Ինչո՞ւ են 2025 թվականի համեմատ բանակում մահվան դեպքերը շատացել, ինչո՞ւ են ՊՆ-ն և ՔԿ-ն դարձել առավել գաղտնապահ
Այս տարվա ապրիլի 18-ին գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ խնդրելով տրամադրել վիճակագրություն, թե 2026 թվականին զինծառայության հետ կապված՝ քանի՞ մահվան դեպք է եղել բանակում, դրանից քանի՞սն է եղել սպանություն և քանիսը՝ ինքնասպանություն:
Ապրիլի 27-ին իր պատասխան գրության մեջ քննչական կառույցից մեզ փոխանցել էին հետևյալ տվյալները:
«2026 թվականին արձանագրված զինծառայողների մահվան 6 դեպքով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնվել է 6 քրեական վարույթ, որոնցից 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), 1-ը՝ 523-րդ հոդվածով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը), 3-ը՝ 155-րդ հոդվածով (սպանությունը), 1-ը՝ 532-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։
Ընդ որում, 3 սպանության՝ 155-րդ հոդվածով նախաձեռնված քրեական վարույթներից 1-ը հանկարծամահության դեպք է, իսկ 1-ը՝ ըստ նախաքննությամբ ձեռք բերված նախնական տվյալների՝ ինքնասպանության»:
Բայց սրանից հետո բանակում մահվան այլ դեպքեր էլ են արձանագրվել, և ինչպես վերևում նշվածներից որոշների դեպքում, այնպես էլ դրանից հետո մեկ-երկուսի հետ կապված ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:
Մենք փորձել ենք ի մի բերել տարվա սկզբից մինչ այս պահն արձանագրված մահվան, ոչ կանոնադրական դեպքերը և ոչ միայն՝ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունների հիման վրա՝ ըստ ժամանակագրության:
ԵՎ ԱՅՍՊԵՍ՝
■ 2026 թվականի հունվարի 14-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ «հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով»:
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)»:
■ Փետրվարին 7-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ «հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին»:
Քննչական կոմիտեն էլ հայտնել էր, որ «պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ», և, որ «կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»:
■ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, փետրվարի 26-ին հայտնաբերվել էր զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին:
Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնել էր, որ «փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը)»: Անձը կալանավորվել էր:
■ Մարտին մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, որ Վարդենիսում պահեստազորայիններ են դանակահարվել և հոսպիտալացվել:
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր հայտնել, որ վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը):
■Ապրիլի 2-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ «ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասի (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 532-րդ հոդվածի 3-րդ մասի (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով»: Պայմանագրային զինծառայողը մահացել է, որի անունը չէր հրապարակվել:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին որևէ հաղորդագրություն չէր տարածել:
■ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ «ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը»:
Քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ «ապրիլի 14-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը)»:
■ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ «հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին»:
Քննչական կոմիտեն էլ տեղեկացրել էր, որ «հունիսի 2-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)»:
■ Հունիսի 11-ին ՀՀ քննչական կոմիտեն «ժլատ» տեղեկություն էր հայտնել, որ «հունիսի 10-ին ՊՆ սպա Ն.Ա.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»: Ընդ որում, այս անգամ ևս Պաշտպանության նախարարությունը ոչ մի հաղորդագրություն չի տարածել:
Հունիսի 13-ին 168.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու՝
– որտե՞ղ է դեպքը տեղի ունեցել,
– որքանո՞վ է այն կապված ծառայության հետ,
– որքանո՞վ են համապատասխանում իրականությանը մամուլում շրջանառված տեղեկությունները, որ սպայի մահվան դեպքը տեղի է ունեցել Բաղրամյան զորամարզադաշտում՝ տանկային վարժանքների ընթացում, և, որ թիկունքից կրակոցի հետևանքով է նա մահացել:
Այսինքն, փորձել ենք հասկանալ՝ ինչ է այս պահի դրությամբ պարզել նախաքննությունը:
5-օրյա ժամկետում ՀՀ քննչական կոմիտեն մեզ ուղարկած իր պատասխան գրության մեջ նշել է.
«Ի պատասխան Ձեր՝ 2026 թվականի հունիսի 13-ի հարցման՝ հայտնում ենք, որ հունիսի 10-ին ՊՆ սպա Ն.Ա.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:
Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները, Ձեր կողմից նշված մյուս հարցադրումների մասով տեղեկատվություն տրամադրելը հնարավոր չէ, քանի որ պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»:
Այսինքն, ՀՀ քննչական կոմիտեն գաղտնի է պահում նույնիսկ դեպքի վայրը, և, թե որքանով այն ուղիղ կապ ունի ծառայության հետ: Կարո՞ղ ենք ենթադրել, որ մամուլում շրջանառված տեղեկությունները քննության առարկա կարող են լինել:
Ի դեպ, մեր տեղեկություններով, մահացած սպայի հայրը ևս զինվորական է, և իր ցանկությամբ է, որ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն չի տարածել, հատկապես, երբ մահվան հանգամանքները պարզելու խնդիր կա:
■ Հունիսի 23-ին մամուլը գրել է, որ «Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել»:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ զինծառայողը գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
«Առողջության և զինծառայողի այլ անձնական տվյալներ չենք կարող հաղորդել, քանի որ համապատասխան օրենքները (անձնական տվյալների և բժշկական գաղտնիքի մասին) թույլ չեն տալիս»,- լրացրել է ՀՀ ՊՆ խոսնակը: Փառք Աստծո, որ մահվան ելքով դեպքի հետ գործ չունենք, բայց որքան էլ հարգենք անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, ինչը գործող իշխանությունները հաճախ տարբեր դեպքերում ոտնահարում են, միևնույն է՝ չենք կարող տարաբնույթ կասկածներ չունենանք և ինչ-ինչ ենթադրություններ՝ կապված դեպքերի հանգամանքները թաքցնելու հետ կապված:
■ Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ «հունիսի 26-ին արձանագրված պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ», և, որ «քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ»:
ՀՀ քննչական կոմիտեից մեզ դարձյալ չի հաջողվել պարզել՝ որտե՞ղ է դեպքը տեղի ունեցել, որքանո՞վ այն կապ ունի ծառայության հետ: Միաժամանակ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ դարձյալ գործ ունենք ինքնասպանության հետ:
«Տեղեկատվություն չենք տրամադրում, այն, ինչ հայտնել ենք, դրանից ավել չենք մեկնաբանում: Ես չգիտեմ, թե կայքերն ինչ են գրում, իրենց որտեղից այդ տեղեկատվությունը: Բայց դա իմ խնդիրը չի, Քննչական կոմիտեն ասվածից ավել մեկնաբանություն չի տալիս»,- 168.am-ի հետ զրույցում ավելի ուշ ասաց ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Իսկ Պաշտպանության նախարարությունից հերթական անգամ ոչ մի հաղորդագրություն չի եղել, առնվազն հոդվածը գրելու դրությամբ:
Այսինքն, տարվա սկզբից մինչ այս պահը՝ հունիսի 27-ը, բանակում արձանագրվել է 8 մահ, և մի քանի դեպք՝ ոչ մահվան ելքով: Սա այն դեպքում, երբ ինչպես ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, 2025 թվականին ծառայության հետ կապված ունեցել ենք մահվան 6 դեպք, որից 1-ը՝ կայծակնահարության, 1-ը՝ հոսանքահարման, 2-ը՝ ինքնասպանության, 2-ն էլ՝ առողջական խնդիրներով պայմանավորված, այսինքն, սպանության դեպք չի եղել 2025 թվականին:
Բայց այստեղ խնդիրն այն է, որ նախ հաճախակի են դարձել զորավարժարաններում դեպքերը, և ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն դարձել են չափից ավելի գաղտնապահ, ինչը նախկինում չի եղել: Ո՞րն է պատճառը, արդյո՞ք սա քաղաքական հրահանգ է:
Խոսքը, բնավ, նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակել-չհրապարակելու մասին չէ: Բայց բանակում կան լրջագույն խնդիրներ, ինչը, բնականաբար, իր պատճառներն ունի, և որոնք կարծես թե գնալով խորանում են՝ ելնելով վիճակագրությունից:
Արդյո՞ք ՀՀ ռազմական ղեկավարությունն իր համար պարզել է դրա արմատները, պատճառները, և ի՞նչ է արվում դրանք հաղթահարելու ուղղությամբ:
Արդյո՞ք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսնում է այստեղ նաև իր քաղաքական թիմի «մշակած» «չգրված օրենքների» դերը, և այն, որ հաճախ զինվորին մոտ են թողնում մարդկանց, որոնք հաստատ ամենալավ օրինակը չեն նրանց համար: Եվ սա այն դեպքում, երբ 2026 թվականը Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից հռչակվել է բանակում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարի։
Սուրեն Պապիկյանը, թերևս, չի ցանկանում, որ բանակում ոչ կանոնադրական հարաբերությունները խորանան, մահվան դեպքեր լինեն, մյուս կողմից՝ ով պետք է արգելի «վնասակար» մարդկանց մուտքը բանակ՝ լինի զինվորական, թե ոչ զինվորական, կամ՝ տիկտոկեր-այցելու:
Ով պիտի հսկի, որ ոչ սթափ վիճակում գտնվող անձը մարտական հերթապահություն չիրականացնի, որ պատահական մարդկանց ձեռքը զենք չտան ու դիրքեր բարձրացնեն, որոնք ընդդիմադիր ուժերի համախոհներին չսպառնան, թե զենքը ձեռքին անհամբեր սպասում են դիրքերում հանդիպման: Վերջերս սոցիալական ցանցում նման հերթական գրառումն էր արել օգտատեր Արմեն Պողոսյանը՝ իշխանության մերձակա շրջանակներից, հետո հեռացրել համապատասխան գրառումը:
Արդյոք Պաշտպանության նախարարը բացառո՞ւմ է, որ յուրայինները կցանկանային՝ ինքն այս և այլ հարցերում ձախողեր… Ի վերջո, զորահանդեսը կայացել է, այն իր «գործն» արել է ընտրություններում՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի, զորահանդես, որտեղ առաջնագծում ՀՀ ռազմական ղեկավարությունն ու բանակը չէր:

