«Եղել են ցավալի էպիզոդներ, սակայն դրանք ՌԴ-ին այս հակամարտություն ներքաշելու առիթ չեն»․ Տարասովը՝ Փաշինյանի նամակի ու ՌԴ ԱԳՆ պատասխանի մասին

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով խորհրդակցություններ սկսել՝ սահմանելու Հայաստանին ռուսական աջակցության տեսակները ու չափը։ Պուտինին ուղղված նամակում, ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, մանրամասն ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը:

«Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին՝ սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»,- ասված էր նամակի վերաբերյալ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

Ուշագրավ է, որ ռուսական արձագանքը երկար սպասեցնել չտվեց։ Ոչ պակաս ուշագրավ էր նաև այն հանգամանքը, որ, ինչպես ՀՀ վարչապետի նամակը, այնպես էլ ՌԴ պատասխանը տարածվեց ՌԴ ԱԳՆ խողովակով։

Ռուսական պատասխանի բովանդակությունը ևս հետաքրքրական էր նրանով, որ անորոշ չէր, ինչը բնորոշ է նմանատիպ հայտարարություններին։ Ըստ ՌԴ ԱԳՆ պատասխան հաղորդագրության, վերոնշյալ Պայմանագրի մի շարք հոդվածներ ենթադրում են կոնկրետ գործողություններ՝ միմյանց տարածքների դեմ զինված հարձակման սպառնալիքի կամ ագրեսիայի ակտի ի հայտ գալու դեպքում: «Պայմանագրի պահանջներին համապատասխան՝ Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք: Մեկ անգամ ևս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը, լիցքաթափել լարվածությունը և վերադառնալ առարկայական բանակցությունների՝ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու համար՝ համաձայն այս տարվա հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների ձեռք բերած պայմանավորվածությունների»,- ասված էր ՀՀ վարչապետին ուղղված ՌԴ ԱԳՆ պատասխանում։

Պաշտոնական դիմումին հաջորդել էր նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պարզաբանումը, որ տվյալ դեպքում խոսքը ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշման մասին է, որը հնչեցվել է Հայաստանի դիմումի կապակցությամբ: «Այն, ինչ կապված է կոնկրետ ձևաչափերի հետ, լրացուցիչ կքննարկվի»,- ասել է Զախարովան:

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն անդրադարձավ ՀՀ վարչապետի նամակին ու ՌԴ ԱԳՆ պատասխանին՝ փորձելով մեկնաբանել դրա դիվանագիտական տողատակերը։

Նա նշեց, որ մի փոքր անհասկանալի է Փաշինյանի նմանօրինակ դիմումը Ռուսաստանին՝ այն դեպքում, երբ նա գիտի, որ, ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, Ռուսաստանը պետք է աջակցություն ցուցաբերի Հայաստանին միայն այն դեպքում, եթե Հայաստանը դառնում է ագրեսիայի զոհ։

Նրա կարծիքով, այս հակամարտության ընթացքում ՀՀ տարածքին «ձեռք չեն տվել», ուստի Մոսկվան, որը հանդիսանում է ԵԱՀԿ ՄԽ կայուն համանախագահներից մեկը, խաղի կանոնները չի փոխելու։

«Փաշինյանը դիմում է Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում, որի նկատմամբ Ռուսաստանը ստանձնել է հավասարահեռ դիրքորոշում, և այդ դիմումը մի շարք հարցեր է առաջացնում՝ կամ նա գիտակցված կերպով սրում է իրավիճակը, կամ նա չի կարդացել ՀԱՊԿ կանոնադրությունը»,- նման կարծիք հայտնեց Տարասովը։

Մեր արձագանքին, որ պատերազմի մեկ ամսվա ընթացքում եղել է ադրբեջանական ագրեսիա ՀՀ Սյունիքի մարզի սահմանային քաղաքների ուղղությամբ, և ՀՀ-ում շատ են հնչել պահանջներ՝ դրանց ֆոնին դիմել ՌԴ-ին աջակցության հարցով, Տարասովն արձագանքեց, որ Իրանի ուղղությամբ ևս կրակել են, միջադեպեր են եղել, և Իրանի համար անհասկանալի էր, թե որ կողմն է անում, պատահակա՞ն է դա, թե՞ ոչ, հակամարտող կողմերից արկեր են «թռնում», որի հետևանքով Իրանն ամրապնդեց իր սահմանային հսկողությունը։

