Վրաստանը պատրաստ է ցանկացած ձևով նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը
Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած ձևով նպաստել տարածաշրջանում ապաէսկալացմանը և խաղաղության հաստատմանը: Այս մասին ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Մենք մտահոգությամբ ենք հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական էսկալացիային, որն, ըստ տարածված տեղեկությունների, արդեն հանգեցրել է զոհերի և ենթակառուցվածքի վնասման։ Հուսով ենք, որ կողմերի միջև ձեռք կբերվի կրակի դադարեցման, բանակցությունների ռեժիմի անցնելու պայմանավորվածություն և կհաջողվի խուսափել լայնածավալ ռազմական գործողություններից, որոնք խիստ բացասաբար կանդրադառնան ողջ տարածաշրջանի անվտանգության վրա»,- ասված է հայտարարության մեջ:
Գերատեսչությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, միջազգային դերակատարներին կոչ է անում բոլոր ջանքերը գործադրել լարվածությունը դադարեցնելու և կառուցողական երկխոսության վերսկսման ապահովման համար։
«Մեր կողմից մենք հայտարարում ենք, որ Վրաստանը պատրաստ է ցանկացած ձևով նպաստել տարածաշրջանում ապաէսկալացմանը և խաղաղության հաստատմանը»,- նշված է հայտարարությունում:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի տեղեկություններով՝ արցախա-ադրբեջանական սահմանին մարտական գոծողությունների ընթացքում տասը զինծառայող է զոհվել: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։