«Ինչպես հանձնել երկիրը՝ փորձելով պահել սեփական իշխանությունը»․ Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Կապիտուլիացիայի աղետալի համաձայնությունը ստորագրած, փաստացի մեր պետության էլ ավելի աղետալի կապիտուլիացիա իրականացնող, սակայն վարչապետի պաշտոնին հուսահատ կառչած Նիկոլ Փաշինյանը, փորձելով հերթական անգամ արդարացնել իրեն, տվեց ինքնախոստովանական ցուցմունքերի հերթական բաժինը։ Անդրադառնամ ընդամենը մի քանի ակնառու թեզերի, այն հույսով, որ դրանք ի վերջո հիմք կհանդիսանան այս անձին իշխանությունից զրկելու համար՝

ա) Պրն Փաշինյանը պնդեց, որ պատերազմը անխուսափելի էր, և նույնիսկ յոթ շրջանների հանձնումը չէր կանխի այն։ Այս պնդումը չունի որևէ իրական հիմնավորում, քանի որ սեղանի վրա դրված էր Լավրովի պլանը, դրանց շուրջ Ադրբեջանը տարիներով բանակցում էր, և գնաց ռազմական լուծման միայն նրանից հետո, երբ պրն Փաշինյանը իր անմիտ գործողություններով հնարավորություն տվեց նրան հայկական կողմին ներկայացնել որպես ռազմատենչ և ապակառուցողական։

Դրա ակնհայտ վկայությունն այն է, որ թուրքական զորքերը, իրենց F-16-երով և Բայրաքտարներով, Ադրբեջանի տարածքում հայտնվեցին միայն այս տարվա հուլիսյան իրադարձություններից հետո, երբ Տավուշում մի դիրք գրավելը պրն Փաշինյանը վերածեց նոր «Սարդարապատի հաղթանակի», ավելի մեծ թվով Մարտական խաչեր բաժանեց, քան առաջին արցախյան պատերազմի ընթացքում, և ամեն ինչ արեց իր հռետորաբանությամբ՝ սադրելու Ադրբեջանին։ Դրան հավելենք դիվանագիտական վակումը, որը պրն Փաշինյանը ստեղծեց Հայաստանի շուրջը, և մենք ստացանք այս աղետալի պատերազմը։ Ուստի, կարելի է պնդել ուղիղ հակառակը՝ պատերազմը ոչ միայն անխուսափելի չէր, այլև պրն Փաշինյանն է հիմնական ՄԵՂԱՎՈՐԸ, որ այն տեղի ունեցավ հիմա, և մեր համար այսպիսի անբարենպաստ պայմաններում։

բ) Պրն Փաշինյանը պնդեց, որ ինքը տեղյակ չէր, որ մենք պատերազմը պարտվում ենք։ Սա բացարձակ աբսուրդ պնդում է՝ եթե ես, լինելով մասնավոր անձ, պատերազմի երկրորդ շաբաթից սկսած, պարզապես վերլուծելով հայկական և ադրբեջանական կողմերի պաշտոնական հաղորդագրությունները, հասկանում էի, որ մենք պարտվում ենք, ինչպես կարող էր Գերագույն հրամանատարի լիազորությունները ստանձնած անձը դա չհասկանալ, առավել ևս, որ Գլխավոր շտաբի պետը դրա մասին զգուշացրել էր Անվտանգության խորհրդին արդեն պատերազմի 4-րդ օրը։

Կամ նա անմեղսունակ է և չի համապատասխանում իր պաշտոնին, կամ նա անամոթաբար ստում է, փորձելով պատասխանատվությունը բարդել բանակի ղեկավարության վրա։ Հավելենք դրան, որ ունենալով հնարավորություն պատերազմը կանգնեցնել ավելի շուտ, և պակաս աղետալի պայմաններով, նա միանձնյա որոշել է շարունակել այն՝ բերելով այսպիսի արդյունքի։ Ուստի նա ոչ միայն պատասխանատու է այս արդյունքի համար, այլև դրա գլխավոր (թեև ոչ միակ) ՄԵՂԱՎՈՐՆ Է։

գ) Անդրադառնալով Խծաբերդի և Հին Թաղերի համար հերոսական դիմադրության ողբերգական ավարտին, պրն Փաշինյանը հերթական անգամ պնդեց, որ հարցը ռուսական խաղաղապահների ազդեցության ոլորտում է, և ինքը դիվանագիտական լուծում է ակնկալում։ Սա հերթական մեծ սուտն է, քանի որ հենց պրն Փաշինյանի հանցավոր անգործության արդյունքում ենք մենք կորցրել մեր հայրենիքի այս հատվածը։

Նախ, երբ որ ափալ-թափալ ստորագրվել է Կապիտուլիացիայի համաձայնությունը, այնտեղ ֆիքսվել է, որ կողմերը մնում են իրենց դիրքերում, բայց պրն Փաշինյանը, միտումնավոր թե տգիտությամբ, չի ֆիքսել մեր դիրքերը որևէ քարտեզով։ Երկրորդը, ունենալով այս վտանգված տարածքը, և տեսնելով ռուսական կողմի դժկամությունը՝ այն պաշտպանելու, նա ոչ ուժեղացրել է պաշտպանությունը հայկական ուժերով, ոչ էլ էվակուացրել է այն սակավաթիվ ուժերը, որոնք այն պաշտպանում էին, արդյունքում ի վերջո նրանք հայտնվեցին շրջափակման մեջ։ Երրորդը, տառացիորեն մի քանի օր առաջ, պրն Փաշինյանի հրամանով, հայկական ուժերը հետ են քաշվել Քիրսավանից, որով անցնում է Խծաբերդը Արցախի մնացած տարածքներին կապող միակ ավտոճանապարհը, դրանով դատապարտելով Խծաբերդը պահող մեր ուժերին անխուսափելի շրջափակման։

Եվ վերջապես, Կապիտուլիացիայի համաձայնության դրույթները թշնամու կողմից այսպիսի լկտի կերպով խախտելուց հետո, պրն Փաշինյանը ոչ միայն իր ելույթում չի դատապարտում թշնամու գործողությունները, չի փորձում հակազդել դրանց և դադարեցնել Կապիտուլիացիայի համաձայնության հետագա դրույթների իրականացումը, այլև պատրաստակամություն է հայտնում հլու-հնազանդ կատարել թշնամու ցանկացած միակողմանի կապրիզ, այսպիսով մաս-մաս հանձնելով հայրենիքի նույնիսկ այն տարածքները, որոնք պատերազմի արդյունքում պետք է մնան հայկական ուժերի վերահսկողության տակ։

դ) Վերջինիս համատեքստում, պրն Փաշինյանը հերթական անգամ անդրադարձավ Սյունիքին հարակից դիրքերի հարցին, որոնք պաշտպանում են Գորիս-Կապան ճանապարհը, և Կապան քաղաքը թշնամու անմիջական կրակից։ Այս տարածքները Կապիտուլիացիայի համաձայնագրով պետք է մնան հայկական ուժերի վերահսկողության տակ, քանի որ նույնիսկ այս փաստաթղթում ոչ մի տեղ չի նշվում, որ դրանք պետք է հանձնվեն թշնամուն։ Սակայն պրն Փաշինյանը այստեղ գերազանցեց ինքն իրեն, պնդելով, որ սրա շուրջ գոյություն ունի բանավոր համաձայնություն, և հայկական ուժերը պետք է հետ քաշվեն։ Փաստացի, պրն Փաշինյանի բանավոր համաձայնույթունը (!!!) հիմք է, որպեսզի մենք վտանգենք Գորիսից հարավ գտնվող Սյունիքի բնակավայրերը, թույլ տանք թշնամուն՝ անարգել վերահսկել մեր ճանապարհները։

Ինչ երաշխիք այդ դեպքում, որ ընդհուպ մոտենալով 40 000 բնակչությամբ Կապան քաղաքին, վաղը նրանք չեն սկսի իրենց սադրանքերը այստեղ, կյանքը քաղաքում վերածելով դժոխքի, և ի վերջո ստիպելով բնակչությանը՝ այնտեղից հեռանալ։ Այս իմաստով, պրն Փաշինյանից և նրա բանավոր համաձայնություններից օր առաջ հրաժարվելը վերջին շանսն է՝ փրկելու Կապանը, ինչպես նաև, ի վերջո, ամբողջ Սյունիքը։

Նախկինում ես հարցեր էի ուղղում պրն Փաշինյանին, բայց հիմա այլևս իմաստ չեմ տեսնում։ Վերջին ամսվա ընթացքում նրա ինքնախոստովանական ցուցմունքներից հետո, ինձ հանար արդեն ամեն ինչ պարզ է մեր երկիրը հանձնող այս անձի հետ։ Ես սակայն ցանկանում եմ մեկ անգամ ևս դիմել Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության 80-ից ավել պատգամավորներին՝ դուք գիտակցում եք արդյո՞ք, որ ձեր առաջնորդը մաս առ մաս հանձնում է մեր բոլորիս հայրենիքը, և որ նրա գործողություններին աջակցելով, դուք ևս մեր հայրենազրկման մեղավորներ եք դառնում։ Ի՞նչ եք դուք ակնկալում դրա դիմաց, ինչու՞ եք շարունակում աջակցել մի անձի, ով բացարձակ կորցրել է երկրի փրկության (էլ չասած զարգացման) տեսլականը, որի ցանկացած խոսք մեզ դնում է էլ ավելի անմխիթար վիճակի մեջ, որի անգործությունը և սեփական իշխանությունը երկարաձգելու մոլուցքը բերում է նորանոր կորուստների։ Գո՞ւցե վերջապես արթնանաք թմբիրից, ցույց տաք, որ ձեր մեջ էլ կա ինքնասիրություն ու պատիվ, վերջ տաք այս սոսկալի հոգևարքին, և թույլ տաք նոր էջ բացել մեր երկրի կյանքում»։

ԻՆՉՊԵՍ ՀԱՆՁՆԵԼ ԵՐԿԻՐԸ, ՓՈՐՁԵԼՈՎ ՊԱՀԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ Կապիտուլիացիայի աղետալի համաձայնությունը ստորագրած,…

Posted by Avetik Chalabyan on Wednesday, December 16, 2020

Տեսանյութեր

Լրահոս