Սոթքի հանքի տարածքում աշխատում է ադրբեջանական տեխնիկան, իսկ հանքի աշխատակիցների վիճակը դեռ անորոշ է

Սոթքի ոսկու հանքը, որի մի մասը, ՊՆ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի խոսքով, նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության համաձայն՝ մնալու է հայկական կողմում, մյուս մասը՝ ադրբեջանական, նոյեմբերի 27-ից չի աշխատում: Նոյեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մտել են հանքի տարածք, պահանջել, որ աշխատակիցները դուրս գան հանքից:

Աշխատակիցները դուրս են եկել հանքի տարածքից, ու արդեն 5-րդ օրն է՝ չեն աշխատում ու չգիտեն, թե երբվանից կկարողանան կրկին աշխատանքի անցնել: Աշխատակիցները 168.am-ին փոխանցեցին, որ իրենք դեռևս անորոշ վիճակում են:

«Կոնկրետ հանքի տարածք ոչ մեկը չի կարա մտնի: Կոնկրետ մեզ ոչ մի բան չեն ասել: Անորոշ վիճակ ա, չգիտենք՝ երբ կաշխատենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկը:

Փոխարենն աշխատակիցները մեզ փոխանցեցին տեսանյութեր, որոնցում երևում է, որ հանքի տարածքում արդեն իսկ աշխատում է ադրբեջանական տեխնիկան:

Սոթքի բաց հանքի տարածքը՝ հանքի կենտրոնը, որտեղ հանքանյութն է, այսօր արդեն որպես սահման է հանդես գալիս: Ադրբեջանական վերահսկողության մասում մի քանի օր է, ինչ մեծ ինտենսիվությամբ աշխատանքներ են իրականացվում: Սոթքի ոսկու հանքի աշխատակիցների ենթադրություններով՝ ադրբեջանական տեխնիկան, տրակտորները հավանաբար այդ կողմով ճանապարհ են գցում դեպի Քարվաճառ:

Տեսանյութում երևում է անցակետը, որտեղ այսօր արդեն ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներ են կանգնած: Մի քանի օր առաջ անցնում էին Սոթքի ու հարակից համայնքների աշխատակիցները, գրանցվում էին աշխատանքի մտնելիս ու անցնում էին իրենց գործին: Անցակետն այսօր ադրբեջանական վերահսկողության տակ է:

Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այժմ Սոթքում իրավիճակը հանդարտ է, բայց կրկին անորոշ:

«Ես կես ժամ առաջ եմ այնտեղից իջել, գնացել էի անմիջապես էդ պոստը, էդտեղ խախանդ սպասում են, հլը ոչ մի բան: Պատկերացրեք՝ էս պահին կոնկրետ որոշված բան չկա, պրոստը երկու կողմից հսկվում ա, որ էս կողմ, էն կողմ անցնել-դառնալ չլինի, էդքան բան էս պահին: Ոչ մի ինչ-որ կոնկրետ գործողություն չի արվում: Ուղղակի մոտավոր ամենքն իրենց սահմանների վրա դիրքավորվում են: Ու էդ վերջնական չի: Վերջնական ճշտումները հլը բավականին ժամանակ ա պետք, որ արվի: Իսկ ընդամենը էնտեղ, որ հիմա իրար հետ լարվածություն չկա, նորմալ ամենքն իրանց դիրքում կանգնած են: Ու շատ մոտ իրարից: Դաժե կարելի է ասել՝ ոչ թե մոտ, այլ անմիջապես նույն գծի վրա կանգնած են երկու կողմն էլ»,- ասաց Գեղամասար համայնքի ղեկավարը:

Խոսելով Գեղամասար համայնքի 18 գյուղերում տիրող իրավիճակի մասին, Հակոբ Ավետյանը նշեց.

«Ամեն դեպքում ասեմ, որ լավ ա, ճիշտ չի լինի, բայց որ ասեմ՝ շատ խառնաշփոթ է, էդ ձև էլ չի: Ուղղակի հանգիստ սպասում են, տեսնեն՝ ինչ կլինի: Հլը անորոշ վիճակի մեջ են բոլորը: Էդ անորոշությունը տանում ա նրան, որ արդեն ոչ մեկը չգիտի՝ ինչ ա անում, սպասում են»:

168.am-ը փորձեց նաև Սոթքի ոսկու հանքում առկա իրավիճակի, հանքի հետագա շահագործման վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Սոթքի ոսկու հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ից: Սակայն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն այս պահին ոչինչ չի մեկնաբանում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին, երբ հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մտել են Սոթքի ոսկու հանքի տարածք, Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը 168.am-ի հետ զրույցում, հաստատելով ադրբեջանական զինուժի՝ Սոթքի հանքի տարածքում լինելը, հայտնել էր նաև, որ հանքի շահագործման համար օգտագործվող տեխնիկան դուրս էր բերվում հանքից: Հանքում այժմ աշխատում է ադրբեջանական տեխնիկան:

Հիշեցնենք նաև, որ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նոյեմբերի 27-ին 2-րդ բանակային կորպուսի ղեկավարի հետ հանդիպումից հետո հայտնել էր, որ Սոթքի մասով բանակցություններ այլևս չեն լինելու,  և, որ կա փոխհամաձայնություն, զինվորական պայմանավորվածություն, որ հայկական կողմը պահպանելու է մեր պետական սահմանը, իսկ ադրբեջանական ուժերը լինելու են իրենց դիրքերում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս