«Եթե իշխանության ուշադրության կենտրոնում լինեին Արցախը, Սյունիքը, Գեղարքունիքը՝ կտեսնեինք որոշակի գործուն քայլեր, բայց տեսանք անգործություն». Թագուհի Թովմասյան
Սոթքի ոսկու հանքի հետագա ճակատագրի, ներկայիս իրավիճակի, հանքի աշխատակիցների, ինչպես նաև Մարտակերտի ճանապարհի ու մի շարք այլ խնդիրների շուրջ 168.am-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ:
– Տիկին Թովմասյան, Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դուք մասնակցելո՞ւ եք ընտրություններին, եթե այո՝ ապա ի՞նչ ցուցակով:
– Նախ, ես դեռ չեմ մտածում, որ ընտրություններ լինելու են, քանի որ ֆեյսբուքյան գրառումը որևէ իրավական հիմք չունի, և քանի դեռ իրավական գործընթաց չի սկսվել՝ ընտրությունների անցկացման օրվա հետ կապված, ես չեմ ասի, թե ընտրություններ կլինեն:
Ինչ վերաբերում է իմ ծրագրերին, անկեղծ, այդ հարցի պատասխանը չունեմ՝ ուզո՞ւմ եմ մասնակցել ընտրություններին, թե՞ ոչ: Երբ այս հարցի պատասխանն ինքս ինձ համար կունենամ՝ կորոշեմ՝ եղած առաջարկներից որն ընդունեմ: Հավատացեք, առաջարկները շատ են, գրեթե բոլոր ուժերի կողմից ընդունելի ու գայթակղիչ:
Ամեն դեպքում, ես մի փոքր հիասթափվել եմ խորհրդարանական աշխատանքից, որովհետև, լինելով խորհրդարանական երկիր, այս տարիների ընթացքում ես արձանագրեցի, որ խորհրդարանն ունի զրո դերակատարում մեր երկրի կառավարման համակարգում: Մենք ավելի շատ կցորդ ենք, հետևից գնացող, պրոցեսներին ոչ թե ընդառաջ գնացող, այլ հետևող: Դրա համար պետք է մտածեմ՝ ուզո՞ւմ եմ մասնակցել ընտրություններին, եթե այո, ապա ինչպե՞ս եմ շարունակելու այդ աշխատանքը:
– Իսկ Ձեզ համար զարմանալի՞ էր, որ արտահերթ ընտրությունների մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, այն էլ՝ ֆեյսբուքյան էջի միջոցով:
– Զարմանալի չէր այն իմաստով, որ հանգուցալուծումը պետք է, բնականաբար, լինի ընտրությունների միջոցով, որովհետև այլ ելք չէր մնում, ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասով որևէ կոնսենսուս չկար: Ամեն դեպքում ֆեյսբուքյան ստատուսն ինձ համար լուրջ չէ, դրան պետք է իրավական գործընթացներ հետևեն, եթե նման բան լինի, ապա այդ ժամանակ կհամարեմ, որ մեր երկրում արտահերթ ընտրություններ են սպասվում:
– Իսկ մեր իշխանությունը, կառավարությունն այդքան ֆինանսական ռեսուրս ունի՞ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, քանի որ 44-օրյա պատերազմից հետո առաջացան բազմաթիվ խնդիրներ՝ սոցիալ-տնտեսական, և առհասարակ այսօր ժամանա՞կն էր արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:
– Կարծում եմ՝ ընտրությունների ելքն անխուսափելի էր և, բնականաբար, ամենացանկալին իշխանությունների համար, միաժամանակ պետք է նաև հասարակության լարվածությունը որոշ ձևով թոթափվեր, ու այլ ելք չկար, քան ընտրությունը:
Իսկ եթե իրենք խոհեմ լինեին, ապա խորհրդարանում վարչապետի փոփոխությունը կանեին հենց իրենց ներսում, ու անցումն ավելի լավ կլիներ, ինչը չէր ենթադրի բյուջեի ու պետության ծանրաբեռնվածություն: Ամեն դեպքում ընտրությունները բավականին ծախս են ենթադրում, մեծ ֆինանսական ռեսուրսների ներդրում, նաև կուսակցություններն են սկսելու գումարներ հայթայթել, նորից դրամահավաքների շքերթ ենք տեսնելու:
Այն գումարները, որոնք կարող էին, օրինակ, ուղղորդվել Արցախի մեկ գյուղի վերաբնակեցման, կամ ՀՀ սահմանների համար՝ մեկ խրամատ ավելի փորվեր, ոչ թե ցելոֆանների վրաններ ունենայինք, այլ իրականում նորմալ պաշտպանված առաջնագիծ, այս ամենը ենթադրում է ֆինանսական ռեսուրսներ… Նոյեմբերի 9-ից հետո անցել է չորս ամիս, սակայն մեր սահմանները շարունակում են մնալ անմխիթար վիճակում: Մինչդեռ տեսնում ենք, թե Ադրբեջանում ինչ արագությամբ են ամրացնում առաջնագիծը:
– Ձեր կարծիքով՝ արտահերթ ընտրություններին նախապատրաստվելիս, այսինքն՝ առաջիկա ամիսներին, արդյո՞ք Արցախն ու Սյունիքը դուրս չեն մնալու իշխանության ուշադրությունից, քանի որ այդ ընթացքում նրանք զբաղվելու են նախընտրական քարոզարշավով: Արդյո՞ք այս ամենն եք հաշվի առել, որ մի քանի անկախ պատգամավորներով ստեղծել եք Արցախ նախաձեռնությունը:
– Ճիշտ արձանագրում արեցիք, եթե իշխանության ուշադրության կենտրոնում լինեին Արցախը, Սյունիքը, Գեղարքունիքը, բնականաբար, կտեսնեինք որոշակի գործուն քայլեր, թե ինչ են իրականացնում: Սակայն մենք տեսանք անգործություն, որին արձագանքեցինք յուրաքանչյուրս մեր քայլով: Այս նախաձեռնության նպատակն է՝ մեր խորհրդարանում լսելի դարձնել Արցախի ձայնը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում