Նման անհրաժեշտություն չի լինի․ Մասիս Մայիլյանը՝ աջակցության խնդրանքով այլ երկրներին դիմելու մասին

Նախօրեին ռուսական «Դոժդ» հեռուստաընկերությունն Արցախում զրուցել է ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Ներկայացնում ենք հարցուպատասխանը՝ ստորև։

– Դիմե՞լ եք արդյոք  ռազմական օգնության համար երկրների, որոնք ճանաչել են Լեռնային Ղարաբաղը։ Խոսքը Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարավային Օսիայի մասին է։

– Ոչ, նման անհրաժեշտություն չկա, նաև իրատեսական  չէ։ Արցախի Պաշտպանական բանակը բավականին հաջողությամբ հաղթահարում է իր խնդիրները, և Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի դերում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը։

– Դուք ասում եք, որ հաղթահարում է խնդիրը, իհարկե, դա հասկանալի է, այնուամենայնիվ, կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում, զինվորականների, կա ռազմական տեխնիկայի կորուստ։

– Այո, բայց այն խնդիրները, որոնք իրենց առջև դրել են Ադրբեջանի իշխանությունները, չեն իրականացվել, այսինքն՝ նրանց հարձակումը կասեցվեց, ռազմական գործողությունների առաջին ժամերին  նրանք ունեցան որոշակի հաջողություն, որոշակի առաջընթաց, բայց մեզ հաջողվեց վերականգնել շփման գիծը, հասցնել համապատասխան հարվածներ, որոշ հատվածներում իրականացնել հակագրոհային գործողություններ, այնպես որ, ընդհանուր առմամբ ամեն բան գտնվում է  մեր վերահսկողության տակ,  և մեր բանակն արդյունավետ պաշտպանվում է։

– Եղե՞լ են արդյոք շփումներ մոսկովյան պետական կառույցների հետ։

– Այս հակամարտությամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, այդ թվում՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ինչպես նաև՝ ԵԱՀԿ գործող նախագահի  անձնական ներկայացուցիչը, ով անմիջականորեն զբաղվում է հակամարտությամբ տեղում, իրականացնում է մոնիտորինգներ և այլն։ Առաջին իսկ օրից մենք շփումների մեջ ենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, նրանք տեղեկացված են իրավիճակի մասին, ինչպես նաև տեղեկացված է  ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, այդ թվում՝  ռուսական կողմը։ Ռուսական կողմի հետ մշտական կապի մեջ է ՀՀ ԱԳ նախարարը, մենք սերտորեն համակարգում ենք մեր գործողությունները Երևանից մեր գործընկերների հետ։ Այս իմաստով հաղորդակցության, շփումների, տեղեկատվության  խնդիր Մոսկվայի հետ գոյություն չունի։

– Այնուամենայնիվ ուղիղ երկկողմ կոնտակտներ եղե՞լ են։

– Նման անհրաժեշտություն չի եղել։ Մենք բաշխել ենք դերերը և աշխատում ենք կոորդինացված։

– Երեկ միջազգային լրագրողների խմբով ընկանք կրակահերթի տակ խաղաղ Մարտունի քաղաքում, կրակում էին, դատելով ամենից՝ «Գրադ» համակարգերից՝  քաղաքացիական, կենդանի թաղամասերի ուղղությամբ։ Նախաձեռնվո՞ւմ է արդյոք ինչ-որ աշխատանք խաղաղ բնակչության  տարհանման համար։

– Երեկ և ոչ միայն երեկ,  այլ առաջին իսկ օրից Ադրբեջանը հարձակման է ենթարկել խաղաղ բնակչությանը, քաղաքացիական  օբյեկտները, դա աղաղակող փաստ է, դա չի տեղավորվում միջազգային հումանիտար իրավունքի նորմերի շրջանակում, դա Ժնևի կոնվենցիայի խախտում է։ Երեկ մենք համապատասխան օգնություն ցույց տվեցինք ֆրանսիացի և հայ լրագրողներին, որոնք այնտեղ են եղել։ Խաղաղ բնակչության վրա այդ հարձակման ընթացքում զոհվել է 4 քաղաքացիական անձ, կան վիրավորներ, մենք օգնություն ցույց տվեցինք ֆրանսիացի լրագրողներին։ Արցախի Առողջապահության նախարարությունը  կազմակերպեց  տուժածների վիրահատությունը, և մենք կազմակերպեցինք նրանց տեղափոխումը Հայաստան՝ հետագա բուժման և Ֆրանսիա թռիչքի համար։ Չկա բնակչության տարհանման որևէ ծրագիր։  Հիմնականում, ինչպես Դուք երևի թե տեսել եք, պատսպարվում են ապաստարաններում  և հարմարվեցված վայրերում։ Կան, իհարկե, դեպքեր, երբ երեխաները, կանայք տարհանվում են ավելի անվտանգ վայրեր՝ ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ՝ ՀՀ տարածքում։

