ԲՀԿ և ԼՀԿ պատգամավորները՝ Էդմոն Մարուքյանին վարչապետ առաջադրելու լուրերի մասին

Այսօր ակտիվ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ակտիվ բանակցությունների մեջ է «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ՝ խորհրդարանում հնարավոր զարգացումների՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի դեպքում ԲՀԿ խմբակցության ձայները ստանալու և վարչապետի պաշտոնում ընտրվելու համար։

Չնայած, այս լուրը դեռ քչերն են բարձրաձայնում, այդուհանդերձ կան պնդումներ, որ այն իրականություն է։

168.am-ը վերը նշված լուրի իսկությունը ճտելու նպատակով խոսեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, ով հարցը լսելուց հետո տվեց հետևյալ մեկնաբանությունը։

«Կասկածելի ծագում ունեցող ինչ-որ տեղեկատվությունների սկզբունքորեն չեմ արձագանքում։ Կարծում եմ՝ թե՛ Գագիկ Ծառուկյանը, թե՛ Էդմոն Մարուքյանը մշտապես իրենց անելիքների մասին վստահաբար հրապարակային ու հանրային կերպով տեղեկացրել են։ Այնպես որ, խորհուրդ կտամ ցանկացած հարցի հետ կապված առաջնորդվել ոչ թե կասկածելի ծագում ունեցող տեղեկատվության աղբյուրներից, այլ մեր կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկատվությամբ, որը, ի տարբերություն պետական կառույցների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկատվությունների, մշտապես համապատասխանում է իրականությանը»,- եզրափակեց Իվետա Տոնոյանը։

168.am-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ ասաց, որ շրջանառվող այդ տեղեկատվությունն առհասարակ իրականությանը չի համապատասխանում։

Հարցին՝ խմբակցության ներսո՞ւմ էլ նման քննարկում չի եղել, և եթե նման առաջարկ լինի, ինչպե՞ս Էդմոն Մարուքյանն այն կընդունի, Գևորգ Գորգիսյանը կարճ պատասխանեց. «Մենք, իհարկե, որպես քաղաքական ուժ՝ ունենք մեր վարչապետի թեկնածուն, բայց այս փուլում նպատակահարմար չենք գտնում խոսելու այդ մասին»։

Ի դեպ, նշենք, որ նոյեմբերի 28-ին, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավոր այցով մեկնել էր Մոսկվա, ըստ ռուսաստանյան մեր աղբյուրների, նրա օրակարգում եղել է այս հարցը՝ Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու առաջադրելու և ընտրելու։

Տեսանյութեր

Լրահոս