Բաժիններ՝

Սերը բոլոր հիվանդությունների բժիշկն է

Ինչպե՞ս է մեղքի ծանր բեռը քայքայում մարդու միտքն ու մարմինը, և ի՞նչ անեն նրանք, ովքեր ուզում են բժշկվել. պատասխանում է Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը:

– Մեղքը մեզ հիվանդացնո՞ւմ է:

– Մեղքը մարդու մեջ առաջացնում է փոթորիկ, իսկ այն տարբեր ափեր կարող է քանդել։ Երբ մարդը մեղք է գործում, խաթարվում է իր խաղաղ, հանգիստ վիճակը: Նա ընկնում է մտահոգությունների մեջ, ինչը նրան քայքայում է ֆիզիկապես և հոգեպես, դառնում տարբեր հիվանդությունների պատճառ: Այն, ինչ մենք ֆիզիկապես տեսնում ենք, դրա արմատները հոգու մեջ են: Կարևոր է, թե ինչ կա սրտում: Միանշանակ է՝ մեղքի վարձը մահն է: Մարմնի, մտքի ու հոգու առողջությունն ուղիղ կապված է պատվիրանապահության, ամենակարևորը՝ Աստծո հետ հաշտ լինելու հետ:

– Ի՞նչ է տալիս ներումը:

Կարդացեք նաև

-Ասվում է, երբ բարկացար, այդ ժամանակ պարտվեցիր, մինչդեռ ներումը մեզ տալիս է ազատագրում ծանր բեռից, մեզ տալիս է հոգու խաղաղություն: Եվ պետք է հիշել, որ չենք կարող ներել անկեղծորեն, եթե դիմացինին չենք սիրում, իսկ սերը բոլոր հիվանդությունների բժիշկն է:

– Ի՞նչ է տալիս ապաշխարությունը:

– Երբ մարդը մեղք է գործում, հիմնականում սկսում է տանջել խիղճը, որը ժամանակի ընթացքում կարող է քայքայել նրան: Երբ մարդը մեղք է գործում, կարող է ունենալ տագնապներ, անքնություն, բայց երբ իր մեղքը խոստովանում է, մեղքի թողություն ստանում, ազատվում է ծանր բեռից։ Եվ հետաքրքիր է, որ հաճախ, երբ նայում ենք մարդկանց, որոնք ազատվել են այդ բեռից, տեսնում ենք, որ ավելի լուսավոր են դարձել: Կարող ես մարդու դեմքին նայել և այդ լույսը, խաղաղությունը տեսնել։ Ապաշխարությունն այն ճանապարհն է, որ մեղքից հեռացնում է ու մոտեցնում Տիրոջը, իսկ երբ Աստծուն մոտ ենք, չենք տագնապում, վախենում, մենք ազատ ենք, որովհետև մեր հույսը Տերն է:

– Ի՞նչ է տալիս Սուրբ Հաղորդությունը:

– Սուրբ Հաղորդությունը տալիս է հոգու բժշկություն։ Այս խորհրդով մարդը շփվում է Աստծու հետ: Շատ կարևոր է Սուրբ Հաղորդությանը մոտենալ գիտակցված: Մարդը պետք է հասկանա, թե դա իր համար որքան կենսական է: Պետք է պատրաստվի, այդ պահին ունենա ճշմարիտ հավատ, որ մոտենում է Աստծու Մարմնին և Արյանը: Հաղորդությամբ մեր հոգին առողջանում է: Այն յուրաքանչյուր քրիստոնյայի համար անհրաժեշտություն է, կենսատու է: Մեր Տերն ասաց. «Եթե չուտեք Մարդու Որդու մարմինը և չըմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա» (Հովհաննես 6:53):

– Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր ուզում են բժշկվել:

– Խորհուրդ կտամ փնտրել Աստծուն: Պետք է նշել, որ հաճախ հենց հիվանդությունն է պատճառ դառնում, որ մարդը փնտրի և ի վերջո գտնի Տիրոջը: Եվ հիշենք, որ այս կյանքը ժամանակավոր է։ Առանց Աստծո մեր կյանքը լի է տագնապներով, իսկ Նրա հետ՝ լիությամբ, երջանիկ ու խաղաղ: Քրիստոս ասում է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ» (Հովհաննես 14:27): Այդ խաղաղությունը ոչ ոք մեզնից չի կարող վերցնել: Մեր հավատքը պետք է լինի գիտակցված, ոչ թե կույր, փորձենք ճանաչել Աստծուն:

Պատրաստեց Անի Ավագյանը

qahana.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930