– Կարո՞ղ եք արդյոք մեկնաբանել Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ Կիևն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Ինչպե՞ս դա կարող է անդրադառնալ Կիևի և Երևանի միջև հարաբերությունների վրա։

– Ուկրաինայի դիրքորոշումը մեզ համար նորություն չէ, ուստի այս իմաստով որևէ նշանակություն չունի այդ հայտարարությունը։ Դա այն երկրների դիրքորոշումն է, որոնք անդամակցում են ԳՈՒԱՄ-ին,  և այդ երկրներից յուրաքանչյուրը, ինչպես իրենց է թվում, խնդիր ունի տարածքային ամբողջականության հետ, ուստի նման դեպքերում միմյանց աջակցում են, թեև Արցախի վրա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կերպ չի տարածվում, այսինքն՝  դա թյուրընկալում է Ադրբեջանի կողմից, պատրանքներ, որ իրավունքներ ունեն Արցախի Հանրապետության նկատմամբ, և նրանց ագրեսիայի հերթական ակտը խոսում է այն մասին, որ նրանք դեռ այդ պատրանքներն ունեն և փորձում են իրենց ինքնիշխանությունը տարածել մեր տարածքում, ինչն անհնար է անել։

– Հաստատ կարելի է ասել, որ Արցախի համար մեկ գործընկերը Հայաստանն է, իսկ ո՞ւմ Դուք կանվանեիք գործընկեր համար  երկու։

– Համար  երկու  գործընկեր կարելի է անվանել ողջ միջազգային հանրությանը,  բացառությամբ Ադրբեջանի և այն ահաբեկիչների, որոնք եկել են Ադրբեջան Թուրքիայի աջակցությամբ Մերձավոր Արևելքի երկրներից,  և այն որոշումները, որոնք հնչեցվել են և ընդունվել են վերջին օրերին, խոսում է այն մասին, որ և ՄԱԿ-ի ԱԽ-ն,  ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարները՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, միջազգային այլ հեղինակավոր կառույցների ղեկավարները  բոլորը մեծ հաշվով աջակցում են մեր դիրքորոշմանը, որը կայանում է նրանում, որ այս հակամարտությունը  չունի ուժային կարգավորում, պետք է դադարեցնել կրակը և անցնել խաղաղ բանակցություններին։

– Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի Դուք դիմեք Ձեր գործընկեր երկրներին, միջազգային հանրությանը կամ այն երկրներին, որոնք ճանաչել են Արցախի անկախությունը։

– Նման անհրաժեշտություն, կարծում եմ, որ չի լինի՝ առաջին հերթին։  Երկրորդ հերթին՝ եթե նույնիսկ լինի, ապա դա տեխնիկապես անիրագործելի է։ Եթե Դուք նայեք քարտեզին, ինչպե՞ս եք Դուք դա պատկերացնում՝ այդ երկրների մասնակցությունը  մեր կողմից  այս հակամարտությունում։

– Հայաստանի միջոցով։

– Իսկ այնտեղ նրանք ինչպե՞ս են գնալու։

– Ինքնաթիռով։

– Այսինքն՝ խոսքն անձնակազմի մասին է։

– Տեխնիկայի։

– Իսկ տեխնիկան ինչպե՞ս տեղափոխել։

– Ռազմական տեխնիկան՝  ռազմական ինքնաթիռով։

– Այսինքն՝ մենք չունենք նման մտադրություններ, նույնիսկ միտք չկա այդ մասին, և  այս իմաստով, կարծում եմ, վստահ եմ, որ Արցախի Պաշտպանության բանակի ուժերը, ՀՀ ԶՈՒ-ն բավարար են, որպեսզի դադարեցնենք Ադրբեջանի ագրեսիան, ինչն էլ մենք անում ենք հաջողությամբ վերջին 5 օրերի ընթացքում, այսինքն՝ վերջին 5 օրերի փորձը, 2016 թվականի փորձը, 1992-1994 թթ. փորձը խոսում է այն մասին, որ բավարար ուժեղ ենք և կարող ենք պաշտպանվել  առանց արտաքին աջակցության։

– Ինչ եք կարծում՝ որքա՞ն կշարունակվի այս պատերազմը։

– Երբ Ադրբեջանն ու Թուրքիան կլսեն միջազգային հանրության ձայնը  և կհասկանան, որ չի կարելի լուծել քաղաքական հարցերը  ռազմական մեթոդներով։ Հենց դա տեղի ունենա, և պատերազմը կդադարի, և ճանապարհ կբացվի  խաղաղ երկխոսության համար։

Տեսանյութեր

Լրահոս