Հայ-թուրքական սահմանի բացվելու դեպքում ՀՀ ազգային անվտանգությանը, տնտեսությանը բավականին մեծ և լուրջ վտանգ է սպառնում. Թուրքագետ

«Թուրքիան «խնդիրներ չունի հայ ժողովրդի հետ»: «Մենք խնդիրներ ունենք Հայաստանի ղեկավարության հետ: Եթե նրանք դրական քայլեր կատարեն, ապա մենք կարող ենք բացել Հայաստանի հետ մեր սահմանը»,- դեկտեմբերի 10-ին Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը:

«Մի հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, Թուրքիան եթե նախկինում ասում էր՝ սահմանը չեմ բացի, քանի որ հիմնական պատճառն Արցախի հարցի կարգավորումն էր, և հիմնականում 2008 թվականին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տխրահռչակ փորձի ժամանակ պահանջում էր գոնե մեկ շրջան հետ տալ Ադրբեջանին, այս պահին 7 շրջան է տրված, այսինքն՝ Թուրքիայի համար դե ֆակտո սահմանների բացումն արգելող հարցն այլևս չկա, հանգիստ կարող է բացել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Թուրքագետը նկատեց՝ Էրդողանը նաև մեղադրանքների շարք է հնչեցրել Հայաստանի հասցեին. «Ի դեպ, իր ելույթում Էրդողանն ասաց՝ սփյուռքը չպետք է խառնվի՝ նկատի ունենալով ցեղասպանության ճանաչման գործընթացը: Օրինակ, կարող է պահանջել, որ Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից: Իր ելույթի տողատակերում դա էր հասկացվում, երբ ասում էր, որ սփյուռքը չպետք է խառնվի, որովհետև դա Հայաստանի համար վատ կավարտվի: Նաև Հայաստանին ուղղված մեղադրանքների շարք հնչեցրեց՝ ընդգծելով, թե Հայաստանը պետք է պատասխան տա պատերազմի ժամանակ Ադրբեջանին վնաս տալու, շենք-շինություններ վնասելու համար»,- նշեց նա:

Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ իրականում ամեն պահի Թուրքիան կարող է սահմանի բացման մասին հայտարարել, սակայն մեկ նրբերանգ կա՝ հիմա սահմանի բացումը Թուրքիայի օգտին է:

«Հայաստանն այս պահին տնտեսապես բավական թույլ վիճակում է, գաղտիք չէ, որ հիմնականում ապրանքը ներմուծում ենք, և, եթե նայենք, թե ինչքան է Թուրքիայից բերվում ու արտահանվում, իհարկե միջնորդավորված, մենք սարսափելի վիճակում ենք: Իսկ սահմանի բացվելու դեպքում ՀՀ ազգային անվտանգությանը, տնտեսությանը բավականին մեծ և լուրջ վտանգ է սպառնում, քանի որ Թուրքիան, ինչպես հայտնի է, ունի մեծ ռեսուրսներ, և դրանով տնտեսական կախվածության մեջ կարող է գցել և ազդեցությունը մեծացնել Հայաստանի տնտեսական և մնացած մի շարք ոլորտների վրա»,- նշեց թուրքագետը:

Նրա դիտարկմամբ՝ մի օր սահմանը բացվելու էր, բայց հետպատերազմյան այս շրջանում Հայաստանն ամենաանպատրաստն է:

«Դեռ դրան հավուր պատշաճի դիմագրավել Հայաստանը պատրաստ չէ: Աշխարհում տեսնում ենք արաբական երկրները, Իսրայելը, որ երկար տարիներ է՝ թշնամի էին, հարաբերությունները կարգավորում են, իրենք ամեն ինչով պատրաստ են, մեկը մյուսի համար վտանգ չի ներկայացնում, ամեն ինչ վերահսկողության տակ է: Մեզ համար նույնպես կարևոր է այդ վերահսկելի լինելը»,- եզրափակեց Անդրանիկ Իսպիրյանը:

Տեսանյութեր

Լրահոս