Նրա համոզմամբ, որպեսզի ապացուցվի, որ Հայաստանը և Հայաստանի տարածքը դարձել է ագրեսիվ գործողությունների թիրախ, պետք են ֆունդամենտալ ապացույցներ, հարկավոր է, որպեսզի ՀԱՊԿ հանձնաժողովը տեղում համոզվի, որ դա այդպես էլ կա։

«Իսկ մենք ունենք Գյումրիի բազա և տեղում դիտորդներ, նրանք միայն կոնյակ չեն խմում, հասկանո՞ւմ եք։ Այդ տվյալները չեն հաստատվում, եղել են ցավալի էպիզոդներ, սակայն դրանք չեն կարող լինել լուրջ որոշումների կայացման առիթ՝ ՌԴ-ին այս հակամարտություն ներքաշելու առիթ։ Մենք սա դիտարկում ենք՝ որպես ՌԴ-ին այս հակամարտություն ներքաշելու փորձ, Ադրբեջանի և Հայաստանի առճակատմանը ներքաշելու փորձ, իսկ Ադրբեջանի մեջքի ետևում՝ Թուրքիան»,- ասաց Տարասովը։

Հարցին, թե որպես հակամարտությամբ զբաղվող ակտիվ փորձագետ՝ համարում է, որ Հայաստանը վերջին շաբաթների ընթացքում եղել է անվտա՞նգ, հավելյալ միջոցառումների կարիք չունի՞, երբ ՀՀ-ում եղել են զոհեր ՀՀ տարածքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, Տարասովը պատասխանեց, որ դա ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում գտնվող հարց է։

«Իհարկե, մենք տեսնում ենք, հետևում ենք, անհանգստանում ենք, նշում ենք, որ իսկապես այնտեղ զոհեր են եղել։ Բայց սա Ղարաբաղի հարց է՝ առաջինը, երկրորդը՝ մենք չգիտենք Հայաստանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։ Փաշինյանը մեծամասնություն ունի ԱԺ-ում, կարող է ճանաչել Ղարաբաղի անկախությունը, կամ էլ Դուք ցանկանում եք այլոց ձեռքերով ստեղծել Ձեր լուսավոր թագավորությո՞ւնը։ Ոչ ոք դա չի պատրաստվում անել՝ ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Ռուսաստանը։ Դա հասկանալի է։ Մեկ այլ հանգամանքն էլ այն է, որ կան մի շարք փաստեր, որ Ռուսաստանն օգնություն ցուցաբերել է»,- ասաց ռուս քաղաքական վերլուծաբանը՝ շարունակելով ակնարկել, որ ՀՀ իշխանություններն իրականացնում են բազմավեկտոր քաղաքականությունից և խոսում հայակենտրոնությունից և չեն գիտակցում, որ ամենածանր պահին նրան չեն օգնելու ո՛չ ամերիկացիները, ո՛չ ֆրանսիացիները, բացի Ռուսաստանից։

Նա շարունակեց պնդել, որ Հայաստանն ագրեսիայի զոհ չէ, նման փաստ չկա և, այնուամենայնիվ, Ռուսաստանին փորձում է մղել ինչ-որ քայլերի՝ իրեն չդրսևորելով՝ որպես դաշնակից։

«Նա պետք է հետևողական լինի Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելիս։ Ադրբեջանը Թուրքիային է քաշել տարածաշրջան, բայց Ադրբեջանն ավելի հետևողական է և անկեղծ ասում է, թե ինչ է ցանկանում, իսկ ի՞նչ է ցանկանում Փաշինյանը, այստեղ ոչ ոք չի հասկանում»,- ասաց Տարասովը։

