«Ասեցի, որ հրաժարվում եմ ցուցմունք տալ և որևէ բան ստորագրել». Պատերազմի մասնակցին «Հայահավաք»-ից տարել են Ոստիկանություն, ապա՝ Քննչական կոմիտե
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության շենքի մոտ երեկ «Հայահավաքին» մասնակցող 21 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն։ Երեկ տեղեկացրել են ոստիկանության լրատվության վարչությունից։ Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ Արշակ Զաքարյանին, հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանին։
168.am–ը տեղեկացել է, որ բերման ենթարկվածների մեջ է եղել նաև Ապրիլյան և Արցախյան վերջին պատերազմների մասնակից Արման Մխիթարյանը: Նրան նախ տարել են Կենտրոնի ոստիկանության բաժին, ապա՝ Քննչական կոմիտե, և, որ ամենազարմանալին է, Արմանին վկայի կարգավիճակով հարցաքննել են՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձի գործի շրջանակում:
Ստացվում է՝ երկու պատերազմների շտապած հայրենիքի նվիրյալը, որ իր երեք անչափահաս զավակներին թողել ու չի վարանել առաջնագիծ մեկնելու, որ եղել է ամենաթեժ կետերում, այժմ էլ պետք է ապացուցի, որ որևէ առնչություն չունի պետության ներսում շենք, շինություն կամ տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու գործի հետ:
Մեզ հետ զրույցում Արման Մխիթարյանի փաստաբան Դավիթ Ավագյանը տեղեկացրեց. «Նա վկայի կարգավիճակում է: Երեկ էին հրավիրել, հրաժարվել է ցուցմունք տալ»:
Արման Մխիթարյանը Քննչական կոմիտեից դուրս է եկել երեկ ուշ երեկոյան: Նրան զարմացրել է կատարվածը և այն, որ Քննչական կոմիտեից դեռ հետ չի ստացել իր անձնական իրերը. «Ասացի, որ հրաժարվում եմ ցուցմունք տալ և որևէ բան ստորագրել:
Իմ գրպանների պարունակությունը վերցրեցին, փաթեթավորեցին տոպրակով, ու հիմա իրենց մոտ է, կնքել են: Դա անհեթեթություն եմ համարում, որովհետև մեր տան բանալին էր, մեքենայի բանալին էր, իմ գումարն էր՝ մեկ ամսվա աշխատավարձս, գիրք, ակնոց:
Հեռախոսն ինչ-որ ձևով կարելի է հասկանալ, որովհետև այնտեղ կարող է ինֆորմացիա լինի, բայց տան բանալիները… ստացվում է՝ այս պահի դրությամբ ես իմ գույքը չեմ կարողանում տնօրինել:
Ասացի՝ սրանք շատ կարևոր են, պետք է հետ վերադարձնեք, ասացին՝ առավոտյան զանգեք, խնդիր չէ, ժամը 9-ին, 10-ին կգաք՝ կվերցնեք: Զանգահարեցի երկու անգամ ՝ ասացին՝ մի քիչ հետո, մի քիչ հետո, հիմա էլ հեռախոսը չեն վերցնում ուղղակի»: