Բաժիններ՝

Հայաստանը զինվորների վնասվածքները բուժելու նպատակով ձեռք է բերում մաշկային տրանսպլանտներ

Իսլանդական «KERECIS» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում 70 տոկոս զեղչով Հայաստանին կտրամադրվեն հատուկ տեխնոլոգիաների միջոցով իսլանդական ձողաձկան կաշվից ստացած մաշկային տրանսպլանտներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը և հավելեց, որ 30 հազար սմ² մաշկային տրանսպլանտները գնվել են շուրջ 124 հազար ԱՄՆ դոլարով, որը երկու օրում հավաքվել է և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով արդեն փոխանցվել է:

Պատգամավորի խոսքով` հակառակորդի կողմից վիրավորված զինվորների այրվածքների և այլ վերքերի բուժման համար այն շատ արդյունավետ միջոց է:

Նարեկ Մկրտչյանը ասաց, որ դեռևս 2020 թվականի հունվար ամսին Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության ղեկավարի հետ այցելել էին Իսլանդիա և հանդիպել էին «KERECIS» ընկերության ղեկավարության հետ:

«Նրանց հետ քննարկեցինք Հայաստանում ձողաձկան կաշվից ստացած մաշկային տրանսպլանտների կիրառմանը հարցը: Կորոնավիրուսի հետ պայմանավորված այդ գործընթացները կանգնեցին, սակայն երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմը, ընկերությանը ներկայացվեց, թե ինչ իրավիճակ է շփման գծում և, որ այդ տրանսպլանտների կարիքը ունենք: Բանակցությունների ընթացքում եվրոպական շուկայական արժեքից առաջարկվեց 70 տոկոս զեղչ: Գումարը շատ կարճ ժամանակահատվածում հավաքվեց և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ուղարկվեց»,- նշեց Մկրտչյանը:

Պատգամավորը տեղեկացրեց, որ այդ տրանսպլանտները առաջին անգամ են կիրառվելու Հայաստանում:

Ըստ Մկրտչյանի`պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ Հայաստան պետք է գործուղվեն Բիրմինգհեմի ռազմական հիվանդանոցից և Իսլանդիայի ազգային հիվանդանոցից երկու բժիշկներ:

«Երկուսը կամավոր կգան Հայաստան, մեկ-երկու շաբաթ կմնան, կօգնեն բժիշկներին մաշկային տրանսպլանտների օգտագործման հարցում: Սա նաև շատ լավ ուղերձ կլինի աշխարհին, որ մեր վիրավոր զինվորների համար ամեն ինչ անում ենք, որպեսզի նրանց վերադարձնենք բնականոն կյանք»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ «KERECIS»-ը համագործակցում է Գերմանիայի և ԱՄՆ-ի տարբեր կլինիկաների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս