Խոսնակը չի հերքում Արայիկ Հարությունյանի շտապ այցը Մոսկվա
Hraparak.am-ի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա:
168.am-ը փորձեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից ճշտել՝ ի՞նչ նպատակով է Արայիկ Հարությունյանը մեկնել Մոսկվա, եթե այցի մասին տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ինչին ի պատասխան՝ Ավանեսյանը նշեց. «Տվյալ թեմայով ասելիք չունեմ»:
Խոսնակի խոսքից կարելի է ենթադրել, որ Արցախի նախագահը, իրապես, շտապ կարգով Մոսկվա է մեկնել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ փորձելու են քաղաքական ճանապարհով վերադարձնել ԼՂԻՄ-ի տարածքը:
Հավելենք, որ ավելի վաղ ռուսական Regnum հրատարակությունը հրապարակել էր հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որում քաղաքագետն անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրին՝ եզրակացնելով՝ «որոշակի հանգամանքներում Մոսկվան ու Բաքուն կարող են երկկողմ, գուցե նաև՝ ներառելով Ստեփանակերտի իշխանություններին, խնդիրը լուծել առանց Երևանի մասնակցության»:
Արդյո՞ք Արայիկ Հարությունյանի այցը Մոսկվա նման կարևոր առաքելություն ունի, թե՞ մանր հարցեր լուծելու խնդիր է դրված, պարզ կդառնա ավելի ուշ: