապրիլից չվճարվող արձակուրդ էր վերցնում և մինչև սեպտեմբերի կեսերը մեկնում Ռուսաստան։ Այս խմբի համար դասավանդումը երկրորդական աշխատանք է, և նրանք կենտրոնացած են իրենց հիմնական աշխատանքի վրա, քանի որ հենց դրանից են ստանում իրենց եկամտի առյուծի բաժինը։

Ուսուցիչների մյուս խումբն այն մարդիկ են, որոնք կրկնուսույց են աշխատում։ Այս խմբին առանձնապես չի հետաքրքրում հավելավճարը։ Նրանց մի մասը չի էլ ցանկանում դպրոցում լրիվ դրույքով աշխատել, քանի որ ցանկանում է խնայել իր ժամանակը և էներգիան՝ կրկուսույցի աշխատանքի համար։ Այս ուսուցիչները կրկնուսույցի աշխատանքով վաստակում են մեծ գումար։ Նրանց համար հավելավճարն այնքան էլ գրավիչ չէ։

Ուսուցիչների չորրրորդ խումբն այն մարդիկ են, որոնք առանձնապես հավակնություններ չունեն մասնագիտական ոլորտում։ Նրանք բարեկեցիկ ընտանիքում են ապրում։ Ընտանիքի մյուս անդամներն այնքան գումար են վաստակում, որ անգամ ուսուցչի աշխատավարձը համադրելի չէ այդ գումարի հետ, ուր մնաց՝ հավելավճարը։ Ուսուցիչների այս խումբը դպրոցում իր դասերն անելուց հետո զբաղվում է ընտանեկան, անձնական հարցերով։

Եվ վերջապես, ունենք ուսուցիչների մի խումբ, որի կրթական, մասնագիտական պատրաստվածության մակարդակն այնքան ցածր է, որ նրանք երբևէ չեն ցանկանա քննություն հանձնել, նույնիսկ, եթե հավելավճարն իրենց խիստ անհրաժեշտ լինի։

Այսպիսով, ընդհանուր պատկերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ուսուցիչների առաջին խումբն է լինելու կամավոր ատեստավորման հիմնական շահառուն։ Մյուսներին այդ հավելավճարը կամ պետք չէ, կամ կարող է բերել հեղինակության սասանման։ Նախարարության կանխատեսումներն ավելի լավատեսական են։ Ըստ նախարարության կանխատեսումների՝ առաջիկա 3 տարիներին ուսուցիչների 46%-ը կմասնակցի կամավոր ատեստավորմանը։ Հայաստանի ուսուցիչների շուրջ 41%-ը կհաղթահարի 80%-ի շեմը և հավելավճար կստանա։ Ուսուցիչների 15%-ը չի հաղթահարի 60%-ի շեմը։ Շատ բան կախված է առաջադրանքների բարդությունից։

Այս գործընթացը պետք էր սկսել ուսուցիչների մասնագիտական որակավորումների բնութագրերը հաստատելուց հետ։ Ի դեպ, կառավարության 2019-2023թթ. ծրագրի միջոցառումներով հենց այդպես էլ սահմանված է։ Պետք է 2019թ.-ին հաստատվեին որակավորումներից բնութագրերը, որից հետո 2020թ. գարնանը պետք է սկսվեին վերապատրաստման և ատեստավորման գործընթացները։ Բայց առ այսօր չկան այդ բնութագրերը։ Կառավարության որոշումը 2 տարի շարունակ մնում է չկատարված։ Հետևաբար, հասկանալի չէ, թե ինչի՞ հիման վրա է արվելու ատեստավորումը։  Ի՞նչն ենք ստուգում, ի՞նչ ենք ակնկալում ուսուցչից։

Հայաստանը պետք է մշակի ուսուցիչների քաղաքականության համապարփակ փաստաթուղթ։ Մենք շարունակում ենք կրթական քաղաքականություն վարել փազլի կտորներ դնելով՝ առանց ամբողջական փազլի նկարն ունենալու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս