Բաժիններ՝

«Նախկին 4 զույգ անգղի փոխարեն՝ այսօր Խոսրովի արգելոցում ունենք 9-11 զույգ անգղ»

Սև անգղը, որը երկար, լայն թևերով, կարճ, բութ կտրված պոչով, լեշակեր թռչուն է՝ գրանցված է Միջազգային Կարմիր գրքում: Եթե Հայաստանում տարիներ առաջ սև անգղը բնադրվում էր նաև Վայոց Ձորում և Սևանում, ապա այսօր նրան կարելի է հանդիպել միայն Խոսրովի արգելոցում:

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը 168.am-ի հետ զրույցում պատմում է, որ տարիներ առաջ անգղերի վրա օղակներ էին տեղադրել` տեղեկանալու համար նրանց հավանական միգրացիոն տեղաշարժերի մասին: Հետո նկատել էին, որ այն այնքան էլ արդյունավետ միջոց չէ, և սկսել էին կիրառել թանկարժեք մեթոդիկա:

Անգղերի վրա տեղադրվել էին բավականին թանկարժեք ռադիոհաղորդիչներ: Այսօր այն տեղադրված է միայն մի անգղի վրա:

Պարոն Ղասաբյանը պատմում է, որ ռադիոհաղորդիչներ տեղադրելուց հետո նկատել էին, որ նոյեմբեր ամսից անգղերը սկսել էին շարժվել դեպի հարավ. «Մի անգղը շարժվել էր դեպի Պարսկաստան, մյուսը` Սաուդյան Արաբիա: Ամբողջ ձմեռն անցկացրել էին այնտեղ, հետո գրեթե նույն ճանապարհով եկել, Հայաստանն անցել էին, հասել Ադրբեջան և մնացել այնտեղ: Կարճ ժամանակ անց պարզեցի, որ այնտեղ շատ անասուններ են պահում, հետևաբար՝ կերը շատ է, և անգղերն էլ լեշ են ունենում:

Հաջորդ ձմռանն անգղերը կրկին գնացել էին հարավ, նույն վայրերում ձմեռել և նույն ճանապարհով կրկին վերադարձել Ադրբեջան»:

Պարոն Ղասաբյանը ափսոսանք է հայտնում, որ այդ հաղորդիչներն  աշխատում են ընդամենը չորս տարի ժամկետով: Նրա պատմելով` չորս տարի հետո թելը, որով ռադիոհաղորդիչն ամրացված է անգղին, սկսում է նեխել:

Խոսելով, մասնավորապես, սև անգղի մասին` պարոն Ղասաբյանը նկատում է, որ մեզ մոտ սև անգղի խնդիրը շատ լուրջ է. «Մի տասը տարի առաջ մնացել էր ընդամենը չորս զույգ անգղ: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նրանք սոված էին մնում և կեր չէին կարողանում հայթայթել: Երբ հետևում էինք նրանց, նկատեցինք, որ ձագերը սոված են մնում, որովհետև ծնողները չէին կարողանում կեր բերել: Այդ տարիներին մենք կազմակերպեցինք արհեստական կերակրում: Տարբեր լեշեր էինք գտնում և նրանց մոտ տանում: Այս եղանակով կարողացանք պահպանել նրանց, և այսօր Խոսրովի արգելոցում արդեն ունենք 9-11 զույգ անգղ»:

Մեր հարցին, թե ի՞նչ քայլեր են անհրաժեշտ կատարել՝ սև անգղի թվաքանակը շատացնելու համար, Մամիկոն Ղասաբյանը պատասխանեց՝ պետք է բնությունը պահպանել. «Սովետական Միության ժամանակ, երբ անասունները սատկում էին, նրանց լեշերը գցում էին դաշտ, և դրանք անգղերի համար կերակուր էին դառնում: Բացի դրանից էլ` այն ժամանակ, երբ մեր կենդանական աշխարհը բավականին լավ վիճակում էր, ունեինք վայրի խոզեր, այծեր, մուֆլոններ, որոնք, երբ սատկում էին, անգղերի համար կրկին կեր էին դառնում:

Սովետական Միության ժամանակ անգղերը միշտ էլ կարողանում էին իրենց համար լեշ հայթայթել: Բայց Սովետի փլուզումից հետո, երբ կոլխոզ-սովխոզները քանդվեցին և դարձան մասնավոր սեփականություններ, սեփականատերերը սատկած անասունի միսը սկսեցին գործարաններ հանձնել, իսկ մնացած մասն էլ` իրենց շներին:

Այդ պատճառով էլ անգղերին տնական անասուններից այլևս կեր չմնաց: Իսկ վայրի խոզերը, մուֆլոններն ու այծերն էլ շատ արագ ձևով պակասեցին, քանի որ որսագողությունը շատացավ, և անգղերը բնական կերից էլ զրկվեցին»:

Այս ամենի հետ մեկտեղ՝ պարոն Ղասաբյանը նկատում է, որ այսօր սև անգղի վիճակը կամաց-կամաց լավանում է: Նա նշում է նաև, որ մինչև ուսումնասիրություններ չկատարվեն, իրենք չեն կարողանա համապատասխան քայլեր ձեռնարկել:

«Ցավոք, մեզ մոտ վերջերս փողն ավելի շատ ծախսում են թղթաբանության, քան գիտահետազոտական հետաքրքիր գործի վրա»,- ընդգծում է Մամիկոն Ղասաբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս