Ասելիք ունեցողն ու ասելիք չունեցողը

Այսօր Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձն է՝ համայն հայության համար կարևորագույն ու սրբազան մի օր, այն բանակի, որը 29 տարի շարունակ եղել և մնում է մեր անվտանգության միակ երաշխավորը, որը կազմաքանդման եզրին է գործող իշխանությունների թեթև ձեռքով, բայց որը հաստատ վերագտնելու է իր նախկին փառքն ու կրկին մեզ հպարտանալու բազում առիթներ է տալու:

Թե ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանն այսօր իր թիմի հետ Եռաբլուրում, թերևս, դժվար է տրամաբանություն գտնել: Եկել էր, որ ի՞նչ աներ… Ի՞նչն էր նշում. իր ավերածի խոսուն արդյո՞ւնքը, այն է՝ մի քանի անգամ մեծացած Եռաբլուր, մեջքը կոր բանակ, սգավոր ժողովուրդ, կորսված հայրենիք, թե՞ եկել էր գալու համար, դժվար է ասել:

Ամեն դեպքում վաղ առավոտյան մի քանի տասնյակ անվտանգության աշխատակիցների աչալուրջ հայացքի ներքո և իր թիմի ներկայությամբ վստահության վերջին բեկորները հավաքած Նիկոլ Փաշինյանը գնաց Եռաբլուր: Քանի որ վարչական ռեսուրսով մոտ մեկ տասնյակ հազարի հասնող մարդ չկար հետը, Նիկոլ Փաշինյանը Եռաբլուր գնաց այն ժամին, երբ ոչ ոք չկար, երբ անգամ մեր սուրբ նահատակների ծնողները դեռ այնտեղ չէին… Բայց Եռաբլուրում էին լրագրողները: Եվ երբ նրանցից մեկը, ճեղքելով անվտանգության աշխատակիցների շղթան, կարողացավ փոքր-ինչ մոտենալ Նիկոլ Փաշինյանին ու նրան հարց տալ Շուշիի մասին, վերջինս կորցրեց իրեն, մտավ իր բնական վիճակի մեջ ու սկսեց լեզվակռիվը:

Նա, սակայն, այդպես էլ չպատասխանեց լրագրողի հարցին՝ Շուշին հայկակա՞ն է, թե՞ ոչ… Հոխորտաց, ուղիղ եթերում աշխատող լրագրողից պահանջեց Ազգային ժողովում ասած իր տեքստի ուղիղ մեջբերումը՝ լավ հասկանալով, որ դա այդ պահին՝ ոտքի վրա, պարզապես հնարավոր չէ, ասաց, որ չի պատասխանելու որևէ հարցի, ու լույսի արագությամբ լքեց Եռաբլուրի տարածքը: Նիկոլ Փաշինյանն ի տես ամենքի ցույց տվեց, որ իր վարքագիծը չի տարբերվում քրեական ենթամշակույթն իր մեջ կրող ցանկացած մեկից, երիտասարդ կին լրագրողի ուղղությամբ ձեռքը սպառնալից պարզելով՝ շարունակ նույն նախադասությունն էր կրկնում ու հրաժարվում պատասխանել շատ պարզ մի հարցի՝ Շուշին հայկակա՞ն քաղաք է, թե՞ ոչ:

Այնուամենայնիվ, 168.am-ը չզլացավ ու Նիկոլ Փաշինյանի ասածը մեջբերեց բառացի, այդ թվում՝ նաև գրավոր, լուսագրերով:

Նիկոլ Փաշինյանից հետո Եռաբլուր սրբավայր եկավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Նահատակված զինվորների շիրիմներին ծաղիկներ դնելուց, նրանց հոգիների համար աղոթելուց հետո Վեհափառը պատասխանեց լրագրողների հարցերին… Բոլոր լրագրողների բոլոր հարցերին՝ առանց բացառության: Վեհափառ Հայրապետը հանդարտորեն պատասխանեց թե՛ երկրի այսօրվա վիճակի, թե՛ քաղաքական իշխանության հետ ունեցած հակասությունների, թե՛ եկեղեցականների շքեղ կյանքի ու վայելքների, թե՛ գերիների վերադարձի ու այդ ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ հարցերին և հեռացավ միայն այն ժամանակ, երբ լրագրողները սպառել էին իրենց բոլոր հարցերը:

Ի դեպ, մի ուշագրավ բան ևս տեղի ունեցավ այդ զրույցի ժամանակ: Իր այցի ամենասկզբում, երբ լրագրողները համառորեն իրենց հարցերն էին հնչեցնում, Վեհափառը խնդրեց թույլ տալ աղոթը վերջացնել, ապա խոստացավ, որ կպատասխանի բոլոր հարցերին, իսկ երբ հարցերը կրկնվեցին, զայրացավ ու կրկնեց ասածը՝ ձայնը փոքր-ինչ բարձրացնելով:

Ճեպազրույցի ավարտին Վեհափառ Հայրապետը ներողություն խնդրեց լրագրողներից ձայնը բարձրացնելու համար, ինչին վերջիններս պատասխանեցին՝ Դուք մեզ կներեք, Վեհափառ, երևի մենք հասցրինք: Ապա շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Հայրապետին, ու զրույցն ավարտվեց:

Ընդամենը րոպեների տարբերությամբ լրագրողների հետ շփվեցին երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ու հոգևոր առաջնորդը: Առաջինն ասելիք չուներ, երկրորդը՝ ուներ…

Տեսանյութեր

Լրահոս