Նիկոլ Փաշինյանի երկրորդ կապիտուլյացիան
Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման տեսարանը տհաճ էր, նվաստացուցիչ։ Հանդիպման մասին Կրեմլի տարածած տեսագրության մի քանի րոպեներին Պուտինի ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի դեմքի արտահայտությունը խոսում էր ամեն ինչի կամ ոչնչի մասին։ Բայց դրան նախորդել էր մեկ այլ նվաստացում, երբ Նիկոլ Փաշինյանն առաջինը բարևեց 5000 հայորդիների սպանած ու Արցախի 80 տոկոսը օկուպացրած Ալիևին՝ նրանից կեսբերան պատասխան ստանալով։
Դա Նիկոլ Փաշինյանի երկրորդ կապիտուլյացիան էր Ալիևի առաջ։
Իհարկե, հայկական կողմը փայլուն դիվանագիտական հաղթանակ էր տոնել՝ հասնելով նրան, որ Փաշիինյան-Ալիև ձեռքսեղմում տեղի չունեցավ, բայց դա երևի եղել էր պայմանով, որ առաջինը Նիկոլ Փաշինյանը պետք է բարևի Ալիևին՝ ճանաչելով նրա՝ հաղթած լինելու հանգամանքը։
Հանդիպման բովանդակության վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն, բացի Պուտինի ելույթից, որում խոսվում էր գրեթե ամեն ինչի մասին, բացի հայկական կողմի համար ամենակենսական՝ գերիների վերադարձի ու անհետ կորածների որոնման մասին հարցերից։
Ընդհանրապես, տպավորություն էր, որ դա ոչ թե եռակողմ հանդիպում էր, այլ ռուս–ադրբեջանական քննարկում, որին հրավիրել էին նաև Հայաստանի վարչապետին։ Հակառակ դեպքում Պուտինն իր ելույթում գոնե ձևի համար կանդրադառնար Հայաստանի շահերից բխող որևէ հարցի։ Թե ինչ է խոսվել փակ դռների հետևում և թե ինչպես է իրեն դրսևորել տեսախցիկների առաջ այդքան ջղաձգված Նիկոլ Փաշինյանը՝ չի հաղորդվում։
Դժվար է ասել՝ Պուտինի ու Ալիևի ներկայությամբ նա եղել է ավելի ջղաձգվա՞ծ, թե՞ ավելի անբռնազբոս։ Երկուսն էլ հնարավոր է՝ կախված հանգամանքներից, որոնց մասին գիտեն միայն Փաշինյանն ու Ալիևը։ Հնարավոր է՝ նաև Պուտինը։
Նիկոլ Փաշինյանի ներկայությունը մոսկովյան հանդիպմանը հերթական ու խոսուն վկայությունն էր այն բանի, որ պարտված ղեկավարը չի կարող արժանապատվորեն ներկայացնել պետությունը՝ հատկապես հաղթող կողմի հետ բանակցություններում։ Այդ վկայությունը դաջված էր Նիկոլ Փաշինյանի աչքերում ու դիմախաղում։ Հանուն արդարության պետք է նշել, որ դա օբյեկտիվ իրականություն էր, հակառակը՝ Նիկոլ Փաշինյանի խրոխտ կամ հանդուգն պահվածքը կլիներ չափից ավելի անբնական։
Արդյո՞ք ասվածը նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները չպետք է հանդիպեն Ադրբեջանի ղեկավարության հետ։ Բնականաբար, ոչ։
Պարզապես այդ հանդիպողը կարող է լինել ցանկացած մեկը, բացի Նիկոլ Փաշինյանից ու նրա իշխանության ներկայացուցիչներից։
Հայաստանի որևէ այլ ղեկավար գոնե հոգեբանորեն կարող է իրեն վստահ զգալ Ալիևի ներկայությամբ, ինչը որևէ պարագայում հնարավոր չէ Նիկոլ Փաշինյանի դեպքում։ Քանի դեռ նա զբաղեցնում է Հայաստանի ղեկավարի պաշտոնը, Ալիևի հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ արձանագրվելու է Հայաստանի հերթական կապիտուլյացիան։ Թղթի վրա կամ, լավագույն դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի աչքերում։
Հարություն Ավետիսյան