Դատախազի բողոքը մերժվեց. Վահրամ Բաղդասարյանը չի կալանավորվի
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու Ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը:
«Առաջին ատյանի դատարանը կայացրել էր հետևյալ որոշումը. բավարարել էր պաշտպաններից մեկի բողոքը և ոչ իրավաչափ էր ճանաչել պարոն Բաղդասարյանի ձերբակալումը»,- դատարանի որոշման հրապարակումից հետո, 168.am–ի հարցին ի պատասխան՝ ասաց Վահրամ Բաղդասարյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը, ապա լրացրեց միտքը՝ նշելով, որ ընդհանուր իրավասության դատարանը նույն որոշմամբ մերժել էր նաև քննիչի միջնորդությունը՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
«Ձերբակալության ոչ իրավաչափությունը հաստատելու հիմքում դրել էր, որ Բաղդասարյանը ձերբակալվել է ոչ իրավաչափ հիմքով: Կալանավորման միջնորդությունը մերժել էր, քանի որ նախաքննական մարմինը չէր ներկայացրել փաստեր, տեղեկություններ, ապացույցներ, որոնք կհիմնավորեն հիմնավոր կասկածը կամ Վահրամ Բաղդասարյանի առնչությունը դեպքին, և չէր անդրադարձել նույնիսկ կալանավորման հիմքերին: Դատախազությունը բողոք էր բերել՝ պատճառաբանելով, թե առկա է հիմնավոր կասկած, նաև պետք է Վերաքննիչը քննարկեր կալանավորման հիմքերը: Ենթադրում էին, որ Վահրամ Բաղդասարյանը կարող է ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորել՝ մնալով ազատության մեջ… Փաստենք, որ երկու դատական ատյանն էլ հաստատեցին, որ չկան այնպիսի փաստեր, տեղեկություններ, ապացույցներ, որոնք կհիմնավորեն Վահրամ Բաղդասարյանի առնչությունը ենթադրյալ դեպքին: Ասեմ ավելին, իմ խորին համոզմամբ, և դա փաստարկված է ապացույցներով, առհասարակ չկա ապացույց, որ որևէ իրավախախտում տեղի է ունեցել»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Փաստաբանի խոսքով՝ դատախազության ներկայացրած բողոքը ակնհայտ անհիմն է և չպատճառաբանված:
Հիշեցնենք, որ Վահրամ Բաղդասարյանը ձերբակալվել էր նոյեմբերի 14-ին, ապա վերջինիս մեղադրանք էր առաջադրվել: Նոյեմբերի 16-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Վահրամ Բաղդասարյանի ձերբակալությունը ճանաչել էր ոչ իրավաչափ և մերժել էր նրան կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը:
Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության յուրացման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և ապօրինի զենք-զինամթերք պահելու հատկանիշներով։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում