Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այդ մասին հայտնել է Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լյուբինեցը։
35-ից 66 տարեկան յոթ ուկրաինացիները, որոնք ձերբակալվել էին դեռևս 2022 թվականին Մարիուպոլի, Խարկովի, Զապորոժիեի և Լուգանսկի մարզերի, ինչպես նաև Կիևի մարզի Բուչայի շրջանի օկուպացիայի ժամանակ, վերադարձել են հայրենիք։
Ավելի վաղ Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան հայտնել էր, որ Կուրսկի մարզի հինգ բնակիչներ գերությունից վերադարձել են տուն։ Նրանց հետ տեղափոխվել են նաև այլ մարզերից ևս երկու մարդ։
Ուրբաթ օրը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրին ռազմագերիների ևս մեկ փոխանակում՝ «160-ը 160-ի դիմաց» բանաձևով: Լյուբինեցը հայտնել էր, որ գերիների փոխանակման ժամանակ հանդիպել է Լանտրատովայի հետ:
Օմբուդսմենները համաձայնել են շարունակել ռազմագերիներին փոխադարձ այցելությունները և փոխանակել ուկրաինացիների և ռուսների խնդրանքները՝ Ռուսաստանում և Ուկրաինայում փաստաթղթերի պատճեններ ստանալու համար, ինչը պատերազմի պատճառով անհնար է դարձել:

