Բաժիններ՝

Եվրոպայում անոմալ շոգի պատճառով շվեյցարական սառցադաշտերը կարող են կտրուկ կրճատվել

Մասնագետները կարծում են, որ Եվրոպայում շարունակվող անոմալ տապի պատճառով, շվեյցարական սառցադաշտերը կարող են կորցնել իրենց ծավալի զգալի մասը։ Այս մասին հայտնել է Շվեյցարիայի սառցադաշտերի մոնիթորինգի ծառայության (Glamos) ղեկավար Մաթիաս Հուսը, հաղորդում է AFP-ն։

Նրա խոսքով՝ անցյալ ձմռան ընթացքում կուտակված ձյունն ու սառույցը, ամենայն հավանականությամբ, մինչև երկուշաբթի ամբողջությամբ կհալվեն։ Սա նշանակում է այսպես կոչված «սառցադաշտի կորստի օրվա» մեկնարկ, որից հետո սկսվում է սառույցի զանգվածի բացարձակ սեզոնային կորուստը։ Դիտարկումների տվյալներով՝ սա չափումների ողջ պատմության ընթացքում այս սահմանագծին հասնելու ամենավաղ դեպքերից է. նախկինում նման բան գրանցվել էր միայն մեկ անգամ՝ 2022 թվականին․ այդ օրը համընկել է հունիսի 26-ի հետ։

Ինչպես նշում են Glamos-ում, հալոցքի շարունակականության դեպքում մինչև հոկտեմբեր այս ամենը կհանգեցնի Ալպերում սառցադաշտերի ծավալի կրճատմանը։ Հուսի խոսքով՝ ներկա իրավիճակը պայմանավորված է մի քանի գործոնների համադրությամբ՝ տևական շոգով, ձմռանը ձյան թույլ ծածկույթով և նախորդող տաք ժամանակահատվածներով, ներառյալ մայիսյան տապը։

«Մենք աբլյացիայի՝ ողջ Ալպերում ձյան և սառույցի հալման ահռելի տեմպեր ենք արձանագրում»,— AFP գործակալությանը հայտնել է նա։ «Մենք մոտ երեք ամսով առաջ ենք ընկել նորմալ, կայուն վիճակից»։

Նա հավելել է, որ 21-րդ դարում հալոցքի օրհասական կետը միջինում վրա էր հասնում օգոստոսի կեսերին, սակայն վերջին տարիներին այն ավելի ու ավելի հաճախ է տեղափոխվում ավելի վաղ ժամկետներ։

Glamos-ի տվյալներով՝ Եվրոպայի համար առանցքային նշանակություն ունեցող Հռենոս և Ռոն գետերի ջրերի զգալի մասը գոյանում է հենց ալպյան սառցադաշտերից։ Հուսը պատմել է, որ Ռոնի սառցադաշտ կատարած իր վերջին այցի ժամանակ ականատես է եղել սահմռկեցուցիչ պատկերի. ընդամենը 10 օրում սառույցի հաստությունը նվազել է գրեթե մեկ մետրով։

«Սա չափազանց տպավորիչ է և անոմալ շոգի ուղղակի հետևանք»,— նշել է նա։

Նա նաև ընդգծել է, որ նույնիսկ բարձր ջերմաստիճանով օրերի թվի չնչին ավելացումը զգալիորեն արագացնում է սառցադաշտային ծածկույթի քայքայումը։

Ըստ հետազոտողների՝ սառցադաշտերի հալքն արագացրել են նաև ձմեռային տեղումների պակասը (շուրջ 25%-ով՝ 2010-2020 թթ. միջին ցուցանիշի համեմատ) և գարնանը ձյան շերտի վաղ հալվելը։ Բացի այդ, որոշակի դեր է խաղացել մարտին արձանագրված Սահարայի փոշու ներթափանցումը։

Գիտնականները նշում են, որ հալոցքի դինամիկայով 2026 թվականը համադրելի է Ալպերի համար ռեկորդային ծանր համարվող 2022 թվականի հետ։ Այդ ժամանակ դրա տեպմերը համարվել են աննախադեպ։

Ընդհանուր առմամբ, դիտարկումների տվյալների համաձայն, 2000 թվականից ի վեր շվեյցարական սառցադաշտերի ծավալը կրճատվել է մոտ 38%-ով, իսկ վերջին 50 տարում երկրում անհետացել է շուրջ 1200 փոքր սառցադաշտ։

Հետազոտողները նախազգուշացնում են, որ տաքացման ներկայիս տեմպերի պահպանման դեպքում մինչև դարավերջ Շվեյցարիայում կարող են մնալ սառցադաշտային սառույցի միայն փոքր բեկորներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930