«Վարչապետը Օնիկ Գասպարյանի ու Ջալալ Հարությունյանի աշխատո՞ղն է եղել, մոդերատո՞ր էր, թե ի՞նչ էր՝ սա ուղղակի զավեշտ է». Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է աջակիցների հետ, որի ընթացքում պատասխանել է նրանց բարձրացրած հարցերին։
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին և սպասելիքներին՝ Ռոբերտ Քոչարյաննն ասել է, որ ընտրությունը լինելու է երկու շատ պարզ բևեռների միջև։
«Մենք ի՞նչ ենք ուզում, մենք ուզում ենք պարտված, ստորացված, անարժանապատիվ ապագա՞, նաև թշվառ ապագա, քանի որ տնտեսությունը բավականին ծանր վիճակում է, թե՞ մենք ուզում ենք արժանապատիվ խաղաղություն ու բարեկեցիկ կյանք։ Ցավոք, սևի ու սպիտակի է նորից վերածվելու, կոնտրաստի իմաստով եմ ասում, այլ ոչ թե այն իմաստով, որը միշտ այս իշխանությունն էր օգտագործում։ Այս երկու մոտեցումների միջև է լինելու տարբերությունը։ Հիմա եթե մարդիկ ուզում են թշվառ ապագա, անարժանապատիվ կյանք… մենք իրենց առաջարկելու ենք լրիվ այլ հնարավորություն»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։
Թե որոնք են լինելու ՀՀ երկրորդ նախագահի առաջնահերթ անելիքներն ընտրվելուց հետո, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ անելիքները շատ են։
«Տնտեսական վիճակը՝ նույնիսկ չեմ ուզում այդպես խորը բաներ ասել տնտեսությունից՝ ձեզ բոլորիդ դեպրեսիայի չենթարկելու համար, որովհետև վիճակը սա է։ 5 հազար զոհ պատերազմից, մոտ 5 հազար զոհ այս համաճարակից, անցած տարի մենք ռեկորդային թվով զոհեր ենք ունեցել ավտովթարներից, այս իշխանությունն ուղղակի մահ է բերել, մահ է բերում ամեն քայլափոխի։ Դե, ասում ենք՝ մենք ինչ անենք, պարզվում է՝ պատերազմի ժամանակ մոդերատոր են, կորոնավիրուսի ժամանակ ասում են՝ հո մենք բժի՞շկ չենք, բժիշկը պանդեմիայի դեմ չի պայքարում, դրա դեմ պետությունն է պայքարում։ Պատերազմը ոչ միայն բանակը, այլև պետությունն է վարում՝ իր ողջ ռեսուրսներով։ Հիմա վաղը ասելու է՝ ավտովթարներից այդքան մահ է եղել, հո ես գայի պետը չե՞մ կամ «գայիշնիկ» չե՞մ։ Հիմա վարչապետը գերագույն գլխավոր հրամանատարն է, ամեն դեպքում պատերազմի ժամանակ կեցվածքն այդպիսին էր, ինքը Օնիկ Գասպարյանի ու Ջալալ Հարությունյանի աշխատո՞ղն է եղել, մոդերատո՞ր էր, թե՞ ինչ էր, չեմ հասկանում՝ սա ուղղակի զավեշտ է»,- հավելել է Ռ. Քոչարյանը։
Շարունակելով միտքը, Երկրորդ նախագահն ասել է, որ պաշտոնյան, որը պատասխանատու է երկիրը ղեկավարելու համար, ասում է, թե ինքն ո՞վ է, մոդերատոր է։
«Երբ Տավուշում մեկ դիրք էին գրավել, պարզվում է, որ նա կոորդինացնում էր մարտական գործողությունները, հիմա այս պատերազմի ժամանակ պարզվում է, որ ինքն ընդամենը մոդերատոր է, այդպես է լինելու բոլոր հարցերում։ Պատասխանատվությունից փախնող իշխանությունը պետք է օր առաջ զրկվի այդ իշխանությունից։ Այդ իշխանությունն ասում է՝ ժողովուրդ ջան ես ձեզ սիրում եմ, և այլն, բայց ինձ հետ հույսեր մի կապեք»,- ընդգծել է նա։