Պարտվածի՞, թե՞ կոտրվածի լռություն
Արցախի նախագահի երեկվա հայտարարությունը պետք է որ փոթորիկ առաջացներ մեր քաղաքական դաշտում, հանրային կյանքում, տներում, մեր սրտերում։ Պետք էր, որ խաթարեր մեր քիչ թե շատ բնականոն կյանքը, պետք է որ եթերը փոխած լիներ իր թեման և բոլոր հյուրերի թիվ մեկ հարցը դա պետք է լիներ։ Բայց նման ոչինչ չի եղել։
Արային Հարությունյանը ասել է, թե հոկտեմբերի սկզբից պատերազմի արդյունքն արդեն պարզ էր։
Սա նշանակում է, որ պետական մակարդակով 40 օր խաբել են ժողովրդին։ Սա նշանակում է, որ իշխանությունը 40 օր խաբել է, որովհետև վախեցել է ներքին հուզումներից ու խաբել է՝ միայն ու միայն իշխանություն պահելու համար։
Սա նշանակում է, որ վարչապետ Փաշինյանի կոչերը՝ կամավորության, ջոկատներ կազմելու, տնից զրահաբաճկոն և սաղավարտ հայթայթելով պատերազմ մեկնելու բոլոր կոչերը մարդկանց միտումնավոր մահվան ուղարկել է նշանակում։
Եվ դա դարձյալ արվել է մեկ նպատակով՝ պատերազմի՝ արդեն հայտնի արդյունքը թատերականացված կոչերով հերոսամարտի վերածելու և սեփական իշխանությունը փրկելու համար։
Պարտված պատերազմը չի կարելի Սարդարապատ կոչել և հանուն սեփական իշխանության տասնյակ հազարավոր մարդկանց զոհել։
Արձագանքներ, որոնք պարտադիր են, բայց չկան
– Անվտանգության խորհրդի բոլոր անդամները պարտավոր են արձագանքել. չեն անելու։
– ԱԱԾ-ը պարտավոր է սկսել քննություն. չի անելու։
– Դատախազությունը պարտավոր է գործ հարուցել. չի անելու։
– Ընդդիմադիր խմբակցությունները պարտավոր են ԱԺ-ում պրոցես սկսել. չեն անելու։
Ոչ ոք ոչինչ չի անելու։ Սա հասարակության անապատ է։
Բայց խոսքը պատմական պարտության և հազարավոր կյանքերի մասին է։ Խոսքը Հադրութն ու Շուշին պահելու և զոհերի ու վիրավորների բազմաթիվ անգամներ ավելի փոքր թիվ ունենալու, բազմաթիվ անգամներ ավելի քիչ տեղահանվածներ ու կոտրված կյանքեր ունենալու մասին է։
Այսօրվա մեծ հանրային-քաղաքական լռությունն այս ամենակարևոր թեմայի շուրջ չի նշանակում, որ թեման փակ է։ Թեման բաց է անժամկետ, քանի որ մեր կրած կորուստները երկրին տվել են անժամկետ ու անչափելի վնաս։ «Ինչո՞ւ ժամանակին չդադարեցվեց պատերազմը» հարցը մի պահի պետք է ստանա պատասխան ու գնահատական՝ հանրային, քաղաքական, իրավական, մարդկային։
Այլընտրանքային նախագծեր խումբ