Լևոն Տեր–Պետրոսյանի կադրերի դիրքավորումները՝ Փաշինյանի իշխանության մեջ

2018թ. Նիկոլ Փաշինյանի «թավշյա հեղափոխությունն» իր աջակցությունը ստացավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից, նրա գլխավորած Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության անդամներից, համակիրներից, ակտիվիստներից, որովհետև հույս ունեին, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտելու է «Մարտի 1»-ի գործը, 10 սպանությունները, այդ ժամանակվա երկրի ղեկավարներն էլ դատապարտվելու են ազատազրկման, բայց ոչ մի բացահայտում տեղի չունեցավ, մարտիմեկյան իրադարձություններում մեղքի իր մեծ բաժինն ունեցող Փաշինյանը, ինչպես միշտ, չկատարեց իր խոստումը, բայց մինչ օրս շարունակվում է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական գործընթացը, որի հանդեպ, կարելի է ասել, մարել կամ գոնե նվազել է հասարակական հետաքրքրությունն ու պահանջատիրությունը:

Դատավարությունը չավարտված՝ «Մարտի 1»-ի գործով տուժածների հարազատների պահանջատիրությունը մեղմվեց, երբ 2019թ. սեպտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշում կայացրեց պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը 720 միլիոն դրամ հատկացնել 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից տուժած անձանց աջակցություն տրամադրելու համար:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով՝ զոհերի իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին տրամադրվող գումարը չափը 30 մլն դրամ է:

Մարտի 1-ի դեպքերի օրերին առողջությանը ծանր վնաս հասցված անձին պետբյուջեից հատկացվեց 15 մլն դրամ, իսկ առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 մլն դրամ:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դա ոչ թե փոխհատուցում էր, այլ աջակցություն զոհվածների հարազատներին և տուժածներին:

Աջակցություն էր թե փոխհատուցում, գումարը հսկայական էր, և հասարակական-քաղաքական լայն շրջանակները, «Մարտի 1»-ի գործով դատավարությունը դեռ չավարտված, երբ դեռ պետք է դատարանում խոսեին «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդները, 30 միլիոն դրամ գումարի տալը, մեղմ ասած, տարօրինակ համարեցին, իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք, դա կաշառք էր, որը տրվեց մարդկանց բերանները փակելու և Նիկոլ Փաշինյանի ականջներին հաճո ելույթների համար:

Նիկոլ Փաշինյանի նշած այս աջակցությունը տրամադրվել է այն մարդկանց իրավահաջորդներին, ովքեր իրենց քաղաքական նախընտրությունների առաջնահերթությամբ դուրս էին եկել ցույցի և պատահաբար զոհվել կամ վիրավորվել հայտնի իրադարձությունների արդյունքում:

2008թ. մարտի 1-ին Երևանում ՀՀ 10 քաղաքացի էր զոհվել, վիրավորվել ավելի քան 200 մարդ:

Մի բան պարզ է՝ Փաշինյանը չի կատարել մարտիմեկյան դեպքերի առնչությամբ գլխավոր խոստումը, բայց սա չի խանգարում, որ Տեր-Պետրոսյանի համակիրներից շատերը շարունակեն իրենց «հաղթարշավը» փաշինյանական իշխանության մեջ՝ անտեսելով նույնիսկ Տեր-Պետրոսյանի խիստ գնահատականը, որ նա չի անդրադառնալու «ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»:

Մյուս կողմից, չպետք է մոռանալ, որ Տեր-Պետրոսյան-Փաշինյան հարաբերությունները սրվեցին ընդամենը ամիսներ առաջ: Մինչ այդ Տեր-Պետրոսյանը և նրա թիմը անվերապահորեն պաշտպանում էին Փաշինյանին՝ դաժան և անձնավորված քննադատությունների ենթարկելով նախկին իշխանություններին:

Հիշեցնենք՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի, հսկայաքանակ մահացությունների և առհասարակ ձախողած քաղաքականության մասին բոլոր քննադատությունների, 2020թ. հունիսի 5-ին Լ. Տեր-Պետրոսյանը խոսեց պարզագույն սիլլոգիզմից՝ Փաշինյանի կառավարությանը քննադատողներին մեղադրելով ազգի դավաճանության մեջ և այդ օրերին չպատճառաբանված աջակցություն ցուցաբերելով պետական կառավարումը տապալած իշխանություններին:

«a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,

b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,

c) Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։

Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»,- այդ ժամանակ գրել էր Տեր-Պետրոսյանը:

Այնուհետև, 2020թ. նոյեմբերի 10-ին, երբ արդեն ստորագրված էր կապիտուլյացիոն փաստաթուղթը, Տեր-Պետրոսյանը «Պահի հրամայականը» վերտառությամբ հայտարարություն տարածեց, որում, մասնավորապես, ասվում էր.

«Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով։ Քաղաքացիական պատերազմը թուրք-ադրբեջանական դաշինքին մեծագույն նվեր լինելուց բացի, կործանարար կլինի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի, և թե՛ ողջ հայության համար։ Ուզում եմ հուսալ, որ ազգի ճակատագրով մտահոգ կուսակցությունները, հասարակական-քաղաքական խմբերը, ուժային կառույցները, մտավորականության հեղինակավոր ներկայացուցիչները և ընդհանրապես պատասխանատվության զգացում ունեցող բոլոր ուժերը կգործադրեն իրենց ողջ ազդեցությունը՝ նման աղետալի հեռանկարից խուսափելու համար»:

Լ. Տեր-Պետրոսյանի՝ Փաշինյանի կառավարության նկատմամբ տրամադրությունների վայրիվերումները շատերը տարբեր կերպ են մեկնաբանում: Հեղափոխությունից հետո և մինչ օրս շատերն այն կարծիքին են, որ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի քաղաքական ժառանգորդն է և շարունակում է նույն քաղաքականությունը: Ոմանք էլ այն կարծիքին են, որ թեև Փաշինյանը իշխանության գալով՝ ինչ-որ պահից որոշակիորեն շեղվել է Տեր-Պետրոսյանական գծից, սակայն միևնույն է՝ ՀԱԿ-ի կադրերը շարունակում են տեղավորվել պետական կառավարման համակարգում:

168.am-ն առանձնացրել է Փաշինյանի իշխանության «լևոնական կադրերին», որոնք, թերևս, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեցին: Եվ այսպես.

1. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան-2008 – 2012 թթ. «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թ.-ից «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ

2. Մշակույթի նախկին նախարար, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց– եղել է 2008թ․ քաղաքացիական ակտիվությամբ աչքի ընկնող Լիբերալ կուսակցության անդամ, 2012թ․ ՀԱԿ-ի համամասնական ցուցակով մասնակցել է ԱԺ ընտրություններին։

3. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյան- 2008 թվականին եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր: 2011 թվականից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է։

2007-2010թթ. ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։

Արայիկ Հարությունյանը հիմնադրել է նաև «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» քաղաքացիական նախաձեռնությունը, եղել է «Բանակն իրականում» խմբի անդամ։

4. ՀՀ առողջապահության նախկին նախարար, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյան- Հայաստանի Հանրապետական կուսակցության իշխանության ժամանակահատվածում ունեցել է ընդդիմադիր կեցվածք։

Հանդիսացել է «ՀԻՄԱ» քաղաքացիական նախաձեռնության անդամ։

2018 թվականին Հայաստանում թավշյա հեղափոխության ժամանակ մասնակցել է քաղաքացիական անհնազանդության պայքարին։

5. «Իմ» քայլը խմբակցության պատգամավոր Արման Եղոյան- 2008թ.՝ «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության հիմնադիր անդամ, 2011թ.՝ «ՀԻՄԱ» հկ խորհրդի անդամ:

Հավելենք, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ Նարեկ Բաբայանը 2008թ. մարտի 1-ից հետո եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության հիմնադիրներից:

Վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ևս 2008թ․ քաղաքացիական ակտիվիստ էր։

Հիշեցնենք, որ «ՀԻՄԱ»-ն որպես կարգախոս՝ ծնվեց 2008թ․ փետրվարյան հանրահավաքների օրերին, շատերն անգամ այդ կարգախոսով կրծքանշաններ էին կրում:
Ժամանակին WikiLeaks կայքում հայտնված ամերիկյան գաղտնի նամակագրության փաստաթղթերից մեկն անդրադարձել է 2008թ. մարտի 1-ից հետո ստեղծված «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնությանը: Փաստաթուղթը թվագրված է 2008թ. մայիսի 29-ով:

«Մարտի 1-ից սկսած «ՀԻՄԱ»-ն կազմակերպել է մի շարք աչքի ընկնող ակցիաներ, որոնք պահանջում էին քաղաքական բանտարկյալների ազատ արձակում, խոսքի և հավաքների ազատություն, օրենքի գերակայություն: Նախաձեռնության բողոքի որոշ ակցիաներ ներառում էին բանտարկյալների շորերով երթը գլխավոր դատախազության առաջ` բերանները կապած վիճակում, կամ ընդդիմադիր թերթերի բաժանում խորհրդարանի շենքի դիմաց»,- ասվում էր փաստաթղթում:

Նշվում էր նաև, որ ԱՄՆ դեսպանատունը Պետքարտուղարությանը ներկայացրել է «ՀԻՄԱ»-ի ներգրավվածությունը բնապահպանական ակցիաներին, այդ թվում` Թեղուտի անտառում հանքավայրերի շահագործման դեմ իրականացվող գործողություններին:
Փաստաթղթում անդրադարձ կար «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության հիմնադիրներից մեկի` Արսեն Խառատյանի վրա կատարված հարձակմանը, որը տեղի էր ունեցել մայիսի 28-ին:

Ասվում էր, որ Արսեն Խառատյանի վրա հարձակումը դրան նախորդող մեկ շաբաթվա ընթացքում կառավարությանն ընդդիմացող հասարակական գործիչների վրա կատարված երրորդ հարձակումն էր:
ԱՄՆ դեսպանատան աշխատակցի հետ հանդիպման ժամանակ Արսեն Խառատյանն ասել է, որ «ՀԻՄԱ»-ն ոչ մի քաղաքական կուսակցության կամ առաջնորդի չի ենթարկվում:

6. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյան- ՀԱԿ համակիր է, ՀՀՇ-ական Բաբկեն Արարքցյանի երկարամյա ընկերը:
2020-ի մարտին «Փաստը» գրեց, որ «ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցում իշխանությունները որոշում կայացնելուն շատ մոտ են, և որ իշխանության թեկնածուն ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն է, և որ նրա հարցերը իշխանության բարձր օղակներում լուծել է Լևոն Տեր-Պետրոսյանի երբեմնի օգնական, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը»:

Վահրամ Դումանյանը, Սամվել Կարաբեկյանն ու Արայիկ Հարությունյանը 2008թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանի շարժման ակտիվ մասնակիցներ են:

Լրատվամիջոցը նշել էր նաև, որ Վահրամ Դումանյանը ԵՊՀ ռեկտոր կդառնա Փաշինյան-Տեր-Պետրոսյան մեծ գործարքի արդյունքում: Այսօր Դումանյանը ԿԳՄՍ նախարար է, և գուցե՝ նման գործարքի արդյունքում:

7. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյան- Եղել է ՀՀՇ վարչության անդամ, ավելի ուշ չէր ողջունել ՀՀՇ-ն «վերացնելու» Տեր-Պետրոսյանի որոշումը:

