«Սա այն էր, ինչը պետք է սպասեինք, քանի որ հասկանում ենք Վրաստանի հարաբերությունների որակն Ադրբեջանի հետ և մեզ հետ». Վրացագետ
Սեպտեմբերի 27-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ Ադրբեջանի կողմից Արցախի սահմանի ողջ երկայնքով սկսած ռազմական ագրեսիայի վերաբերյալ, նշելով, որ պատրաստ է ցանկացած ձևով նպաստել տարածաշրջանում ապաէսկալացմանը և խաղաղության հաստատմանը:
«Մենք մտահոգությամբ ենք հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական էսկալացիային, որը, ըստ տարածված տեղեկությունների, արդեն հանգեցրել է զոհերի և ենթակառուցվածքի վնասման։ Հուսով ենք, որ կողմերի միջև ձեռք կբերվի կրակի դադարեցման, բանակցությունների ռեժիմին անցնելու պայմանավորվածություն և կհաջողվի խուսափել լայնածավալ ռազմական գործողություններից, որոնք խիստ բացասաբար կանդրադառնան ողջ տարածաշրջանի անվտանգության վրա»,- նշված էր հայտարարության մեջ։
168.am-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանն ասաց, որ արցախաադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Վրաստանի թե՛ նախագահի, թե՛ Արտգործնախարարության հայտարարությունները շատ հստակ են արվել։
«Այդ դիրքորոշումը չեզոք է, ավելի դրական կոնտեքստ ունեցող, նրանք իրենց մտահոգությունն են հայտնել իրավիճակի հետ կապված և դիմել են կողմերին, որպեսզի վերադառնան բանակցային սեղանի շուրջ, կարևորել են նաև տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը։ Կարծում եմ՝ սա ամենաճիշտ ու կարևոր էլեմենտներն են, այն էր, ինչը մենք այս պարագայում պետք է սպասեինք, քանի որ հասկանում ենք Վրաստանի հարաբերությունների որակը Ադրբեջանի հետ և մեզ հետ։ Այս պարագայում Վրաստանի չեզոք դիրքը բխում է նաև հենց իրենց ազգային շահերից»,- ասաց Ջոնի Մելիքյանը։
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Վրաստանը Հայաստանի օդային սահմանները փակելով՝ վատ քայլ է արել իր հարևանի հանդեպ, Ջոնի Մելիքյանն ասաց, որ պաշտոնական Երևանը որևէ պաշտոնական հայտարարություն չի արել այս հարցի շուրջ։ Հետևաբար՝ այս բարդ իրավիճակում, երբ Վրաստանը հանդես է գալիս չեզոք դիրքորոշմամբ, և հաշվի առնելով, որ Հայաստանի չորս սահմաններից երկուսն է բաց, նման քննարկումները, որոնք հակավրացական ալիք են բարձրացնում Վրաստանի հետ՝ կոռեկտ չեն, գուցե նաև միտված են հայ-վրացական հարաբերությունները վատացնելուն։
«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը պատերազմի մեջ է, մենք Արցախի անվտանգության երաշխավորն ենք, և Հայաստանը միշտ էլ եղել է այդ կոնֆլիկտի մասը։ Այս պարագայում մենք ունենք աննախադեպ պատերազմական իրավիճակ, որն իր մասշտաբներով 90-ականների պատերազմից չի տարբերվում, հետևաբար՝ բոլոր ճակատներով պետք է աշխատանք տարվի, և ավելի շատ պետք է աշխատենք մեր միջազգային գործընկերների հետ։ Այս պարագայում շատ վտանգավոր է չեղած տեղից որևէ խնդիր ստեղծել։ Թուրքիան և Ադրբեջանն աշխատանքներ են տանում Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները վատացնելու համար, նաև Հայաստանի այլ գործընկերների հետ։ Մենք զգույշ պետք է լինենք՝ թե՛ Վրաստանի, թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի մասով, պետք է աշխատենք, որպեսզի կարողանանք անխափան մեր գործը կատարենք»,- ընդգծեց վրացագետ Ջոնի Մելիքյանը։