Բաժիններ՝

Հայ-իրանական առևտրի առանձնահատկությունները

Իրանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2012թ. առաջին 9 ամիսների ընթացքում կազմել է 233.6 միլիոն դոլար կամ ընդհանուր ծավալի 5.8%-ը։

Այդ թվում՝Իրանից  ներմուծումը 163.6 միլիոն դոլար է, արտահանումը՝ ըստ Ազգային վիճագրական կոմիտեի՝ 70.3 միլիոն, ըստ ՊԵԿ մաքսային կոմիտեի՝ 82 մլն։ Այսինքն՝ արտաքին առևտրում առավելությունն Իրանի կողմն է։

Ավելին, երկկողմ առևտրում Հայաստանը զիջում է ոչ միայի առևտրի ծավալների, այլ ապրանքատեսականու առումով։ Այսպես, ընթացիկ տարում Իրանից ներմուծվել է 1276 անուն ապրանք, արտահանվել՝ 150-ից էլ քիչ։

Նշենք, որ ըստ ՊԵԿ մաքսային կոմիտեի տվյալների, ընթացիկ տարում դեպի Իրան արտահանման 82 միլիոն դոլարից առյուծի բաժինը՝ 69.8 միլիոնը, բաժին է ընկնում էլեկտրաէներգիային։ Երկրորդ տեղում, բնականաբար, ոչխարներն են՝ 22 800 հատ՝ 3.17 միլիոն դոլար արժեքով։ Արտահանման մյուս զգալի հոդվածը ալյումինի ջարդոնն է՝ 2 միլիոն դոլար, և անմշակ ալյումինը՝ 1.27 միլիոն դոլար։

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այստեղ էլ առաջին տեղում գազն է. 2012թ. հունվար-սեպտեմբերին Իրանից ներմուծվել է 1.7 միլիարդ խմ գազ՝ 66.3 մլն դոլար արժեքով։ Մյուս կարևոր ուղղություններն են բիտումը և նավթավերաշմակման այլ մնացորդները (12.6մլն դոլար), պարարտանյութերը (8.5 միլիոն), սուլֆիդները (4.7 մլն) և այլն։

Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ինտերֆաքսի» հետ այսօր հրապարակված հարցազրույցում անդրադարձել էր Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցներին՝ նշելով, որ դրանք լուրջ հարված են Հայաստանի տնտեսությանը, քանի որ այն համաշխարհային շուկա ելքի երկու հնարավորություն ունի՝ Վրաստանով և Իրանով: «Միջազգային պատժամիջոցները զրոյի են հավասարեցնում Իրանի հետ աշխատելու մեր հնարավորությունը, այդ թվում՝ տարանցիկ փոխադրումները: Դա Հայաստանի համար լրջագույն խնդիրներ է ստեղծում»,- ասել էր վարչապետը՝ ավելացնելով, որ այդ հարցերը մշտապես շոշափվում են ԵՄ-ի, ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի հետ բանակցություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս