«Այլևս Սոթքի մասով բանակցություններ չեն լինելու». Թագուհի Թովմասյան․ ՈՒՂԻՂ

Այսօր Սոթքի ոսկու հանքավայրի տարածք այցելած պատգամավորները հանդիպել են բանակային կորպուսի հրամանատարի հետ: Հանդիպումից հետո ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպումից շատ մանրամասներ հայտնել չի կարող, քանի որ ռազմական գաղտնիք են պարունակում:

«Պաշտոնապես ստացանք հավաստիացումներ գեներալի կողմից, որ սահմանն ամբողջությամբ գտնվում է մեր վերահսկողության տակ: Մենք արդեն դիրքավորվել ենք: Նախկին անհասկացվածությունը, որ եղել էր, մենք ոնց որ մի փոքր այլ դիրքում էինք եղել, հիմա շտկվել է: Այնպես չէ, որ մենք դիրք ենք զիջել, մենք ամբողջությամբ պաշտպանում ենք ՀՀ սահմանը՝ ավելի հոծ թվով զինվորականներով»,- ասաց Թովմասյանը:

Պատգամավորը հետաքրքրվել է նաև, թե ինչպե՞ս է ստացվել, որ ադրբեջանական մեծաքանակ ուժերին Սոթքում դիմավորել են մի քանի հայ զինվորներ, գեներալը պարզաբանել է:

«Քանի որ մենք դիրքավորված ենք եղել, դրա կարիքը չի եղել, մենք չենք մտածել, որ իրենք կգան, ու այդպիսի իրավիճակ կլինի: Հիմա փոխհամաձայնության են եկել, այդ թվում և՝ ադրբեջանական զինուժի հետ, ինչքան էլ որ հետաքրքիր է, զինվորական պայմանավորվածության համաձայն՝ հայկական կողմը պահպանելու է մեր պետական սահմանը, իրենք լինելու են իրենց դիրքերում»,- ասաց Թովմասյանը և ավելացրեց, որ մենք պետք է լիահույս ու նաև վստահ լինենք, որ հայկական բանակը կատարում է իր առաքելությունը:

Թագուհի Թովմասյանի պնդմամբ՝ հանքի հետագա շահագործման մասին զինվորականները շատ ինֆորմացիայի չեն տիրապետում, որովհետև դա տնտեսական հարց է, որին Կառավարությունը պետք է պատասխանի:

«Այնուամենայնիվ իրենք հավաստիացրին, որ իրենք հիմա այնպիսի դիրքերում են, որ հնարավորություն կա ամբողջ ծավալով հանքի շահագործման»,- ասաց Թովմասյանը:

Հարցին, թե բանակցությունները շարունակվելո՞ւ են, թե՞ բավարարվելու են զինվորական պայմանավորվածությամբ, պատգամավորն արձագանքեց.

«Սոթքի մասով այլևս բանակցություններ չեն լինելու: Մնացած մասերով՝ տնտեսական, թե ի՞նչ կլինի, գեներալը տեղեկություն չուներ, իսկ սահմանի մյուս մասերը, որտեղ մենք դիրքավորվել ենք, գուցե առաջիկայում էլի անհասկացվածություններ լինեն, բայց արդեն այդպիսի մեծ շուքով հյուրեր չենք սպասում»:

Տեսանյութեր

Լրահոս