Բաժիններ՝

«Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի 100 աշակերտ և ուսուցչական անձնակազմի կեսը հեռացել են դպրոցից». Հայկ Փայտյան

Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի շուրջ ստեղծված թնջուկը դեռ չի լուծվում: Դպրոցի աշխատակիցների պայքարը տեղափոխվել է դատական փուլ: Հիշեցնենք՝ հունվարի 22-ին դպրոցում կայացել է տնօրենի ընտրություն, որին մասնակցել են դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանն ու գործող տնօրեն Քարմիլե Առաքելյանը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում մասնակիցները վաստակել են 4-ական միավոր, սահմանված կարգի համաձայն՝ հավակնորդների փաստաթղթերը ներկայացվել են ԿԳՄՍ նախարարություն, ու Քարմիլե Առաքելյանը նշանակվել է դպրոցի տնօրեն: Ուսուցչական, աշակերտական, ինչպես նաև ծնողական կոլեկտիվում վստահ են, որ նորանշանակ տնօրենը Կոտայքի նախկին մարզպետ, այսօր արդեն՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հովանավորյալն է, իսկ վերջինը հերքում է այդ պնդումները: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ դպրոցի արդեն նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանն ասաց, որ իր նկատմամբ քաղաքական որոշում է կայացվել: Նա ընթերցեց իրենց դպրոցի աշխատանքից ազատված աշխատակիցների հայտարարությունը, որում մասնավորապես նշված է.

«Ինչո՞ւ փլուզվեց քաղաքի լավագույն ավագ դպրոցը, դա կատարվեց կանխամտածված ու անխղճորեն, քանի որ քաղաքական որոշում էր կայացվել՝ հեռացնել ընդամենը 5 տարի աշխատած տնօրենին, ով իշխանության թիմից, կամ ծանոթ, բարեկամներից չէր»:

Ըստ հայտարարության՝ գործող իշխանությունը, փոխելով բուհերի ռեկտորների և դպրոցների տնօրենների ընտրության կարգը, նպատակ ունի հեռացնել ազգային նկարագիր ունեցող և հայրենասեր կադրերին:

«Ցանկանում են նրանց փոխարինել ոչնչով աչքի չընկած, իրենց պարտական, ուստի հլու-հնազանդ կամակատարներով, որպեսզի առանց ակտիվ դիմադրության հանդիպելու կրթության հիմքում դնեն նոր առարկայական չափորոշիչները, ծրագրերը ու դասագրքերը, դրանով կրթեն ապազգային, հարևանների հանդեպ թշնամանք չունեցող սերունդ»,- ասաց Բաբայանը և պնդեց, որ ստեղծված իրավիճակում հայ մանկավարժը պետք է կրավորական կեցվածք չընդունի:

Քարմիլե Առաքելյանը դատարան էր դիմել իր ընտրվելուց հետո գործադուլ հայտարարած դպրոցի աշխատակիցների գործադուլն անօրինական ճանաչելու հայցով: Դատարանը հայցը բավարարել է 23 հոգուց միայն մեկի՝ գրադարանավարուհու մասով:

«Հայցվոր կողմը՝ ի դեմս փաստաբան Լևոն Սահակյանի, մեր՝ պատասխանող կողմի 23-ից, թողեց 1 հոգու, հրաժարվեց բոլոր 22-ի հայցից, թողեց դպրոցի գրադարանավարուհուն: Ինչո՞ւ, չեմ կարող ասել, բայց տարօրինակ էր այն, որ դատական պրոցես է ընթանում, հայցվոր կողմի փաստաբանի թիկունքում նստած է պատասխանող կողմը, տարօրինակ է ամեն ինչ թվում: 22 ուսուցչի մասով դատարանը կարճեց գործը: Դատարանի որոշումն եմ կարդում՝ «Թիվ ԿԴ/2453/02/21 քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի՝ «Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի՝ ի դեմս տնօրեն Քարմիլե Առաքելյանի ներկայացուցիչ Լևոն Սահակյանի՝ ընդդեմ 22 ուսուցչի՝ գործադուլն անօրինական ճանաչելու պահանջի մասին, կարճել: Լևոն Սահակյան փաստաբանի պնդումը, թե մեր գործադուլն անօրինական է, դա ճշմարիտ չէ, անօրինական չի ճանաչվել գործադուլը»,- ասաց դպրոցի տնօրենի նախկին տեղակալ Արմեն Ավագյանը:

Դպրոցի պատմության արդեն նախկին ուսուցիչ Հայկ Փայտյանը, որը դպրոցից բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել, պատմեց, որ իրեն բերման են ենթարկել այն ժամանակ, երբ Ոստիկանության աշխատակիցներն առանց հիմք ներկայացնելու՝ հորդորել են ուսուցչին՝ լքել դպրոցի տարածքը:

«Նորանշանակ տնօրենի հրամանով, հրահանգով, պատվերով, Ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալն ինձ խնդրում է, պահանջում է, որ ես լքեմ դպրոցը, ես ընդամենը մի հարց եմ տալիս՝ ես այս դպրոցի աշխատողն եմ, խնդրում եմ ինձ ցույց տալ հիմքեր, որով ես պետք է լքեմ դպրոցը, ասում են՝ Ձեզ հեռացրել են, ես ասում եմ՝ ես տեղյակ չեմ, որպեսզի ես համարվեմ հեռացված, իմ ձեռքին պետք է լինի իմ հեռացման հրամանը, որի մասին ես պետք է պատշաճ ծանուցվեմ: Ես այդ պահի դրությամբ չգիտեի՝ հեռացված եմ, հեռացված չեմ, ինչի համար եմ հեռացված, ինձ ասում են՝ լքի  դպրոցը: Ոչինչ ցույց չտվեցին, կատարեցին զանգեր, եկան ասեցին՝ գիտե՞ք, մեզ ասում են, որ Դուք պետք է դպրոցում չլինեք, չգիտեմ՝ ո՞վ է ասում, ի՞նչ հիմքերից ելնելով է ասում»,- ասաց Փայտյանը:

Նրա խոսքով՝ դպրոցից հեռացել է ոչ միայն աշխատակիցների կեսը, ոմանք էլ մնացել են ուղղակի եկամտի աղբյուրից չզրկվելու համար, այլև աշակերտները:

«Դպրոցից հեռացել է 370 աշակերտներից մոտ 100-ը, ուսուցչական անձնակազմի կեսը՝ 13 հոգի, գործից կա՛մ հեռացվել է, կա՛մ այս խայտառակ ապօրինությունների, անարգանքի պայմաններում ինքնակամ ազատման դիմում է գրել և դուրս է եկել:  Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցը, ըստ էության, քանդվել է այլևս, քանդվեց դպրոցի վարկանիշը»,- ասաց Փայտյանը:

Նա նաև նշեց, որ ավելի մեծ թվով աշակերտներ կհեռանային, սակայն մնացել են  մոտակայքում գտնվող այլ ավագ դպրոցներում տեղերի բացակայության պատճառով: Ուսուցչի խոսքով՝ այդ աշակերտները, ինչպես նաև մնացած ուսուցիչները ճնշումների են ենթարկվում: Լրագրողի հարցին, թե ի՞նչ արձագանք է եղել ՀՀ կառավարությունից և իշխանություններից, Փայտյանը պատասխանեց, որ իրենց ուսուցչական կազմի, ինչպես նաև աշակերտների և նրանց ծնողների դիմումները, խնդրանքները մնացել են անպատասխան:

«Ինչպես և բոլոր հարցերում, ըստ էության, մեր դպրոցում մասնավորապես դրսևորեցին վառ ընդգծված խայտառակ ապազգային դրսևորում»:

Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի արդեն նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանն ասաց, որ  ԿԳՄՍ նախարարի որոշումը՝ Քարմիլե Առաքելյանին նշանակել տնօրեն, բողոքարկել է Ընդհանուր իրավասության դատարանում, սակայն հայցը վարույթ չի ընդունվել:

«Ասել են՝ պետք է դիմեք Վարչական դատարան: Փաստաբանի հետ այս որոշումը բողոքարկել ենք, սպասում ենք Վերաքննիչի պատասխանին»,- ասաց Բաբայանը և ավելացրեց, որ նման հարցերով այլ բողոքներ Ընդհանուր իրավասության դատարանը վարույթ ընդունել է:

Նախկին տնօրենը նաև նշեց, որ երկու անգամ դիմել են Նիկոլ Փաշինյանին:

«Դիմումների ընթացքին հետևելով՝ հասկացել ենք, որ վարչապետին ուղղված մեր դիմումը վերահասցեավորվել է նախարարություն, նախարարությունն այնտեղ օրենքից մեջբերումներ է արել, մենք պահանջում էինք դադարեցնել տնօրենի լիազորությունները, ժ/պ նշանակել և տնօրենի նոր ընտրություն նշանակել, օրենքից չոր մեջբերումներ են, որ օրենքը դա չի նախատեսում, և վերջ»,- ասաց Բաբայանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս