Լիցենզիայից անհիմն զրկելու պատճառով նախորդ անգամ պետական բյուջեից մի քանի միլիարդի տուգանք վճարեցին. Ի՞նչ սպասել այս անգամ
Նիկոլ Փաշինյանն իշխանությունը գործիք է դարձրել՝ քաղաքական հակառակորդներին պատժելու համար։ Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը խլելուց հետո անցել է Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին։
Օրեր առաջ դատախազությունն իրավական գործընթաց սկսեց՝ «Արարատցեմենտի» ու դրան հարակից այլ գույքերի մասնավորեցման հետ կապված։ Առանց դատ ու դատաստանի՝ Նիկոլ Փաշինյանն արդեն կայացրել է իր վճիռը, հայտարարել է, որ գործարանը պետականացնելու է։
«Արարատցեմենտից» չպրծած, հիմա էլ որոշել են «Օնիրա Քլաբին» զրկել «Շանգրի Լա» խաղատունը շահագործելու լիցենզիայից։ Առաջին անգամ չէ, որ այս խաղատան հետ կապված Նիկոլ Փաշինյանը, նույն քաղաքական շարժառիթներով, նման քայլի է դիմում։ Մեկ անգամ դա արել են 2020թ.։
Այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանն իր անհամաձայնությունն արտահայտեց կառավարության վարած քաղաքականության նկատմամբ և հայտարարեց Նիկոլ Փաշինյանի հեռանալու անհրաժեշտության մասին, սկսեցին թափ ստանալ հարձակումները՝ նրա ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական գործունեության վրա։ Ֆինանսների նախարարությունը շտապեց Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբին» զրկել խաղատան կազմակերպման լիցենզիայից։
Այն ժամանակ դա պաճառաբանվեց պետական տուրքի գումարը չվճարելով։
Թե ի՞նչ եղավ հետո, լավ հայտնի է. Դատական գործընթացում հիմնավորվեց, որ ընկերությանը լիցենիզայից զրկելու վերաբերյալ ֆինանսների նախարարության որոշումն անհիմն է։ Հասկանալի է, որ այդպես էլ պետք է լիներ, որովհետև դրա հիմքն ամբողջությամբ քաղաքական էր։
Որոշումը չեղարկվեց, իսկ հետևանքները մնացին կառավարության վրա։
Կառավարությունը ստիպված եղավ պետական բյուջեից ու հարկատուների վճարած հարկերից 4.2 մլրդ դրամ հատկացնել՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատան կուտակած տուգանքները վճարելու համար։
Նիկոլ Փաշինյանի քաղաքական ամբիցիաների պատճառով պետությունը հսկայական վնաս կրեց, բայց այդպես էլ որևէ մեկը պատասխանատվություն չկրեց իր անպատասխանատու որոշման համար։ 4.2 մլրդ դրամ պետությունն իր գրպանից տվեց՝ անհիմն տուգանքները փակելու համար։
Դեռ չենք ասում, որ լիցենզիայից զրկելու հետևանքով խաղատան գործունեությունից միլիարդավոր դրամներ այդպես էլ չմտան պետական բյուջե։
Հիշեցնենք, որ ընկերությունը պետական բյուջե է վճարում տարեկան 5-6 մլրդ դրամ՝ միաժամանակ ապահովելով նաև հարյուրավոր աշխատատեղեր։
Սրանք հսկայական կորուստներ են, որոնք կրեց պետությունն ու քաղաքացին, զուտ այն պատճառով, որ այդպես էր ուզում Նիկոլ Փաշինյանի սիրտը։
Այդքանից հետո, կրկին քաղաքական նպատակներով, որոշել են «Շանգրի Լա» խաղատանը զրկել լիցենզիայից։ Բոլորն էլ հասկանում են, որ սրանով Նիկոլ Փաշինյանը փորձում է պատժել Գագիկ Ծառուկյանին՝ իր քաղաքական գործունեության համար, ու կրկին թիրախը դարձրել են նրան պատկանող բիզնեսը։
Եթե նախորդ անգամ խաղատանը լիցենզիայից զրկեցին ֆինանսների նախարարության ձեռքով ու այդ անպատասխանատու որոշման պատճառով ստիպված եղան 4.2 մլրդ դրամի տուգանք վճարել՝ պետական բյուջեի հաշվին, այս անգամ պատրաստվում են դա անել Պետեկամուտների կոմիտեի ձեռքով։ ՊԵԿ ստուգումների ու կազմած ակտի հիման վրա էկոնոմիկայի նախարարը հրաման է ստորագրել ընկերությանը լիցենզիայից զրկելու վերաբերյալ։ Իբր ընկերության կողմից 2026թ. մարտ ամսվա համար վերահսկող մարմին ներկայացված ֆինանսական հոսքերի մասին հաշվետվության մեջ ներառված տվյալների և ստուգման շրջանակում ձեռք բերված խաղային ապարատների հաշվիչների ցուցմունքների միջև առկա են անհամապատասխանություններ, խեղաթյուրված և կեղծ տվյալներ են պարունակում։
Դժվար չէ հասկանալ, թե ինչպե՞ս եղավ, որ այդ ամենը հենց հիմա «բացահայտվեց»։
Եթե նույնիսկ համարենք, որ իրականում նման խախտումներ եղել են, արդյո՞ք դրանք բավարար են ընկերությանը լիցենզիայից զրկելու համար։ Նման անհամապատասխանություններ սովորաբար լինում են ցանկացած ընկերությունում, ինչո՞ւ բոլորի գործունեությունը չեն կասեցնում։
Այս պարագայում հատուկ այդպես են վարվել, որովհետև դա է պահանջում իջեցված քաղաքական հրահանգը։
Այդ հիմքով էլ էկոնոմիկայի նախարարը որոշել է կասեցնել ընկերության գործունեության լիցենզիան։ Ու այդ մասին այնպիսի անթաքույց հրճվանքով է ազդարարում, կարծես նոր գործարան են բացել կամ լուծել են հայկական գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրները։
Թե հերթական քաղաքական որոշման պատճառով ինչքա՞ն վնասներ կկրի պետական բյուջեն, առաջիկայում հավանաբար անդրադառնալու առիթներ կլինեն։ Մինչ այդ ուղղակի նշենք, որ առաջին եռամսյակում խաղատունը շահագործող «Օնիրա Քլաբը» պետական բյուջե է վճարել գրեթե 1.5 մլրդ դրամ։
Տարեկան կտրվածքով այն կարող էր հասնել 5-6 մլրդ դրամի։ Լիցենզիայից զրկելուց հետո, այդ գումարներն այլևս չեն գալու բյուջե։ Հարյուրավոր մարդիկ զրկվելու են նաև աշխատանքից ու աշխատավարձ ստանալուց։ Ու այդ ամենը նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է պատժել Գագիկ Ծառուկյանին՝ իր քաղաքական ակտիվության ու ընտրություններին մասնակցելու համար։
Սա վրեժխնդրություն է կուսակցության ղեկավարի, խոշոր գործարարի ու նրա բիզնեսի նկատմամբ, որից տուժողը լինելու է ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, այլև երկրի գործարար միջավայրը, քաղաքացին, պետական բյուջեն ու տնտեսությունը։ Առավել ևս, որ սա իշխանությունների ոչ առաջին, ոչ էլ հավանաբար վերջին քաղաքական հաշվեհարդարն է բիզնեսի նկատմամբ։
Նիկոլ Փաշինյանը ոչ մի բանի առաջ կանգ չի առնում՝ իշխանության լծակները գործի դնելով՝ քաղաքական հակառակորդներին ճնշելու, լռեցնելու ու ասպարեզից հեռացնելու համար։ Այլ բան, որ դա նրան միշտ չէ, որ հաջողվում է։
Կհաջողվի՞ այս անգամ Գագիկ Ծառուկյանի պարագայում, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։ Բայց մի բան ակնհայտ է. Այս ամենը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ բիզնեսը, անգամ՝ խոշոր բիզնեսը, Հայաստանում վտանգված է, ոչ մեկն ապահովագրված չէ քաղաքական իշխանության հարձակումներից ու ճնշումներից, սեփականությունը կորցնելու հեռանկարից։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