««Հայոց համազգային շարժում»-ը քաղաքական պատկերացումներով չի տեղավորվում Հայ ազգային կոնգրեսում: ՀԱԿ-ում որպես ռազմավարություն՝ ներկայացվում է բուրժուաժողովրդավարական հեղափոխությունը»,- ասել էր նա:

1990-1995թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: ԳԽ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ:
1995-1999թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԱՀԿ ԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար:

8. ՍԴ դատավոր Վահե Գրիգորյան- 2008 թվականից մինչև 2019 թվականը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մասնակցել է 80-ից ավելի դատական գործերի։ Եղել է «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ։

9. ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյան– Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք՝ 1990-1997 թվականներին, եղել է ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետ, նախարարի առաջին տեղակալ: ՀՀ առաջին նախագահի ժամանակ նաև ՀՀ զինվորական դատախազ է աշխատել՝ 1997-2006 թվականներին:

2012 թվականի մայիսի 6-ին «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր: Եղել է «Մարտի 1»-ի գործով դատապարտված:

10. ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան- 1990-1991թթ.՝ ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ: 1991-1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 1994-1996թթ.՝ Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչ: 2008-2009թթ.՝ Երևանում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ:

11. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան-

1991-1992 թթ. ՀՀ ներքին գործերի փոխնախարար, զուգահեռաբար՝
ՀՀ պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ:
1992-1994 թթ. – ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ
1994-1999 թթ. ԱՊՀ մասնակից-պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալ, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ։

Վաղարշակ Հարությունյանը գեներալական զինվորական բարձր կոչումը ևս Տեր-Պետրոսյանի օրոք է ստացել՝ գեներալ-մայոր (19.09.1994), գեներալ-լեյտենանտ (20.09.1996):

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի տեղակալ Սուրեն Սահակյանը ևս Տեր-Պետրոսյանի ժամանակ բարձր պաշտոններ է զբաղեցրել:

1991թ. նշանակվել է Հայաստանի ներքին գործերի առաջին փոխնախարար:

1991-1992թթ․, 1993թթ. Հայաստանի հարկային պետական ​​տեսչության պետ

1994-1999թթ. ՌԴ-ում ՀՀ դեսպանության լիազոր նախարար և արտակարգ դեսպանորդ

1995-1999թթ. ԱՊՀ միջպետական ​​տնտեսական կոմիտեի կոլեգիայում ՀՀ լիազոր ներկայացուցիչ

Նախարար Վաղարշակ Հարությունյանի խորհրդականը գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի որդին է՝ Վարազդատ Դալիբալթայանը:
Հիշեցնենք, որ Գուրգեն Դալիբալթայանը 1991թ.-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-նախարարների խորհրդին կից պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ: Այնուհետև զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի, պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները: 1993-2006 թթ. զբաղեցրել է ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականի, ապա՝ Գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնները: 1992թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Գուրգեն Դալիբալթայանին գեներալ-լեյտենանտի, իսկ 1996թ.-ին` գեներալ-գնդապետի զինվորական կոչում:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի խորհրդականը՝ Վլադիմիր Պողոսյանը, եղել է ՀՀ առաջին նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը:

Նիկոլ Փաշինյանը ևս իր քաղաքական կարիերայի համար պարտական է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Ժամանակին և գուցե հիմա էլ Փաշինյանին համարում էին Տեր-Պետրոսյանի «հոգեզավակը», թեպետ ժամանակ առ ժամանակ նա դավաճանել է իր «կնքահորը»:

Մի առիթով գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանն ասել է.

«Ես Լևոնի համար վիրավորվում եմ, որ ասում են՝ նրա սանն է: Ոչ, Լևոնի սանը չի: Կյանքումս առաջին անգամ Լևոնին պաշտպանում եմ: Պատմություն չունի ինքը, կենսագրություն չունի, փողոցից է, փողոցում քայլելով եկավ և իշխանափոխություն արեց»:

Տեսանյութեր

Լրահոս