Արցախը չի՛ կարող մեռնել. Շուշիի Սուրբ ամենափրկիչ եկեղեցու հովիվ

Այսօր հավաքվել ենք հիշելու և օրհնելու Արցախի Անկախության հռչակման 34-րդ տարեդարձը, սա օր է, որ մեզ հիշեցնում է ոչ միայն մեր ժողովրդի հաղթանակները, այլ նաև մեր կրած ցավն ու խաչը։ Այս մասին այսօր Միասնության հանրահավաքի ժամանակ ասաց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը։

«Արցախի անկախությունը ծնվեց ոչ թե թղթի վրա, այլ արյան և աղոթքի մեջ։ Այն ծնվեց այն պահին, երբ մանուկները մկրտվեցին խրամատներում, երբ մայրերը որդիներին օրհնությամբ ուղարկեցին կռվի դաշտ, երբ քահանաները թշնամու գնդակների տակ մատուցեցին սուրբ պատարագ։ Մեր նահատակները իրենց կյանքը զոհեցին ոչ թե մահվան, այլ կյանքի համար։ Այս զոհողության մեջ է մեր հավերժության ուժը։ Եթե հիշում ենք մեր նահատակներին, եթե ապրում ենք նրանց կամքով, ապա Արցախը չի կարող մեռնել:

Մենք պարտավոր ենք մեր սրտում պահել ազատության լույսը, որովհետև այն միայն մերը չէ, այլ ապագա սերունդներինը։

Այսօր առավել քան երբևէ մեզ պետք է համախմբություն։ Ինչպես խաչից հետո եղավ հարություն, այնպես էլ մեր ժողովրդի Գողգոթան կունենա իր վերածնունդը»,-ասաց Տեր Անդրեաս քահանա Թավադյանը։

Տեսանյութեր

Լրահոս