Գերիների հարցը մեկ զանգով լուծելու տարբերակը հայտնի է

Հետպատերազմյան Հայաստանում այնպիսի աննախադեպ և ցնցող իրավիճակ է ստեղծվել, որ, երբ իշխանության կողմից արված հայտարարությունները դնում ես տրամաբանական մեկ շղթայի մեջ, ստանում ես հետևյալ պատկերը՝ վա՜յ, ի՞նչ լավ է, որ պատերազմ եղավ, վա՜յ, ի՞նչ լավ է, որ մենք պարտվեցինք, վա՜յ, ի՞նչ լավ է՝ այս ամենի արդյունքում մենք հնարավորություն ստացանք Թուրքիայի հետ սահմաններ ու ճանապարհներ բացելու։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման պատրաստակամությանը, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ մեր դիրքորոշումները շտկելու ուղղությամբ տարվող քարոզին, ասաց պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։

«Իմ կողմից վերը նշված շղթան ցույց է տալիս, որ պատերազմն այս իշխանությանը ձեռք էր տալիս, և հիմա խինդով և ուրախությամբ հայտարարում են, թե Թուրքիայի հետ հարաբերություն հաստատելու լավ հեռանկար կա»,- ասաց Դեմոյանը՝ շեշտելով, որ նման իրավիճակում գտնվող Հայաստանի ղեկավարությունը, երբ խոսում է Թուրքիայի հետ լավ հարաբերություն հաստատելու մասին, նշանակում է՝ առհասարակ գաղափար չունի, թե ինչ ասել է՝ թուրք-ադրբեջանական տանդեմ, և ինչ ասել է՝ պանթուրքիզմ։

«Ամռանը Մակունցն ասում էր, որ, եթե պատերազմ լինի, Թուրքիան չի՛ աջակցի Ադրբեջանին։ Ինձ մոտ հարց է առաջանում՝ իսկ որտեղի՞ց Մակունցին այդ վստահությունը, ինչ է՝ միտումնավոր խաբո՞ւմ էր, իսկ ո՞ւմ էր խաբում իշխող ուժի պատասխանատուն։ Կամ՝ երբ հիմա ասում է, որ Թուրքիան կարող է քայլ առ քայլ մեր նկատմամբ դիրքորոշում փոխել, որտեղի՞ց այդ վստահությունը նրան։ Ես նրա այդ ասածը հասկանում եմ հետևյալ կերպ՝ ժողովուրդ ջան, եկեք մենք Ցեղասպանության այս տարելիցը չնշենք»,- ասաց Դեմոյանը՝ նշելով, որ համադրելով քաղաքական ուժի կողմից պարբերաբար արվող հայտարարություններն Էրդողանի խոսնակի այն հայտարարության հետ, թե՝ եթե հայերը ճիշտ քայլ անեն, իրենք դարպասները կբացեն, գալիս է համոզման, որ կատարվում է քաղաքական առևտուր։

Հարցին՝ այդ դեպքում ո՞րն է լինելու այն գինը, որը վճարելու է Հայաստանը, եթե այս իշխանությունը որոշի առանց Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու՝ Թուրքիայի հետ բացել սահմանները, Հայկ Դեմոյանը պատասխանեց.

«Այս պատերազմը սկսելու գինը Մեղրիի միջանքն էր։ Այս իշխանության վարած քաղաքականությունը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք ծրագրավորված պատվերի հետ, որը և՛ ներսից, և՛ դրսից ունի շահառուներ։ Գլխավոր հարցն ինձ համար հետևյալն է՝ դեպի պատերազմ գիտակցաբար տանելն ու այսպիսի կորուստներով Արցախը նման վիճակին հասցնելն այդ ծրագրի մե՞ջ էր մտնում, թե՞ ոչ, թեև իմ այս հարցին պատասխանելու համար կարող եմ հնչեցնել մի քանի փաստեր՝ ինչո՞ւ Մակունցը հայտարարեց, որ Թուրքիան չի մասնակցի պատերազմին, ինչո՞ւ պատերազմի ընթացքում, երբ կար նյութական, տարածքային ու մարդկային կորուստները մինիմալի հասցնելու շանս, այն չօգտագործվեց, ինչո՞ւ հանձնվեց Շուշին, ինչո՞ւ պատերազմը մինչև նոյեմբերի 9-ը ձգվեց․․. Սրանք հարցեր են, որոնց պատասխանները տալիս են իմ՝ վերը թվարկած հարցի պատասխանը։ Երբ իմ թվարկած հարցերի շարքը համադրում ենք, տեսնում ենք, որ կար պլան, և հիմա, երբ մեր շիրիմները դեռ թարմ են, այդ պլանին համահունչ ուրախությամբ ասում են, որ «բացվել է լավ շանս», հետևաբար՝ կրկնում եմ, եթե պատերազմը չլիներ, այս իշխանությունն այդ շանսը չէր ունենա։ Պատերազմն ու պարտությունն իշխանության մնալու եղանակ էին ու գինը։ Պատերազմը լոկ միջոց էր իշխանությունը երկարաձգելու համար, որովհետև իշխող ուժը գիտակցում էր, որ Փաշինյանն ու նրա թիմն ահագնացող տեմպերով կորցնում են իրենց հեղինակությունը, ուստի պատերազմը դարձավ իշխանություն մնալու համար վճարված գինը»։

Դեպի Հայաստան թուրքական կապիտալի հոսքին միտված քայլերն արդյոք լինելո՞ւ են իշխանության պահպանման համար վճարվող մեկ այլ գին ևս՝ այն դեպքում, երբ նույն Թուրքիայի աջակցությամբ վարված պատերազմի հետևանքով այսօր Ադրբեջանում ունենք հարյուրավոր գերիներ, Հայկ Դեմոյանը պատասխանեց. «Գերիների հետ կապված՝ նշեմ, որ բավական է իշխանություններից մեկը փոքրիկ հակազդեցությամբ հարց դներ Մեղրիի միջանցքի ապագայի վերաբերյալ, մեկ զանգով կլուծվի գերիների հարցը, կլուծվի, եթե իշխանությունը դա անի։ Այս պատերազմի գինը եղել է այս միջանցքը, ուստի, եթե իշխանությունն ուղեղ, գիտելիք ունի, պետք է այդ շանսն օգտագործի։ Այս ամբողջ պարտիայի գոնե մեկ հաղթաթուղթ հայկական կողմի ձեռքում կլինի, եթե մենք կոշտացնենք մեր դիրքորոշումը՝ Մեղրիի միջանցքի հետ կապված, այդ թվում նաև՝ կոշտացնենք մեր ռազմավարական դաշնակցի հանդեպ»,- ասաց Դեմոյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս