Քաղաքական գործընթացները որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ դատախազության համակարգի և նրա գործունեության վրա․ հայտարարություն
Այսօր հերթական փոքրիկ տեղեկատվական սադրանքի փորձն է արվել ՀՀ դատախազության նկատմամբ՝ առանձին լրատվամիջոցի կողմից, իրեն բնորոշ ոճով, գիշերը տեսած ցանկալի երազը որպես իրականություն մատուցելու մոլուցքով տարված հայտնելով ինչ-որ անորոշ դատախազների անունից աշխատանքից ազատման դիմումներ գրելուն պատրաստ լնելու, դրա առնչությամբ չգիտես որտեղ, չգիտես ում կողմից, իբրև թե, գրված հայտարարության մասին: Այս մասին հայտնում են Դատախազությունից։
Թեև օրեր առաջ դատախազությանը նշանառության տակ առնելու փորձի նմանատիպ մեկ այլ դրսևորման հետ կապված արդեն իսկ ՀՀ դատախազությունը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, այդուհանդերձ, նկատի առնելով առկա իրավիճակով պայմանավորված հանրության՝ տեղեկատվական սպեկուլյացիաների նկատմամբ զգայական վերաբերմունքն ու ընկալումները, հարկ ենք համարում վերահաստատել հետևյալը:
ՀՀ դատախազությունը անկախ պետական ինստիտուտ է, իսկ դատախազական գործունեությունը քաղաքական չեզոքության և զսպվածության հիմնարար սկզբունքների վրա խարսխված մասնագիտական և ապաքաղաքականացված գործունեություն:
Ավելորդ համարելով անգամ մեկնաբանել դատախազներին ապօրինի հրահանգներ տալու մասին անմտությունը՝ անհրաժեշտ է ոմանց հիշեցնել, որ ցանկացած պրոֆեսիոնալ դատախազ գործում է բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորություններով և իրավասությունների շրջանակում և առավել քան որևէ մեկը տիրապետում է ապօրինության փաստի առերեսվելիս իրավական ընթացակարգերից օգտվելու իր իրավունքների և պարտականությունների մասին, ինչպես նաև ոմանց հիշեցնելու, որ վաղուց անցել են դատախազական մասնագիտական գործունեությունը քաղաքական քիմքերին և կոնյուկտուրային ծառայեցնելու իրենց ժամանակները:
Քաղաքական գործընթացները որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ դատախազության համակարգի և նրա գործունեության վրա, դատախազությունը շարունակելու է կատարել իր պարտականությունները՝ հանցավոր բոլոր ոտնձգություններին հակազդելու, դրանց իրավական գնահատականներ տալուն հետամուտ լինելու առումով՝ անկախ դրանք կատարող սուբյեկտներից, կարգավիճակից, քաղաքական որ բևեռում գտնվելու հանգամանքից։
Հետևաբար կրկին կոչ ենք անում դադարեցնել դատախազությանը քաղաքական ուղղորդումների, ազդեցությունների ենթարկելուն միտված նման անիմաստ և անօգուտ փորձերից:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում, անդրադառնալով դատախազական համակարգին, նշել էր․ «Շատ դատախազներ արդեն դիմել են ՀՀ գլխավոր դատախազին և հայտարարել, որ պատրաստվում են անգամ աշխատանքից ազատման դիմումներ գրել, քանի որ չեն ցանկանում անօրինական հրամաններ կատարել»: