«Թուրքական զորքը մնալու է Ադրբեջանում, չեմ կարծում, որ սա անպատասխան է մնալու, դրա համար ակտիվացել է նաև խաղաղապահների խնդիրը». Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը վստահեցնում է, որ ստեղծված իրավիճակի հետ կապված՝ բավականին լուրջ քայլեր են իրականացվում քաղաքական և դիվանագիտական դաշտում։

«Այստեղ, որպեսզի կարողանանք ճիշտ գնահատենք արդյունքները, մենք պետք է դիտարկենք՝ ինչ կատարվում։ Այս պատերազմը ռազմաքաղաքական մարտահրավեր է։ Քաղաքական առումով կարծես թե հոկտեմբերի 10-ին ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի դադարեցվի պատերազմը։ Փաստորեն մի մասը՝ քաղաքական առումով պայմանավորվածությունը, կա, մնում է ռազմականը, իսկ ռազմական առումով տեսնում ենք, որ հակառակորդը շարունակում է  իր ագրեսիվ քաղաքականությունը։ Այս ամենի ներքո, սա շատ լավ տեսնում են այլ երկրներում, մասնավորապես՝ ՌԴ-ում, որը մեծ ջանքեր է գործադրում պատերազմի դադարեցման ուղղությամբ։ Տեսեք, թե ինչ էվոլյուցիա է տեղի ունեցել՝ սկզբում եղել են հայտարարություններ, կոչեր, այնուհետև Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպվեց, որը տևեց 10 ժամ։ 10 ժամ բանակցություններում չէին կարող հենց այնպես խոսել, չէ՞, կամ զինադադար հաստատեն երկու օրով կամ երկու ժամով, սա պետք է լինի անժամկետ, փաստորեն այդպես էլ եղավ փաստաթուղթը»,- հրավիրած մամուլի ասուլիսում ասաց Դավիթ Բաբայանը։

Միաժամանակ նա նշեց, որ հիմա Ադրբեջանը, Թուրքիան և ահաբեկիչները շարունակում են իրենց գործողությունները, և ՌԴ-ում նախ հասարակական գործիչները  հայտարարություններ արեցին, որ, եթե չեն լսում Սերգեյ Լավրովին, ստիպված կլինեն լսելու Սերգեյ Շոյգուին, և այդպես էլ եղավ։

«Մենք տեսնում ենք, որ այսօր գործընթացները մտնում են բոլորովին այլ փուլ, և եթե այս ամենը արդյունք չտա, չեմ բացառում, որ կոչով կարող է դիմել նաև ՌԴ նախագահը, եթե դրան էլ Թուրքիան և Ադրբեջանը որևէ կերպ չարձագանքեն, չի բացառվում, որ անցնեն ավելի ակտիվ ու կոշտ քայլերի՝ դրա համար բոլոր նախադրյալները կան և նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են։ Եթե ահաբեկիչներն անցնում են Ռուսաստանի տարածք, սա արդեն շատ լուրջ է, մտածել, որ Ռուսաստանը ձեռքերը ծալած նստելու է՝ այդպես չէ»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։

Մեջբերելով ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը, նա շեշտեց, որ Սերգեյ Լավրովը հստակ ասել է՝ Թուրքիան երբևէ չի եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, և ավելին՝ չի ընդունում Թուրքիայի մոտեցումը՝ ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու համար։

«Մենք այստեղ պետք է նկատենք այլ զարգացումներ ևս, այն որ Թուրքիան մտել է տարածաշրջան և չի պատրաստվում կամավոր դուրս գալ՝ փաստ է, և նախաձեռնել է համաթուրքական զինված ուժեր ստեղծելու գաղափար։ Տարածաշրջանի երկրները, բնականաբար, չեն մասնակցի Թուրքիայի այդ ավանտյուրային, հետևաբար՝ ի՞նչ է մնում՝ Ադրբեջանի հետ ստեղծել նման ընդհանուր բանակ, անունը դրած համաթուրքական։ Այս համատեքստում թուրքական զորքը մնալու է Ադրբեջանում, չեմ կարծում, որ սա անպատասխան է մնալու, դրա համար ակտիվացել է նաև խաղաղապահների խնդիրը։ Այսինքն՝ այս աշխարհաքաղաքական մրցակցությունը և պայքարը չի սահմանափակվելու տվյալ պատերազմով։ Սա, ի վերջո, կանգնելու է, չեմ կարող ժամկետ նշել, բայց այս պատերազմի կանգնելուց հետո մենք պետք է զբաղվենք շատ ճիշտ քաղաքականություն վարելով՝ մտնել այդ աշխարհաքաղաքական մրցակցության մեջ»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս