
Ալյասկայի հանդիպումը. ի՞նչ են գրում ԶԼՄ-ները Պուտին-Թրամփ բանակցությունների մասին

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ օգոստոսի 15-ին Անքորիջում կայացած բանակցությունները, ինչպես նաև դրանց արդյունքները միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում են:
Համաշխարհային առաջատար ԶԼՄ-ների առաջին էջերի վերնագրերը վկայում են այն մասին, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների երկար սպասված հանդիպումը դարձել է վերջին ժամանակների գլխավոր միջազգային իրադարձությունը:
Այսպես, Español-ն արձանագրել է, որ սա 2022 թվականին ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների միջև առաջին հանդիպումն է։
Wall Street Journal-ը, մեկնաբանելով գագաթնաժողովը, այն անվանել է պատմական և նշել, որ «Ալյասկան հանգստյան օրերին դարձել էր տիեզերքի կենտրոնը»:
Washington Post-ի դիտարկմամբ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները օդանավակայանի թռիչքուղու վրա կարճ և անսովոր զրույց են ունեցել, որը ցույց է տվել նրանց հարաբերությունների ջերմությունը և, անկասկած, անհանգստություն է առաջացրել Եվրոպայում:
Financial Times-ն իր հերթին եզրակացրել է, որ «կարճատև բանակցությունները» Ուկրաինայում հրադադարի չեն հանգեցրել:
Մեկնաբանելով Եվրոպայի և Ուկրաինայի արձագանքը ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովին՝ ԶԼՄ-ն նշել է, որ Կիևում Զելենսկին և իր թիմը «նեղացած են»։
Իսկ Corriere della Sera-ն գրել է, որ «Պուտինին ընդունելը զայրացնում է ուկրաինական կողմին»։
Times-ի գնահատմամբ՝ Ուկրաինայում տարբեր զգացողություններ ու կարծիքներ են տիրում «հուսահատությունից, որ ոչինչ այլևս չի փոխվի` մինչև հնարավոր հետևանքների վերաբերյալ ծայրահեղ նյարդայնություն»:
New York Times-ի կարծիքով` Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում ԵՄ-ի դերը երկրորդական է դարձել:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին Անքորիջում: Բանակցությունների հիմնական թեման ուկրաինական հարցն էր։ Թրամփը բանակցություններն անվանել է «շատ արդյունավետ» և հայտնել է մի շարք ուղղություններով, այդ թվում` ուկրաինական խնդրի և միջուկային համաձայնագրերի մասով «զգալի առաջընթացի» մասին։