ԲՀԿ-ի նվերը Սերժ Սարգսյանին
Ի վերջո, ինչո՞ւ իրականում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես եկավ խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելու վերաբերյալ նախաձեռնությամբ: Այս հարցի վերաբերյալ հնչել են բազմաթիվ գնահատականներ ու ներկայացվել են մի շարք վարկածներ: Սակայն, կարծում ենք, ամենաքիչը քաղաքական-փորձագիտական շրջանակներում քննարկվել է այն վարկածը, որը ԲՀԿ-ի նախաձեռնության ամենահավանական բացատրությունը կարող է լինել:
Խոսքն այն մասին է, որ, որպես իշխանության, ՀՀԿ-ի հետ «գաղափարական հակասություն» ներկայացվող խորհրդարանական կառավարման կարգին անցում կատարելու նախաձեռնությունը կարող է ծնված լինել հենց ՀՀԿ-ի հետ համատեղ` երկարաժամկետ խաղի տրամաբանության շրջանակներում: Համենայնդեպս, հայաստանյան ներկայիս քաղաքական իրողությունների պայմաններում խորհրդարանական կառավարման կարգն ամենաշատը ձեռնտու է մեկ մարդու, և այդ մարդու անունը Սերժ Սարգսյան է:
2013 թ. Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում առաջադրվելու է երկրորդ և վերջին անգամ: Անմտություն կլինի կարծել, թե գործող նախագահն արդեն այսօր չի մտածում նախագահության երկրորդ ժամկետի ավարտից հետո իշխանությունը պահպանելու մասին: Իհարկե, մինչ այդ նա դեռ պետք է պահպանի իշխանությունը հաջորդ տարվա փետրվարյան ընտրություններում, սակայն պարզ է, որ Ս. Սարգսյանի հաշվարկներում այդ ընտրությունները համարվում են «հաղթանակած»:
Նախագահության երկրորդ ժամկետի ավարտից հետո իշխանությունը պահպանելու եղանակների ընտրությունն առանձնապես մեծ չէ: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է Սերժ Սարգսյանի անձին, ոչ թե ՀՀԿ-ին կամ նրա մերձավորներին: Իհարկե, գուցե Սերժ Սարգսյանն անձնապես դեմ չլիներ, ասենք, սահմանադրական փոփոխությունների ճանապարհով երրորդ անգամ առաջադրվելու հնարավորությանը, սակայն Հայաստանը նման` ուղիղ բռնապետություն դառնալու ռեսուրս չունի: Եթե ունենար, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինքն այդ քայլը կաներ:
Այդ պայմաններում միակ ռացիոնալ տարբերակը կարող է դառնալ կառավարման կարգի փոփոխությունը, անցումը` խորհրդարանական կառավարման համակարգին: Այդ դեպքում Սերժ Սարգսյանը` որպես ՀՀԿ նախագահ, խորհրդարանում ՀՀԿ-ի մեծամասնություն կազմելու դեպքում՝ առանց մեծ դժվարության, կարող է դառնալ վարչապետ: Առնվազն՝ ևս չորս տարով: Հարց է առաջանում` ուրեմն ինչո՞ւ է ՀՀԿ-ն դեմ արտահայտվում այս նախաձեռնությանը: Եվ հենց այս հարցում ու դրա պատասխանում էլ կարող է թաքնված լինել ողջ ինտրիգը:
Բանն այն է, որ եթե ՀՀԿ-ն կամ անձամբ Սերժ Սարգսյանը կողմ արտահայտվեն խորհրդարանական կառավարման համակարգին, դա անմիջապես կորակվի՝ որպես սեփական իշխանության ժամկետը երկարացնելու նկրտում: Այդպես կդիտվի ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հանրության կողմից:
Դժվար չէ պատկերացնել, թե ինչ բոցաշունչ ելույթներ կունենային այսօր խորհրդարանական կառավարման համակարգի նախաձեռնությանը կողմ արտահայտվող ընդդիմադիրները, եթե այդ նախաձեռնությամբ հանդես եկած լիներ ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանը: Նրանք կհայտարարեին, որ այդ քայլով Սերժ Սարգսյանը ցանկանում է հավերժացնել իշխանությունը, ժողովրդավարական շղարշի ներքո ցանկանում է Հայաստանում հաստատել սեփական դիկտատուրան: Միջազգային հանրությունը ևս չէր ողջունի Սերժ Սարգսյանի այդ նախաձեռնությունը` առնվազն հայտարարելով, որ կիսում է ընդդիմության կողմից հնչող մտահոգությունները:
Այս պայմաններում ԲՀԿ-ի նախաձեռնությունն ուղղակի նվեր կարող է դառնալ Սերժ Սարգսյանի համար: ԲՀԿ-ն կարողացել է խորհրդարանական կառավարման կարգին անցում կատարելու հարցի շուրջ համախմբել գրեթե բոլոր քաղաքական ուժերին` այդ հարցը դարձնելով քաղաքական դաշտի համընդհանուր պահանջ: Իրավիճակի նրբությունն այն է, որ այս պարագայում որքան շատ են ՀՀԿ-ականները դեմ արտահայտվում այդ նախաձեռնությանը, այնքան դա ավելի նպաստավոր են դարձնում Սերժ Սարգսյանի համար:
Վերջինս` 2013 թ. փետրվարին իշխանությունը պահպանելու դեպքում կարող է հանդես գալ «համազգային առաջնորդի» դերում և հայտարարել, որ չնայած ինքն ու իր ղեկավարած իշխող կուսակցությունը դեմ են խորհրդարանական կառավարման համակարգին, սակայն, հաշվի առնելով, որ դա բոլոր քաղաքական ուժերի, այսինքն` նաև հասարակության զգալի հատվածի պահանջն է, ինքն ընդառաջ է գնում այդ պահանջին և նախաձեռնում է սահմանադրական փոփոխություններ` խորհրդարանական կառավարման կարգին անցում կատարելու նպատակով: Միջազգային հանրությունը ողջունում է Սերժ Սարգսյանի աննախադեպ կամքը, դա որակելով ոչ թե մեկ, այլ մեկ տասնյակ քայլ առաջ ժողովրդավարության ճանապարհին:
Սահմանադրական փոփոխություններին կողմ է արտահայտվում ընտրողների ջախջախիչ մեծամասնությունը, քանի որ, կրկնում ենք, դա դառնում է «համազգային պահանջ» և արդեն նոր սահմանադրության համաձայն՝ 2017 թ. ԱԺ ընտրություններն անց են կացվում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով, ու ՀՀԿ-ն կազմում է մեծամասնություն: Կարելի է, իհարկե, հակադարձել ՀՀԿ-ի` մեծամասնություն կազմելու հնարավորությանը՝այն հիմնավորմամբ, որ ՀՀԿ-ն նույնիսկ այսօր չի կարող մեծամասնություն կազմել արդար ընտրությունների անցկացման պարագայում:
Բայց ողջ խնդիրն այն է, որ «արդար ընտրություն» հասկացությունն այլևս դառնում է պատմական կատեգորիա: Եթե Ս. Սարգսյանին հաջողվեց «վերընտրվել» 2013 թվականին, ապա ընտրակեղծարարության մեքենան այնքան կատարելագործված է դառնալու, որ նույնիսկ, եթե Բարաք Օբաման ու Պան գի Մունը դիտորդական առաքելություն իրականացնեն ընտրատեղամասերում, իրենց զարմանքն են արտահայտելու «հայկական ժողովրդավարության» վերաբերյալ:
Այսինքն` այս սցենարը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս` ներկայանալով որպես «հասարակական պահանջին ընդառաջ գնացող քաղաքական կամք ունեցող առաջնորդ»՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը` դառնալով դե ֆակտո իշխանության առաջին դեմքը: Թե ով կլինի այդ ժամանակ նախագահի պաշտոնում, ընդհանրապես էական չէ: Ինչպես Ռոբերտ Քոչարյանը կասեր՝ հետագայում ո՞վ կհիշի, թե ով է եղել նախագահը վարչապետ Սերժ Սարգսյանի օրոք: