Ի՞նչ էր առաջարկելու Արմեն Սարգսյանը ռուսական կողմին, որը, փաստորեն, մերժվեց
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին մասնավոր այցով մեկնել էր Մոսկվա։
Ըստ ԶԼՄ որոշ հրապարակումների՝ Արմեն Սարգսյանը երկու շաբաթ շարունակ փորձում էր հանդիպումներ ստանալ ռուսական կողմից, բայց ապարդյուն, նրան չի հաջողվել հանդիպում կազմակերպել ոչ միայն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, այլև ավելի ցածր պաշտոնյաների հետ ևս: Այդ էր պատճառը, ըստ լրատվամիջոցների, որ ՀՀ նախագահի աշխատակազմն առավոտյան հայտարարություն տարածեց, թե վերջինս ՌԴ է մեկնում մասնավոր այցով: Նա այնտեղ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի հայ համայնքի և համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպումներին հրաժարվել են ներկա գտնվել ռուսաստանահայ խոշոր գործարարները։
Ռուսաստանյան մեր աղբյուրների հավաստմամբ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի որոշ ներկայացուցիչներ, որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպում տեղի չի ունեցել։ Ըստ նույն աղբյուրների՝ ռուսական կողմին մինչ այդ արդեն հայտնի է եղել, թե ինչի մասին է Արմեն Սարգսյանը փորձում նրանց հետ խոսել և համաձայնություն ստանալ, այդ իսկ պատճառով աշխատակազմի ներկայացուցիչների միջոցով այս առաջարկն անելուց հետո որևէ հանդիպում չնշանակելով՝ ՌԴ իշխանությունները հստակ ցույց են տվել իրենց «ոչ»-ը։
Նույն աղբյուրների հավաստմամբ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցանկանում էր ռուսական կողմի հետ համաձայնություն ձեռք բերել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվի «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Արմեն Սարգսյանը դա նախ հիմնավորել է այն հանգամանքով, որ Էդմոն Մարուքյանի թեկնածությանը կհամաձայնեն «Իմ քայլ»-ականները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը՝ համոզված լինելով, որ Մարուքյանը «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական կուսակցության անդամներին՝ պատգամավորներին, նախարարներին չի հետապնդի, և քրեական պատասխանատվության չեն ենթարկվի։ Սա թիվ մեկ անհանգստությունն է իշխանությունների և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի համար, ով երաշխիքներ է ցանկանում ստանալ։ Նախագահ Արմեն Սարգսյանը ռուսական կողմին Էդմոն Մարուքյանի թեկնածությունը ներկայացնելիս, նաև որպես երկրորդ հիմնավորում՝ ներկայացրել է այն, թե նա «նախկիններից» չէ, պաշտոն չի զբաղեցրել, հետևաբար՝ հասարակությունը կընդունի նրա թեկնածությունը։
Ռուսական կողմից, սակայն, որևէ պաշտոնական լուրջ հանդիպում չնշանակելով՝ հասկացրել են, որ դեմ են այդ նախագծին և չեն վստահում ոչ Արմեն Սարգսյանին, ոչ Էդմոն Մարուքյանին։