«Թուրքիան որևէ կերպ չի կարող ներգրավված լինել հակամարտության կարգավորման գործընթացում». Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի  խոսքով՝  հստակ արձանագրված է, որ ադրբեջանական կողմն է սկսել ռազմական գործողությունները, նաև, որ այդ գործողություններում ներգրավված է Թուրքիան։ Ռազմական գործողություններում ներգրավված են նաև ահաբեկիչներ, որը վտանգում է ոչ միայն Արցախի ժողովրդի, այլև տարածաշրջանի անվտանգությունը։

«Ուրախությամբ արձանագրում եմ մեր հանրության միասնությունն այս օրերին, համախմբվածությունը, որը բացառիկ նշանակություն ունի, որը մեծ դեր ունի նաև թիկունքն ամուր պահելու հարցում։ Մենք թե՛ տեղեկատվական, թե՛ դիվանագիտական, ու թե՛ հանրային համախմբվածության ճակատում մեր հաջողությունը գրանցում ենք»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանը։

168.am-ի հարցին՝ ի՞նչ կարելի է ակնկալել Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից, Տաթևիկ Հայրապետյանը նախ պատասխանեց, որ երեկ Ադրբեջանի արտգործնախարարարը փակ հանդիպում է ունեցել Ժնևում, որի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա, նաև ադրբեջանական կողմից։

«Կոչն այս պահի դրությամբ հումանիտար հնարավոր հրադադարն է՝ գերիների և դիակների փոխանակման  համար։ Ռազմական գործողությունների 13-րդ օրն է, և Ադրբեջանն ամբողջությամբ թաքցնում է իր զոհերի թիվը հանրությունից, իրականում ըստ էության չեն ցանկանում ցույց տալ, թե ինչ է կատարվում ռազմաճակատում։ Հանդիպումից, այս պահին, ակնկալիքը  հումանիտար հրադադարն է»,- նշեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է 12-ին Մոսկվայում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր ռուսական կողմը, և պատասխանելով հարցին, թե ի՞նչ օրակարգով Հայաստանը պետք է բանակցությունները վարի, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց, որ ՀՀ վարչապետը բազմիցս իր հայտարարություններով նշել է, որ հայկական կողմի համար անընդունելի է  Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների  ներգրավվածությունը հակամարտությունում։

«Այսինքն՝ մեր դիրքորոշումն է, որ Թուրքիան այս գործընթացից պետք է բացառվի, և բոլոր այն փորձերը, որոնք Ադրբեջանն ակտիվորեն  ձեռնարկում է։ Այս օրերին Էրդողանն ավելի շատ հայտարարություններ է արել, քան Ալիևը, Թուրքիան որևէ կերպ չի կարող ներգրավված լինել հակամարտության կարգավորման գործընթացում, և մեր խնդիրն է՝ Թուրքիայի բացառումն այս գործընթացներից և պահանջ, որպեսզի ահաբեկիչները դուրս գան տարածաշրջանից, քանի որ նրանց ներկայությունը հսկայական խնդիրներ է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»,- շեշտեց նա։

Նա նաև հավելեց, որ, եթե միջազգային հանրությունը ցանկանում է բացառել այս իրավիճակի կրկնությունը, նոր արհավիրքներ ու զոհեր, ապա միանշանակ պետք է դիրքորոշում արտահայտի և ճանաչի Արցախի  անկախությունը, քանի որ ըստ էության դա է միջազգային որոշակի երաշխիքներ տալիս միջազգային ագրեսիան կանխելու համար։

Հարցին՝ արդյո՞ք այս փուլում  բանակցություններին Արցախի մասնակցության վերաբերյալ թեզը պետք է առաջ տարվի, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց, որ այդ գիծը, որի մասին ի սկզբանե խոսել են, պետք է շարունակեն։

«Այո, ինչպես 1994 թվականին էր հրադադարը եղել եռակողմ, այնպես էլ այսօր Արցախը պետք է լինի բանակցող կողմ։ Ի՞նչ կարող է լինել առանց Արցախի ասելիքի»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս