Բաժիններ՝

«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»՝ առաջատար

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը կազմվել է մարտի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականում է գերմանացի գրող Ռիչարդ Բախի ամենահայտնի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործությունը: Գրողը ներկայացնում է, թե ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափից սննդի աղբյուր գտնելու ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին: Թարգմանել է Նաիրա Հարությունյանը:

Երկրորդ հորիզոնականում է թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» ստեղծագործությունը: «Ստամբուլի բիճը» վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը շահել է դատը, դրանից հետո միայն այն վաճառքի հնարավորություն է ստացել: Թարգմանիչ՝ Արփի Աթաբեկյան:

Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը» երրորդ տեղում է: Աֆղանստանի լեռները մի ժամանակ խաղաղ էին, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավը դառնալու հնարավորություն կար»: Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:

Չորրորդ տեղում է Խալեդ Հոսեյնիի «Հազար չքնաղ արևներ» գիրքը: 2007 թվականին լույս տեսած այս վեպը անկեղծ ու հուզիչ գիրք է Աֆղանստանի ոչ վաղ անցյալի մասին` այս անգամ կանանց աչքերով: Վեպի հիմնական թեման Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարումն է, նրանց հանդեպ բռնությունն ու դաժանությունը: Զրուցելով Քաբուլի բազմաթիվ կանանց հետ և լսելով նրանց հոգեկեղեք պատմությունները՝ Հոսեյնին գրել է «Հազար չքնաղ արևները» և նվիրել Աֆղանստանի կանանց: Վեպն օգնում է ավելի լավ հասկանալու Աֆղանստանի դժնդակ պատմությունը, մշակույթն ու ժառանգությունը, իսկ անմարդկային պայմաններում ապրող ժողովրդի հերոսությունը կարող է միայն հիացմունք առաջացնել: Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:

Հինգերորդ հորիզոնականում Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկն է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք արժանացել է «Հյուգո» մրցանակի։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվանմամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը՝ որպես 1966 թվականի լավագույն վեպ։ Թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան:

Վեցերորդ հորիզոնականում է Մարկ Արենի «Սուրբծննդյան հրեշտակը» վիպակը: Ամեն տարի Սուրբ Ծնունդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ.կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու… Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

Մարկ Արենի «Ռեքվիեմ Հուդայի համար» ստեղծագործությունը յոթերորդ տեղում է: Գիրքը ﬔզ պատմում է Հուդայի մասին, որն աշխարհ է վերադարձել իր հոգու փրկության համար: Շուրջ երկու հազար տարի նա տանջվել է, և ահա հասել է ժամը, որպեսզի մարդիկ հասկանան, որ ինքը ոչ թե մատնիչ է, այլ Աստծու կամքը կատարողն է Քրիստոսի՝ մարդկանց ﬔղքերի համար խաչվելու հարցում: Եվ այսօր նա Էջﬕածնում՝ Բարձրագույն խորհրդի առաջ, փորձում է արդարացնել իրեն: Դեպքերը ծավալվում են սկսած Քրիստոսի ժամանակաշրջանից ﬕնչև ﬔր օրերը աշխարհի տարբեր քաղաքներում՝ Մոսկվայում, Կահիրեում, Օհայոյում, Երուսաղեմում, Ամստերդամում, Փարիզում և այլուր: Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

Կազուո Իշիգուրոյի «Չթողնես ինձ երբեք» գիրքը ութերորդ տեղում է: Քեթիի, Թոմիի և Ռութի աշխարհի սահմանները փխրուն են ու անորոշ: Դպրոցը, որտեղ նրանք ապրում են, կտրված է արտաքին աշխարհից, և մյուս ուսանողների հետ նրանք ստեղծում են իրենց պատկերացումների աշխարհն ու փորձում գտնել այդ աշխարհում իրենց ապագա դերը, ինչն իրականում վաղուց նախասահմանված է եղել, անգամ մինչև իրենց ծնունդը: Ճակատագիրը գոնե փոքր-ինչ փոխելու, անխուսափելին մի փոքր էլ հետաձգելու համար նրանք մի ամբողջ տեսություն են մտածում և փորձում կյանքի կոչել՝ միմյանցից կառչելով, մեկը մյուսին երբեք բաց չթողնելով: Թարգմանությունն անգլերենից` Արթուր Մեսրոպյանի:

Իններորդ հորիզոնականում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը: «Անասնաֆերման» գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում: Թարգմանությունը՝ Արտաշես Էմինի:

Տասներորդ հորիզոնականում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» վեպը: Այն անվերապահ և անմնացորդ սիրո մասին պատմող ցնցող պատմություն է՝ սեր, որն ունակ է հաղթահարելու ամեն ինչ՝ ժամանակ ու տարածություն, կյանքի դժվարություններ ու նյութապաշտություն, մարդկային հոգու անկատարություն ու հուսահատություն: Ֆերմինա Դասան մերժում է Ֆլորենտինո Արիսայի պատանեկան սերն ու երազանքները և ամուսնանում խոլերայի դեմ ակտիվ պայքարող հռչակավոր բժիշկ Խուվենալ Ուրբինոյի հետ, որը, ի տարբերություն զգայական և զգացմունքային Ֆլորենտինո Արիսայի, չափազանց զուսպ է և հավասարակշռված: Մելամաղձոտ և անչափ հուզիչ այս պատմությունը համեմված է Մարկեսի ֆանտաստիկ սարկազմով, ծիծաղաշարժ դրվագներով, հին ժամանակների ոգով, սիրային զեղումներով և մեծ քնարականությամբ: Թարգմանիչ՝ Ռուզաննա Պետրոսյան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս