Օրենքի լրացո՞ւմ, թե՞ նոր մահակ պետության ձեռքում
Երեկ կառավարության նիստում չզեկուցվող հարցերի թվում էր նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Թեև այն հավանության արժանացավ կառավարության կողմից, սակայն գործարար ոլորտի և քաղաքական տարբեր շրջանակների կողմից միանշանակ չընդունվեց:
Նկատենք, այս նախագծի հիմնավորման մեջ՝ որպես ակնկալվող արդյունք, նշվում է. «Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է ստեղծել տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության, բարեխիղճ մրցակցության և ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայրի և սպառողների շահերի պաշտպանության համար արդյունավետ կառուցակարգեր և ընթացակարգեր»:
Առաջին հայացքից դրական սպասումներ խոստացող օրենքի այս նախագիծը, սակայն, ինչպես նշում են քննադատները, պրակտիկ գործածության մեջ կարող է դառնալ մահակ պետության ձեռքին՝ ըստ անհրաժեշտության:
«Նիկոլը տնտեսվարողներին ստորացնելու և խուզարկելու համար խայտառակ օրենք է բերում ԱԺ․․․ Գործելու է dawn raid-ի՝ «անսպասելի խուզարկության» մասին դրույթը: Նիկոլն անցել է բռնապետական օրենքներով իր իշխանությունը պահելու հերթական ստորագույն քայլին։ Երեկ, կառավարության նիստի օրակարգում որպես չզեկուցվող և անհետաձգելի հրատապ ճանաչված՝ օրակարգի թիվ 58-րդ հարցով քննարկվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նոր օրենքը, ինչը թույլ է տալիս ցանկացած պահի անսպասելի մտնել ցանկացած ձեռնարկատիրոջ կազմակերպություն, խուզարկել, առգրավել անհրաժեշտ նյութեր, համակարգիչներ, կրիչներ, գաղտնալսել տնտեսվարողների հեռախոսները։
Ըստ ոլորտի մասնագետների՝ սա խայտառակ գործիք է դառնալու իշխանության ձեռքին՝ Նիկոլի հրաժարականը պահանջող բոլոր տնտեսվարողներին ճնշելու համար։ Աշխարհում ընդունված՝ «dawn raid»-ը նիկոլաբռնապետության այս օրերին դառնալու է լուրջ մահակ տնտեսվարողների գլխին։ Ահա այսպիսի ողորմելի տեռորով Արցախը հանձնածն ու այսօր էլ Սյունիքի դիրքերը հանձնողն ուզում է պահել իր գոյություն չունեցող իշխանությունը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ կոչ անելով տնտեսվարողներին բարձրացնել իրենց բողոքի ձայնն այդ «խելահեղության» դեմ։
168.am-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է առաջնահերթ այս փաթեթի ընդունումն այսօր, և որքանո՞վ են օբյեկտիվ առկա մտահոգությունները, իսկ հնարավո՞ր է համարել սա տնտեսվարողների վրա ճնշում գործադրելու օրենսդրական փոփոխություն: Նշված հարցերին ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց.
«Բազմիցս ասել եմ, որ կորոնավիրուսի պայմաններում և նաև հետպատերազմական իրավիճակում, որպեսզի այս ամբողջ բացասական ազդեցությունները կարողանանք հաղթահարել, ընդհակառակը, անհրաժեշտ է որքան կարելի է հեշտացնել գործարար միջավայրը, օրենսդրությունը դարձնել ավելի բարենպաստ, ավելի friendly (ընկերական): Այսպիսով, գործատուները, տնտեսվարողները կկարողանան ավելի վերականգնել իրենց բիզնես գործունեությունը, իրենց հնարավորությունները ապագայի հետ ճիշտ կապել և դրանով կարողանալ ներդրումներ կատարել, աշխատատեղեր պահպանել, նոր հնարավորություններ ստեղծել:
Եթե մենք նախկինում խոսում էինք, որ բիզնեսին խանգարող հանգամանքները հիմնականում երկուսն էին՝ անհավասար մրցակցություն և կոռուպցիա, ապա ներկայումս բիզնեսների մեծ մասը մտահոգված են պետության անվտանգության, պետական անվտանգության երաշխիքների ապահովման առումով: Այսինքն՝ հիմա կառավարությունը, պետական մարմինները պետք է առաջինը մտածեն, թե ինչ նախադրյալներ, ինչ վստահություն են ստեղծում ապագայի նկատմամբ, որ բիզնեսը կարող է անվտանգ իր գործունեությունը շարունակել: Նույնը՝ նաև քաղաքացիների պարագայում, որպեսզի վաղը-մյուս օրը միգրացիայի չդիմեն»:
Գագիկ Մակարյանն այս իրավիճակում կարևորեց թե՛ ԱԺ, թե՛ Կառավարության օրակարգերի վերանայման անհրաժեշտությունը.
«Այդ օրակարգերում պետք է մտնեն այնպիսի թեմաներ, այնպիսի խնդիրներ, որոնք հրատապորեն պահանջում են ներկա իրավիճակի կարգավորում, լուծումներ և, միաժամանակ, հեշտացումներ՝ բիզնես գործունեության համար:
Եթե դրա փոխարեն մենք պետք է գնանք հետապնդելու, խուզարկելու, առանց զգուշացման ստուգումների մեխանիզմներ կիրառելուն, դա կարող է ավելի հիասթափեցնել բիզնեսին և նաև վախեցնել, որովհետև բիզնեսի մոտ վախն ապագայի նկատմամբ դեռ մնում է, դրան կգումարվի ևս մի վախի տեսակ, որն արդեն պայմանավորված է կարծես ինչ-որ ճնշումների, հետապնդումների հոգեբանությամբ:
Դրա համար բացարձակապես լավ տարբերակ չեմ համարում այս տարբերակը, այս պահին. հնարավոր է, որ խաղաղ պայմաններում, հանգիստ պայմաններում, երբ այս իրավիճակները կառողջանային, մենք մտածեինք՝ մեր երկրում, եթե կա ստվերայնություն, կամ գործունեության թաքցնում ծավալների ինչ-որ բաներ, որոնք պետության շահերին լուրջ վնասում են և անվտանգության շահերն են առաջացնում, մտածեինք՝ այդ փոփոխություններով մենք հնարավորություն ունենայինք բացահայտելու, բայց հիմա դրա ժամանակը չէ, որովհետև բիզնեսը բացարձակապես ցանկություն էլ չունի ստվերում աշխատելու: Բիզնեսն ինքն է երազում թափանցիկ աշխատել, դրա համար էլ ողջունեց կառավարության 2018 թ. սկսած գործունեությունը, որն ուղղված էր կոռուպցիայի կանխարգելմանը՝ մանավանդ համակարգային կոռուպցիայի և ստվերային տնտեսության կրճատմանը»:
Մեր զրուցակցի կարծիքով օրենսդրական նման փոփոխություններ կատարելու համար ճիշտ պահ չէ ընտրված.
«Կարծում եմ՝ սա պատեհ առիթ չէ, լավ պահ չէ. բացարձակապես կողմ չեմ, որ հիմա նման խստացումներ իրականացվեն, եթե նույնիսկ դրանք իրենց բնույթով այլ նպատակներ, այլ շահեր են հետապնդում, ստորացում կամ ճնշում չեն էլ պարունակում: Եթե օպտիմիստորեն վերաբերվեմ՝ զուտ ուղղակի լավ օրենք է, որ պիտի արվի, ապա դարձյալ հիմա դրա ժամանակը չէ»,- եզրափակեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը: