Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի
Նավթի գները երկուշաբթի առավոտյան ակտիվորեն աճում են Սաուդյան Արաբիայում տարբեր օբյեկտների վրա հութիների նոր հարձակումների, ինչպես նաև այդ թագավորությունում կարևոր նավթամուղի փակման ֆոնին։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները վաճառվում են 107,17 դոլարով (մեկ բարելի դիմաց), ինչը 2,56 դոլարով (2,45%) բարձր է նախորդ առևտրաշրջանի փակման ցուցանիշից։ Անցած ուրբաթ դրանք էժանացել էին 3,02 դոլարով (2,81%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 104,61 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինն ավելացել է 2,56 դոլարով (2,56%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 102,61 դոլարի։ Նախորդ նիստի արդյունքներով դրանց արժեքն ընկել էր 2,43 դոլարով (2,37%)՝ հասնելով 100,05 դոլարի։
Անցած շաբաթվա ընթացքում երկու տեսակներն էլ թանկացել են ավելի քան 8%-ով։

