Պատերազմի ժամանակ որեւէ կերպ տուժածների մասով ԴԱՀԿ օրենքում փոփոխություններ կարվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում:

Նախագծով առաջարկում են բացառություն սահմանել որոշակի խմբի անձանց համար կատարողական վարույթները կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձելու համար: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի կամ ծնողի վերաբերյալ հարուցված կատարողական վարույթները «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվում:

Բանն այն է, որ առկա կարգավորմամբ պարտատերը, այդ թվում՝ բանկը եւ վարկային կազմակերպությունը, եթե ներում է պարտապանի պարտավորությունը, ապա ցանկացած դեպքում կատարողական ծախսերը գանձվում են հարկադիր կատարողի կողմից, եւ ծախսերը ներելու իրավական հիմք սահմանված չէ»:

Տեսանյութեր

Լրահոս