Ո՞վ է Օնիկ Գասպարյանի խորհրդականը․ ո՞ւմ շահերն է սպասարկում, ո՞ւմ քարոզչությունն է անում

ՀՀ Զինված ուժերի (ԶՈւ) Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ Օնիկ Գասպարյանի  խորհրդական Վլադիմիր Պողոսյանը գտնում է, որ պատերազմի ընթացքում զոհերի, վիրավորների թիվը պետք է  դիտարկել  որպես պետական գաղտնիք  և  արգելել  դրանց  հրապարակումը՝ ելնելով երկրի անվտանգությունից: Այսինքն՝ կեղծել, թաքցնել հասարակությունից իրականությունը, կամ՝ մանիպուլյացնել իրենց հարմար նպատակներով և ձևերով։

Զավեշտալին այն է, որ Նիկոլ Փաշինյանի՝ բանակի, զորքի թվի հետ կապված ֆեյսբուքյան գաղտնազերծումները վերջին 2.5 տարում ԳՇ պետի նշյալ խորհրդականի  համար վտանգահարույց  չէին և չեն: Օրինակ, երբ Հ1՝ Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց է տալիս և ասում՝ «եթե շատ արագ՝ ժամերի ընթացքում, մենք չկանգնեցնենք պատերազմը, Ստեփանակերտը կընկնի, որից հետո ինքնաբերաբար՝ Ասկերանը, Մարտակերտը, այսինքն՝ սցենարներից կախված՝ 20-30 հազար մեր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ»:

Կամ, երբ պատերազմի օրերին կոչերից մեկի ժամանակ  նա նշեց, որ «այսօր ՀՀ-ում 10.000 տղա կա, եթե այսքանից գոնե կեսը ներկայանա իմ կոչին ի պատասխան, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը»:

Փաշինյանի այդ հայտարարությամբ թշնամին հանգիստ զորքիդ թիվն է իմանում, մարդկային ռեսուրսներիդ հիման վրա քայլեր է հաշվարկում: Բայց այս մասին նախընտրում ենք լռել: Ի դեպ, թեպետ երբեմն-երբեմն սոցցանցային «ուղիղ միացումների» ժամանակ  և հարցազրույցներում  Պողոսյանը դիտողություններ է արել Փաշինյանի իշխանության հասցեին, գուցե ինչ-ինչ ֆոն ապահովելու համար, բայց, ընդհանուր առմամբ, լինելով ընդգծված հակաքոչարյանական և հակասերժական, նա փաշինյանական իշխանությանը խնայում է. երբ նրա ֆեյսբուքյան գրառումների տակ հիշեցնում են Փաշինյանի հողատու լինելը, նա կամ պատասխանելով՝ շրջանցում է մեկնաբանությունը, կամ ընդհանրապես չի պատասխանում:

Զարմանալի է նաև, որ մեկ տարի առաջվա տեսանյութերից մեկում ԳՇ պետի այս խորհրդականն ուժային կառույցների սպաներին ամոթանք է տալիս, որ նախկինների կոռուպցիոն գործերի վրա աչք են փակել՝ ակնարկելով, որ «Գորիկի» կադրերից պետք է մաքրել ԱԱԾ-ն, կասկածի տակ դնելով գեներալական կոչումները:

Մինչդեռ այսօր մոռանում է սպայի պատվի մասին, երբ բանակում չծառայած, ռազմական գործից հեռու գերագույն գլխավոր հրամանատարն ամեն օր բանավոր համաձայնությամբ հող է հանձնում թշնամուն, երբ ամեն պատեհ առիթի  բանակին է մեղադրում կատարվածում, իսկ  ուժային կառույցներում բարձրաստիճան սպաները լուռ հետևում են և հնազանդվում:

Մեկ բանում կարելի է  համաձայնել Պողոսյանի հետ, որ վերջին պատերազմի ընթացքի հետ կապված քննությունը և վերլուծությունը դա բանակի գործն է և խնդիրը, որ չկրկնվի Ապրիլյան հանձնաժողովի պատմությունը: Իհարկե, կարող է լինել նաև անկախ քննիչ հանձնաժողով՝ մասնագետներից և ոչ պատահական մարդկանցից բաղկացած: Բայց այս մասին Պողոսյանը չի խոսում, նա չի պահանջում վերջին գործողությունների հետ կապված խստագույն պատիժ գերագույն գլխավոր հրամանատարի՝ Նիկոլ Փաշինյանի և այլ պատասխանատուների համար, թեպետ կառավարման սխալների մասին ակնարկում է: Փոխարենը՝  ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի խորհրդականը պահանջում է քննել 1998-2020 թվականն ընկած ժամանակահատվածում պաշտպանության ոլորտում կոռուպցիոն դեպքերը, գնումների գործարքները: Սա, անշուշտ, պիտի արվի՝ սկսած փաշինյանական բանակին «սնունդ» օպերացիայից՝ մինչև տոնոյանական  սպառազինության գնումներ:

Սակայն մեկը մյուսին չի խանգարում, ըստ այդմ ՝գործող իշխանությունը պետք է պատասխան տա պատերազմի ժամանակ բանակի մարդկային և ոչ մարդկային կորուստների, բանակին պարտադրված «տակտիկական» նահանջների,  տարածքային կորուստների և անվտանգային խնդիրների սրացման համար,  ինչո՞ւ չէ՝ բանակի կազմաքանդման: Մենք մի քանի հազար զոհ ենք տվել, մի քանի հազար վիրավորներ ունեցել, ավելի քան հազար անհետ կորած ունենք, սրանց համար օրենքի սահմանններում պատժվողներ պիտի լինեն՝ սկսած ամենավերևից՝ մինչև «դրածո» հրամանատար:  Այսինքն, ընտրովի արդարադատություն չենք կարող պահանջել, ընտրովի հիշել սպաների պատվի մասին: Այս  ամբողջ սխալը գալիս է նաև նրանից, որ  քաղաքականացված և ընդգծված քաղաքական ճաշակ  ունեցող անձը  ռազմական կառույցի ղեկավարի՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի խորհրդականն է, որը փորձել է կամա թե ակամա գեներալ Օնիկ Գասպարյանին ներքաշել քաղաքական խաղերի մեջ:

Հարցազրույցներից մեկում նա նշել է, թե «կան մարդիկ, որոնք բացահայտորեն պղտոր ջրում ձուկ են որսում և Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին մեղադրում են, որ նա Շուշին պահելու անհնարինության մասին խոստովանությամբ քողարկեց երկրի քաղաքական ղեկավարությանը, որը հրադադարի ոչ շահավետ պայմանների է համաձայնել»: Նույն հարցազրույցում  Պողոսյանը նաև ասում է, որ  ԳՇ պետին մեղադրում են այն մարդիկ, որոնք այդ պատերազմում չեն եղել կամ փախել են այնտեղից։ Ի՞նչ է սա, եթե ոչ՝ քաղաքական խաղի մեջ ներքաշում: Չմոռանանք նաև ԳՇ և ՊՆ համատեղ հայտարարությունը, որում ասվում էր. «Առավելևս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները: ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից»:

Սակայն, երբ ուսումնասիրեցինք ԳՇ պետի խորհրդականի հարցազրույցները, տեսանյութերը, «լայվերը», հասկացանք, որ սրանք դեռ  «մանրուքներ» են նրանց համեմատ, ինչ կարդացինք: Պարզվում է՝ ԳՇ պետի խորհրդականը միշտ այն կարծիքին է եղել, որ ՀՀ-ն պետք է դադարեցնի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները, որ իբր Ադրբեջանը չկարծի, թե վախենում ենք իրենից, պատերազմից:

Նմանատիպ հայտարարություն նա, մասնավորապես, արել է 2017-ին, որը սիրով տարածել էր haqqin.az-ը:

Այստեղ Պողոսյանը  խոսում է Հայաստան-Բաքու ուղիղ բանակցություննների մասին՝ առանց ԵԱՀԿ ՄԽ միջնորդության:  Այն, ինչին, ի դեպ, ձգտում էր նաև Ադրբեջանը և մշտապես հարվածներ էր հասցնում Մինսկի խմբին։

«Անկասկած, Ադրբեջանի հետ պետք է խոսել, բայց ոչ այն պայմաններում, որոնք առաջ են տանում ԵԱՀԿ «vip տուրիստները»:  Պետք է ուղիղ շփումների դուրս գալ Ադրբեջանի հետ և մոդերատոր թողնել միայն ՌԴ-ին»,- նշում է նա՝ հավելելով, որ մնացյալ կառույցներին «ցտեսություն» պիտի  ասել: Այնուհետ  նա շարունակում է.

«Այս հարցում հայերի և ադրբեջանցիների դիրքորոշումները համընկնում են. երկուսն էլ դժգոհ են ԵԱՀԿ-ի աշխատանքից: Մենք ունենք առաջարկներ և ծրագիր, որոնք թույլ կտան կարգավորել երկու երկրների հարաբերությունները: Նույնը վերաբերում է Թուրքիային: Չնայած Թուրքիա-Ադրբեջան եղբայրությանը, թուրք գործարարները մեծ սիրով գործ կունենային հայերի հետ: Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավոր է և պետք է կարգավորել, իհարկե, ոչ սեփական հետաքրքրությունների հաշվին: Կրկնում եմ՝ առաջին հերթին անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն Երևան-Բաքու: Երկու կողմից պետք է կանգնեցնել ատելության տարածումը, դրա սրումը ԶԼՄ-ներում, դադարեցնել կրակոցները, այսինքն, հանգստացնել ժողովուրդներին: Այնուհետ ժողովրդական դիվանագիտության մեխանիզմներ շրջանառության մեջ դնել, հետո արդեն սինթեզել այդ երկու մոտեցումները: Քաղաքական գործիչները ոչինչ չեն որոշի, մինչև ժողովուրդները հանգիստ և հանդարտ չլինեն: Ցանկացած անընդունելի որոշում հայ կամ ադրբեջանցի ժողովրդի համար, կհանգեցնի հեղափոխության թե՛ Բաքվում, և թե Երևանում»:

Ըստ էության, 2.5 տարում արվեց այն, ինչի մասին խոսել է Պողոսյանը, մասնավորապես՝ ուղիղ կապ Երևան-Բաքու՝ ՌԴ-ի մոդերատորությամբ: Ցավոք, փաշինյանական անընդունելի գործարքը ՀՀ-ում հեղափոխության չի հանգեցնում, իսկ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, կարծում ենք,  մտածելու, հետևություններ անելու շատ բան ունի, հատկապես, որ դեմ է բանակի քաղաքականացմանը…

Տեսանյութեր

Լրահոս