Մեր հարցին, թե ռուսական էլիտայի հետ Լևոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան շփումները ՌԴ այցի շրջանակում ինչ-որ բան կփոխեի՞ն ռուսական մոտեցումներում, ինչը նախօրեին քննարկվում էր և կարծես «փակվեց» կորոնավիրուսով Ռոբերտ Քոչարյանի վարակման թեմայից հետո, Տարասովը պատասխանեց, որ, եթե Քոչարյանը լիազորություններ է ստանում բանակցություններ վարելու, դա մեկ հարթություն է, բայց նախկին նախագահները, այդ թվում, օրինակ, Քոչարյանը, մասնավոր անձինք են։

«Կան անձնական հարաբերություններ, դրանք անձնական հարաբերություններ են, իսկ պետական հարաբերությունները կառուցվում են իշխանությունների հետ, իսկ եթե առանց լիազորությունների եկան-խոսեցին-գնացին, դա ի՞նչ է։ Սա ևս գավառականության, անկրթության նշան կարծես լինի, պետք է հասկանալ, թե ինչպես են նման հարցերը կարգավորվում։

Նույն այն դիրքորոշումը, որն այսօր կա, հնարավոր էր անել առանց պատերազմի՝ դիվանագիտական ճանապարհով։ Փաշինյանը սխալվում է, եթե կարծում է՝ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է տարածաշրջանում, դա այդպես չէ, մենք ունենք մեր հարցերը Մերձավոր Արևելքում Թուրքիայի հետ, Թուրքիայի հետ Ռուսաստանը զգույշ է, մեր խաղն այլ է, մենք չենք ցանկանում լինել պատանդը Փաշինյանի ու Ալիևի քաղաքականության։ Ալիևը ևս ներքաշել է Թուրքիային, մենք ևս չենք ցանկանում ներքաշվել, պետք է հասկանալ ՌԴ ազգային շահերը։ Այո՛, Հայաստանը դաշնակից գործընկեր է, բայց պետք է լինի անկեղծ, հետևողական, քաղաքական գործչի մտադրությունները պետք է պարզ լինեն, այն չպետք է հարցեր առաջացնի։ Մենք կարող ենք մեր զինվորներին ուղարկել, և նրանք մահանան, ինչի՞ համար, ի՞նչ շահերի համար, թուրքերը ևս չեն ցանկանում մահանալ հանուն Արդբեջանի, նրանք իրենց զինվորներին չուղարկեցին, այլ վարձկաններին»,- ասաց Տարասովը։

Նրա խոսքով, ՀՀ իշխանությունը հռչակել էր հայակենտրոնություն և կարծում էր, որ Արարատ լեռան շուրջ ողջ աշխարհը շուրջպար է բռնելու։ «Ոչ, չի բռնելու շուրջպար, և ողջ աշխարհը թքած ունի։ Պետք է նայել քարտեզին և այն իրավիճակին, որում դու ես, և ով է քո գործընկերը»,- ասաց Տարասովը։

Դիտարկմանը, թե ի՞նչ պետք է անի ՀՀ վարչապետը, նա նշում է՝ կողմ է ռուս խաղաղապահներին, դիմում է Ռուսաստանին, Տարասովը մասամբ արձագանքեց՝ ասելով, որ խաղաղապահ առաքելության հարցը պետք է երկկողմանիորեն ընդունելի լինի, ինչպես նաև դա վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, նախատեսված է Մադրիդյան սկզբունքներով։ Ըստ նրա, ամերիկացիները սկանդինավցիներին են բերում, իսկ ռուսները դեռ լռում են։

Ռուս քաղաքագետը հույս հայտնեց, որ Ժնևի նախօրեի նախարարական բանակցություններն արդյունք կտան։ Թեև, նրա խոսքով, կարևոր է հետագան, այն հարցերը, որոնք դառնալու են քննարկման առարկա՝ հատկապես, երբ կա փոփոխված շփման գիծ և նոր իրականություն ճանաչելու անհրաժեշտություն։

Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները Ղարաբաղի առնչությամբ շատ չմտածված դիտարկումներ են արել։ «Դիվանագիտությունն էլ ներկայումս բարդ ու անկանխատեսելի է»,- ասաց Տարասովը։

Տեսանյութեր

Լրահոս