Վահրամ Բաղդասարյանը ևս ձերբակալվեց
Ժամեր առաջ գրել էինք, որ Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը։ Հենց նոր հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է, ընդ որում՝ ճիշտ այն մեղադրանքով, որում իբր կասկածվում են ժամեր առաջ ձերբակալված ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը և Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ) միաժամանակ։
Վահրամ Բաղդասարյանի փաստաբան Վահագն Գասպարյանը չի տեսել ներկակացված փաստաթղթերում որևէ հիմնավոր բան, որը կկարողանար Վահրամ Բաղդասարյանի առնչությունը վարչապետի ենթադրյալ սպանության դեպքի հետ կապել։ Այս մասին նա հայտնեց Yerevan.Today-ին՝ ընգծելով, որ այս ձերբակամության տակ քաղաքական կոնտեքստ է տեսնում։ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը իբր կասկածվում է ծանր հանցագործությունների մեջ, փաստաբանի խոսքով՝ նրան ձերբակալել են իշխանության յուրացման, ապօրինի զենք զինամթերք պահելու և վարչապետի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով (ՀՀ Քր.օր 35-300-րդ հոդվածի 1-ին մասի 305-րդ հոդվածի, 235-րդ հոդվածի հատկանիշներով)։
«Մեղադրանքում շարադրված չէ պաշտպանյալիս գործողությունը հստակ, վերացական ինչ-որ պատմություն է շարադրված, ավելին հայտնել չեմ կարող, քանի որ պարտավոր եմ նախաքննական փուլի գաղտնիության շահերը պահել։ Սա ակնհայտ անհիմն կասկածանք է, և չունի Վահրամ Բաղդասարյանի կապը՝ ենթադրյալ պատմության հետ ապացուցող հիմքեր։ Քաղաքական կոնտեքստ եմ տեսնում։ Ես արդեն իսկ պատրաստել եմ ձերբակալման դեմ բողոքը և կմտնեմ դատարան։ Կարծում եմ՝ դատարանը օբյեկտիվորեն կապացուցի պաշտպանյալիս անմեղությունը»,-Yerevan.Today-ին հայտնեց փաստաբանը։
Սյուզի Բադոյան